Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջև ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար:
Միաժամանակ, կարևորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է ներկայացնում էկոլոգիական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակական քննարկումների արդյունքում կարող է լրամշակվել և դրվել Կոնգրեսի ծրագրային քաղաքականության հիմքում:
Ստեղծված իրավիճակում էկոլոգիական հիմնախնդիրները առաջացրել են հրատապ և հիմնովին փոփոխությունների անհրաժեշտություն: Այսօր Հայաստանում շահագործվում են հանրային սեփականություն համարվող հարյուրավոր հանքավայրեր, որոնցից ստացվող գերշահույթները, սակայն, մտնում են իշխանության բուրգի գագաթին կանգնած մի քանի ավազակապետերի գրպանը: Ունենալով խոպանչու հոգեբանություն` վարչախումբը ուղղակիորեն հարձակվել է հանրությանը պատկանող բոլոր բնական պաշարների վրա` հաջորդ սերունդներին թողնելով միայն աղտոտված, ապրելու համար ոչ պիտանի շրջակա միջավայր: Հանքավայրերին հարակից տարածքներում բնակչության օրգանիզմը թունավորված է ծանր մետաղներով ինչի հետևանքով մարդիկ կորցնում են իրենց առողջությունը` դրա դիմաց չստանալով արդարացի փոխհատուցում: Անոմալ ծնունդները դարձել են սովորական երևույթ, վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը:
Երկրի տնտեսությանը պատճառվող վնասի չափով հատկապես անթույլատրելի է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Հանքավայրի շահագործման հետևանքով ամբողջովին ոչնչացվելու է Թեղուտի անկրկնելի էկոհամակարգը` պետության տնտեսական հաշվեկշռից հանելով զարգացման հսկայական պոտենցիալ ունեցող մի ամբողջ տարածաշրջան: Սոցիալական խնդիրների լուծման պատրվակով` բացահայտ թալանի է ենթարկվելու սերունդներին պատկանող հարստությունը` բնությանը պատճառելով անհամաչափ վնաս: Տեղի բնակչության սոցիալական խնդիրները կարող են լուծվել տարածքի բնառեսուրսներին համարժեք տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ` առանց շրջակա միջավայրին անհամաչափ վնաս պատճառելու:
Կարդացեք նաև
Նույնչափ անթույլատրելի են նաև Ամուլսարի, Հրազդանի և այլ տարածքների ու հանքավայրերի այդօրինակ շահագործումը:
Հասարակության կարիքներին անհաղորդ իշխանությունները իրենց հատուկ գավառականությամբ շարունակում են քաղաքային այգիների և պուրակների «սրճարանացումը», հանրային կանաչ գոտիների հաշվին անճաշակ շինությունների կառուցումը, ինչի հետևանքով անճանաչելիորեն աղավաղվել է Երևանի ճարտարապետական տեսքը: Օրենսդրական անհեթեթ փոփոխություններ կատարելու, գործադիր իշխանության մարմինների կողմից անօրինական որոշումներ ընդունելու միջոցով ամեն կերպ «օրինականացվում» է հանրայի կանաչ տարածքները մասնավոր բիզնես պրոյեկտի վերածելու գործելաոճը:
Հայ ազգային կոնգրեսը ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է միայն համակարգային փոփոխությունների միջոցով: Գործող վարչախումբը շահագրգռված չէ արժանապատիվ ու բարեկեցիկ հասարակություն ձևավորման հարցում: Հակառակը, նրանց պետք է ունենալ նվաստացված, ճորտացված, աղքատ բնակչություն, որը կարող է մտածել միայն արվա հացը վաստակելու համար և իրենց համար «ավելորդ» խնդիրներ չի ստեղծի նաև բնապահպանական հարցերում, չի պայքարի անտառների կամ պուրակների ոչնչացման, շրջակա միջավայրի ավերման դեմ: Ուստի, հանցավոր ռեժիմից օր առաջ ձերբազատվելը նաև Հայաստանի բնության և էկոլոգիական առողջացման միակ հնարավորությունն է:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ