Հայկ Գեւորգյանը, որը «վրաերթի» հետ կապված հայտնի պատմությունից 20 օր հետո՝ այս տարվա փետրվարի 3-ին կալանավորվեց, երեկ վերջապես ստացավ իր կալանքի վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը։ Ինչպեսեւ սպասվում էր, որոշման մեջ սենսացիոն մանրամասներ կան։ Դատավոր Արշակ Վարդանյանի՝ հունվարի 23-ին կայացրած որոշումից տեղեկանում ենք, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել է դեռ 2011 թվականի մարտի 15-ին։ Պարզ է, չէ՞, «վրաերթը» տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 13-ին, իսկ դրան վերաբերող քրեական գործը հարուցված է եղել դրանից 10 ամիս առաջ։
Դատական նիստը, որում քննարկվել է Հայկ Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, տեղի է ունեցել դռնփակ, տեւել 118 րոպե, որի ընթացքում դատավոր Արշակ Վարդանյանը հասցրել է մանրամասն ուսումնասիրել 23 էջ փաստաթուղթ, այդ թվում նաեւ «տուժողի» ձեռագիր ու դժվարընթեռնելի ցուցմունքը, դատաբժշկական եզրակացության անընթեռնելի տեքստը։ Թե քանի րոպե է մտածել դատավորը ՀՀ քաղաքացուն կալանքի ենթարկելու մասին որոշումը կայացնելուց առաջ՝ կռահեք ինքներդ։
«Հայկական ժամանակ»