Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.40-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 26-ամյա Վարդգես Ներսիսյանի վարած «ՎԱԶ 2108» մակնիշի 17 ՕԼ 521 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Արարատ ավտոճանապարհից դեպի Մասիս քաղաք մտնող Մասիսի հիվանդանոցի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 26-ամյա Գուրգեն Հակոբյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 986 ՏԼ 17 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի վայրում հավաքվածները պատմել են` «մեկ էլ էն տեսնենք, որ «ՎԱԶ 2108»-ը «պռոտիվ» մտավ ու հարվածեց «Ֆորդ»–ին, որից հետո «ՎԱԶ 2108»-ի վարորդը, մեքենան թողնելով վթարի վայրում, հեռացավ։ Վերադարձավ վթարի վայր 2 ժամ հետո, որից հետո տեղափոխվեց հիվանդանոց»։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Աշոտ Ալքամյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ։