Իսկ Դեւիդ Հեյի որոնումներին ներգրավվելու է Սքոթլանդ Յարդը:
Դերեկ Չիսորայի նկատմամբ տարած միավորներով հաղթանակը չի գոհացրել Վիտալի Կլիչկոյին: Աշխարհի չեմպիոնը ցանկանում է սանձարձակ անգլիացուն պատժել լրիվ ծրագրով:
«Տրամաբանորեն ռեվանշ մրցամարտն ինձ բացարձակ հարկավոր չէ: Բայց ինքնասիրությունս պահանջում է, որպեսզի նա իր բոլոր արածների համար արժանի պատիժ ստանա: Ես նրան պետք է ռինգում նոկաուտի ենթարկեմ», – լրատվամիջոցներին ասել է Վիտալի Կլիչկոն:
Բայց մինչ ուկրաինացին մտածում է Չիսորայի հետ նոր մենամարտի մասին, Գերմանիայի ԶԼՄ-ները հայտնի ասուլիսում Չիսորա-Դեւիդ Հեյ ծեծկռտուքի հետ կապված հետաքրքիր տեղեկություններ են հրապարակում: Մասնավորապես, Գերմանիայի դատախազությունը շահագրգռված է, որպեսզի այդ երկու բռնցքամարտիկներն էլ դատապարտվեն ազատազրկման: Եվ եթե Չիսորային Մյունխենի օդանավակայանում յոթ ժամ հարցաքննելուց հետո պայմանականորեն ազատ են արձակել, ոստիկանությունն այդպես էլ չի գտել կռվի երկրորդ մասնակցին: Տեղեկություններ կան, որ Հեյն իր մարզչի հետ հասցրել է Գերմանիայից փախչել Անգլիա: Սակայն նրա տեղն առայժմ հայտնի չէ: Նրան հայտնաբերելու համար Գերմանիայի իրավապահները մտադիր են դիմել Սքոթլանդ Յարդին:
Գերմանական մամուլը նշում է նաեւվ, որ Հեյը ճողոպրելու եւ թաքնվելու ավելի հիմնավոր պատճառներ ուներ, քանի որ նրան նախ ավելի խիստ պատիժ է սպասվում քան Չիսորային, ապա՝ նա վախեցած է, որ Չիսորան ի կատար կածի իրեն տված սպանելու խոստումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ