Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խնամել փոքրիկներին. խորհուրդ է տալիս մանկաբարձը

Փետրվար 21,2012 17:33

Շատերը մտածում են, որ ամենադժվար շրջանը հղիության ինը ամիսներն են, ու կարծում են` եթե երեխան առողջ է ծնվել, որևէ վտանգ այլևս չի կարող լինել: «Իրականում հենց երեխայի ծնվելուց հետո է պետք առավել մտածել փոքրիկի ճիշտ խնամքի մասին, պետք է շատ ուշադիր լինել նրա նկատմամբ ամեն վայրկյան, որպեսզի փոքրիկն ունենա անհոգ ու ամենակարևորը առողջ մանկություն»,-նշում է մանկաբարձուհի Նարինե Մանուկյանը: Վերջինիս հետ զրուցեցինք առաջնային այն խնդիրների մասին, որոնց ծնողները ամեն քայլափողի բախվում են մինչև 2 տարեկան իրենց փոքրիկներին ճիշտ խնամելու ու բոլոր իրավիճակներից ելք գտնելու համար:

Նոր մայր դարձած կանանց հատկապես անհանգստացնում է փոքրիկների հաճախակի հիվանդանալը, և շատ ժամանակ նրանք չեն հասկանում` ինչո՞վ է այն պայմանավորված:

«Մայրերը հատկապես պետք է ուշադիր լինեն փոքրիկի տակաշորերը և հագուստը փոխելիս, եթե երեխան անգամ մի փոքր էլ քրտնած է, առաջինը պետք է փոխել խոնավ հագուստը և նույնպես արագ հագցնել նորը, որպեսզի այդ ընթացքում փոքրիկը հանկարծ չմրսի»,-բացատրում է մանկաբարձուհին: Նրա խոսքով` այն սենյակը, որտեղ փոխում են փոքրիկի հագուստը, պետք է լինի տաք ու առանց միջանցիկ քամիների:  Մայրիկները, սովորաբար, չափազանց շատ են փաթաթում փոքրիկներին կամ մի քանի հագուստ միանգամից են հագցնում` մտածելով, որ այդպես երեխան քիչ կհիվանդանա, սակայն մանկաբույժը վստահեցնում է, որ տաք հագուստը չափազաց վտանգավոր է: «Եթե երեխան միշտ տաք է հագնված, նրա մարմինը կորցնում է ջերմաստիճանի փոփոխություններին հարմարվելու ընդունակությունը: Այդպես փոքրիկը շատ ավելի շուտ ու հաճախակի կհիվանդանա»: Մանկաբարձուհու խոսքով` դեմքի գույնն ամենաճիշտ միջոցն է իմանալու համար փոքրիկը մրսում է, թե` ոչ. երբ երեխան մրսում է, նրա այտերը գունատվում են: Ծնողները չպետք է վախենան, երբ փոքրիկի մատները սառն են լինում, ավելի լավ է շոշափեն պարանոցը, ձեռքերը և ոտքերը:

Շատ կարևոր է երեխայի մաշկի խնամքը ու, ինչպես նշում է Ն. Մանուկյանը, տակաշորերը հանելուց հետո նախ պետք է փոքրիկի մաշկը մաքրել տաք խոնավ շորով կամ ձիթապտղի յուղի մեջ թաթախված բամբակե կտորով, կամ էլ կարելի է պարզապես գոլ ջրով լվացում անել փոքրիկին: Մանկաբույժը խորհուրդ է տալիս մայրերին լվացումից հետո կամ մաշկին փոշի ցանել, կամ սրբել մանկական լոսյոնով, կամ բարակ էլ շերտով պաշտպանիչ քսուկ օգտագործել. սրանք հանգստացնում են մաշկի գրգռվածությունը:

Փոքրիկին լողացնելիս ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես այնքան, որքան

նրա մարմնի ջերմաստիճանն է (35-37°С:): «Լողացնելուց կամ լվացումներ անելուց հետո նախընտրելի է փոքրիկին չորացնել փափուկ սրբիչով, չշփել նրա մաշկը, այլ ուղղակի սրբիչը թեթևակի հպել, որ այն ջուրը ներծծի»,- նշում է մանկաբարձուհին:

Ընդհանրապես մայրիկների մոտ կա սովորություն փոքրիկներին լողացնել առավոտյան կերակրումից առաջ, սակայն, ինչպես նշում է մանկաբույժը, կարելի է լողացնել ցանկացած կերակրումից առաջ: Նրա մեկնաբանմամբ` սխալ է լողացնել կերակրելուց հետո, որովհետև ուտելուց հետո երեխան սովորաբար քնում է:

Հաճախ փոքրիկները դժվարությամբ ու տհաճությամբ են քնում, անընդհատ ուզում են արթուն մնալ, շրջապատված լինել մարդկանցով, խաղալ նրանց հետ: Մանկաբույժը խորհուրդ է տալիս քնելուց առաջ փոքրիկին հեռու պահել ուժեղ աղմուկից ու զվարճություններից: «Երեխային պետք է քնեցնել տնային սովորական ցածր աղմուկի տակ, որպեսզի հետագայում էլ նա քնելու համար բացարձակ լռության կարիք չզգա. քնելուց առաջ երեխային շատ է դուր գալիս, երբ իրեն օրորում են կամ օրորոցային երգում»:

Փոքրիկի համար շատ կարևոր են զբոսանքն ու մաքուր օդը: Ինչպես նշում է բժիշկը` յուրաքանչյուր երեխայի համար օգտակար է օրական 2-3 ժամ մաքուր օդում լինելը: «Երեխայի օրգանիզմը պետք է սովորի և՛ ցրտին, և՛ տաքին: Զով ու սառը օդը ախորժակ է բացում, իսկ միշտ տաք միջավայրում գտնվող երեխան գունատ է լինում և զուրկ ուտելու ցանկությունից»: Որքան էլ օգտակար է փոքրիկին արևի տակ թողնելը, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ երկար ժամանակ մնալով դրսում` երեխան կարող է այրվածքներ ստանալ, ուստի բժիշկը խորհուրդ չի տալիս փոքրիկին 20 րոպեից ավելի երկար պահել արևի տակ. պետք է հետևել, որ փոքրիկն արևի տակ շատ չտաքա ու պետք է անպայման ծածկել գլուխը:

Փոքրիկների առաջին ատամների երևալը մեծ տոն է դառնում ծնողների համար: Որպես կանոն` առաջին ատամները հայտվում են 6 ամսականում: Կան ծնողներ, որոնք անհանգստանում են, երբ իրենց փոքրիկի ատամները ուշ են հայտնվում, կարծում են, որ երեխան մտավոր կամ ֆիզիկական զարգացմամբ հետ է մնում իր հասակակիցներից, սակայն, բժշկի հավաստմամբ նման անհանգստության կարիք ընդհանրապես չկա: «Մի ընտանիքի համարյա բոլոր երեխաների ատամները շուտ են դուրս գալիս, մի ընտանիքում` ավելի ուշ. ատամները հանելու ժամանակը հիմնականում որոշվում է ժառանգականությամբ»: Բժշկի խոսքով` տարբեր երեխաների ատամների աճը ևս տարբեր ձևով է ընթանում. որոշ երեխաներ ամեն մի ատամի դուրս գալուց դեռ 3-4 ամիս առաջ սկսում են  «տզտզալ», կամակորություն անել, ծամել ինչ պատահի, իսկ շատ փոքրիկների մոտ ատամները ծլում են անցավ ու առանց «նախազգուշացման»:

Բոլոր փոքրիկներն էլ  իրենց մատները կամ ձեռքին եղած ցանկացած իր միանգամից մոտեցնում են բերանին: Բժիշկը խորհուրդ է տալիս երեխայի ձեռքը տալ այնպիսի իրեր, որոնք սուր ծայրեր ու անկյուննր չունեն: «Շատ հարմար են ռետինե օղակները կամ հատուկ մանկական  խաղալիքները: Պետք է զգույշ լինել, որ փոքրիկը հանկարծ չկրծի կահույքի կամ այլ իրերի վրայի ներկը»,- նշում է բժիշկը` ավելացնելով, որ պետք է թույլ տալ փոքրիկին ծամել այն ամենը, ինչ ուզում է` իհարկե հեռու պահելով վտանգավոր իրերից:

Մայրերը սովորաբար դժվարությամբ են իրենց փոքրիկներին վարժեցնում գիշերանոթին: Բժիշկը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել փոքրիկին, թե երբ է նա ուզում կատարել այդ պահանջը, և բարեկամաբար խրախուսել նրան օգտվել գիշերանոթից: «Երբ երեխան կտրականապես հրաժարվում է, իսկ մայրը շարունակում է ավելի հաճախակի նստեցել գիշերանոթին, այդպես ավելի է ուժեղացնում փոքրիկի կամակորությունն ու համառությունը»: Պատահում Է նաև հակառակը, երբ երեխան այնքան է ընտելանում գիշերանոթին, որ չի կարողանում ուրիշ տեղ հոգալ իր կարիքները: «Նման դեպքերում մեր սիրելի մայրերին խորհուրդ  կտամ փոքրիկների հետ ճանապարհորդելու ժամանակ հետները վերցնեն փոքրիկի գիշերանոթը, որպեսզի «նեղ դրության» մեջ չընկնեն»,- ասում է բժիշկը:

Փոքրիկներն իսկապես անկանխատեսելի են. մեկ կարող են ժպտալ ու ծիծաղել, մեկ էլ միանգամից բարձր ձայնով արտասվել: Եթե փոքրիկը չի լացում սոված լինելու կամ քնի ու ցավի պատճառով, ապա հոգեբան Անուշ Նիկոլյանը խորհուրդ է տալիս երեխայի լացի ժամանակ նրան ջերմ գրկել ու առավել հոգատար լինել նրա նկատմամբ: «Փոքրիկը պետք է զգա մայրիկի սերը, պետք է իրեն պաշտպանված ու ապահով զգա. դա օժանդակում է նաև մոր ու բալիկի միջև խորը ու սերտ հարազատական կապի ձևավորմանն ու ամրապնդմանը»:

Ռուզան  Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829