ՄԱԿ-ն արդեն 12 տարի է, որ նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ առիթով այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել էր քննարկում: Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոնեցկոյի՝ «Հայերենը, ենթարկվելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների փոփոխությանը, դրանցից վերցնում է նոր բառեր ու արտահայտություններ, ինչն ազդում է լեզվի վրա»:
Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանն էլ տեղեկացրեց, որ Մայրենի լեզվի միջազգային օրը պետականորեն նշում ենք 2005 թվականից:
«Ազգի ինքնության ամենակարեւոր տարրը լեզուն է,- փաստում է տիկին Մարինեն ու ավելացնում,- արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ հանրակրթարաններում, նախակրթարաններում, ԲՈւՀ-երում, հեռուստառադիոընկերություններում, գրադարաններում մեկնարկել են մայրենիի տոնին նվիրված միջոցառումները»:
Մարդկանց կողմից լեզվի հանդեպ անտարբերությունը, նրա խոսքով, նման է դավաճանության:
Հանրային հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Լեւոն Գալստյանի համար մայրենիի միջազգային օրն իսկապես տոն է: Ասաց, որ լեզվի մասին շատ է խոսվում, բայց ի՞նչն է դրանից փոխվում՝ ինքն էլ չգիտի: Համոզված է միայն, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը, հեռուստասերիալները հաճախ իրենց մեջ գռեհկաբանություն են պարունակում: «Մենք բացառել ու բացառելու ենք ֆիլմերի գռեհկաբանությունը»,– հայտարարեց պարոն Գալստյանը:
Ըստ նրա, լեզվի մաքրության պահպանումը կախված է երիտասարդներից, իսկ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ կարծում է, որ դա կախված է ԶԼՄ-ներից:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ