Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կանաչապատում- 2012 ծրագրում ներառված է նաեւ Մաշտոցի պուրակը

Փետրվար 21,2012 19:12

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման և կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ:

«Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երևանի քաղաքապետի որդեգրած սկզբունքն է, և ընդգրկելու է բոլոր վարչական շրջանները: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Երևանը բոլոր համար դառնա հանգստի հաճելի գոտի» -նշել է բնապահպանության վարչության պետը:

Նախատեսված աշխատանքների շրջանակում Երևան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների և այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձևավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման  ցանց: Մշտադալար ու դեկորատիվ ծառերով և թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները:  ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող և կարմիր ավազ:

«Մենք շարունակելու ենք մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքները: Ընդամենը մեկ տարի անց կանաչապատ տարածքների տարբերությունն ակնհայտ կլինի»,-նշել է Ավետ Մարտիրոսյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում լուրջ աշխատանքներ կտարվեն բակերի բարեկարգման և կանաչապտման ուղղությամբ: Բնակիչների հանգստի կազմակերպման նպատակով բակային հատվածներում կտեղադրվեն զրուցարաններ ու նստարաներ:

Բնապահպանության վարչության պետը ներկայացրել է նաև «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից պուրակի և Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի անբարեկարգ և բարձիթողի վիճակը վերացնելու, ինչպես նաև կանաչ գոտու պահպանման և ընդլայման անհրաժեշտությունից ելնելով մշակված բարեկարգման համալիր ծրագիր` նախագծային փաստաթղթերով և մանրակերտային լուսանկարներով:

Ըստ նախագծի` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում  նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ  ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Տարածքի ծաղկապատման, ինչպես նաև կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաև տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաև գիշերային լուսավորության ապահովում:  Ծրագրի ավարտից հետո տարածքի հետագա բարեկարգումը կիրանացնեն ոչ միայն  համապատասխան ծառայությունները, այլև կանաչ գոտուն հարակից ոչ ընդհանուր օգտագործման տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող անհատներն ու կազմակերպությունները: Ընդգծենք, որ այս օրերին ժամանակավոր, թեթև կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին, ավելին`տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որևէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը:

Նշվել է նաև, որ նմանատիպ նախագծերով կիրականացվի Եռաբլուրի  և Փարոս անտառպուրակի բարեկրգման և կանաչապատման աշխատանքներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829