Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ն չի ասել, թե ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին

Փետրվար 21,2012 16:56

Այսօր թերթերից մեկի տարածած տեղեկատվության համաձայն, «Երկրապահ կամավորականների միության» արդեն նախկին անդամները տեղեկացրել են, թե օրերս միության մոտ հինգ տասնյակից ավելի անդամներ, դիմում են գրել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ու կասեցրել իրենց անդամակցությունն «այդպիսի կամակատար կազմակերպությանը»: Ազատամարտիկներն, ըստ հրապարակման, իրենց այդ որոշումը ձեւակերպել են «ներքին տարաձայնություններ» պատճառաբանությամբ, եւ չեն մասնակցել ԵԿՄ-ի անցած շաբաթ օրը տեղի ունեցած 9-րդ համագումարին: Ներքին տարաձայնությունների պատճառն այն է, որ «Երկրապահը», գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարության համաձայն, պիտի առաջիկա խորհրդարանական ընտրություններում պաշտպանի ՀՀԿ-ի, իսկ դրան հաջորդող ՀՀ նախագահական ընտրություններում` Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը հերքեց այս տեղեկությունը. «Նման բան չկա, ոչ մեկը ԵԿՄ-ից դուրս չի եկել, նման դիմում չի ներկայացրել, հայտարարություն չի արել եւ չի բոյկոտել համագումարը: Համագումարին մասնակցելու համար ընտրվել էր 2045 պատվիրակ, որոնցից ներկա է եղել 2041-ը: Բայց այնպես չէ, որ որեւէ մեկը բոյկոտել է համագումարը, հնարավոր է, որ նրանք հեռավոր մարզերից են եղել ու տեխնիկական պատճառով չեն եկել»: Նա նաեւ նկատեց, որ եթե նման բան լիներ, ապա առնվազն դուրս եկածների անուն-ազգանուններ պետք է լինեին, բայց չկան: «Հնարավո՞ր է, որ մարդիկ ԵԿՄ-ից դուրս գային` մնալով անանուն: Ոչ: Նման բան իսկապես չի եղել»,- հավաստիացրեց գեներալ Մանվելի խորհրդականը:

Անդրադառնալով համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԵԿՄ վարչության նախագահի արած հայտարարությանը, որի հետ արդեն իսկ իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԿՄ հատկապես ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները` ասելով, թե իրենք չեն պատրաստվում սատարել Սերժ Սարգսյանին, ապա Վարդան Վարդանյանի մատուցմամբ` այդ հայտարարությունը «մի քիչ շատ է ճոխացվում». «Այո, հայտարարվել է, որ սատարում են իրենց մարտական ընկերոջը, բայց չի ասվել, որ ընտրություններում են սատարելու, ՀՀԿ-ի մասին ընդհանրապես խոսք չի եղել: Ի վերջո, ԵԿՄ-ն իր համագումարում այդ հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել: Եթե ՀՀԿ-ի օգտին արված հայտարարություն լիներ, կարո՞ղ էր դրան «կողմ» քվեարկել, օրինակ, Արթուր Աղաբեկյանը, որը համագումարում ե’ւ վարչության անդամ է վերընտրվել, ե’ւ հայտարարությանն է «կողմ» քվեարկել»:

Վարդան Վարդանյանն ասաց, թե այդ հայտարարության մասին կարծիք են հայտնել այն երկրապահները, որոնք համագումարին անձամբ ներկա չեն եղել եւ դրա մասին միջնորդավորված են տեղեկացվել, եւ ճիշտ տեղեկություն չեն ստացել: Իրականությունը, մեր զրուցակցի մատուցմամբ, այն է, որ ԵԿՄ համագումարում ընդունված հայտարարության մեջ խոսք է եղել սահմանների պաշտպանության, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության, ազատամարտիկների սոցիալական խնդիրներին իրավական աջակցություն ցուցաբերելու եւ մի պարբերություն էլ` ԶՈՒ գերագույն հրամանատար, ՀՀ նախագահի նախաձեռնություններին սատար կանգնելու մասին. «Սրա հիմնական, ողջ իմաստը եղել է արտաքին մարտահրավերներին դիմակայելը եւ ոչ թե առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին կամ նույնիսկ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ոչ մի նման տող այնտեղ չեք գտնի ո’չ ընդունված հայտարարության տեքստում, ոչ Մանվել Գրիգորյանի ելույթում: Առավել եւս, այդ հայտարարությունը պայմանավորված չէ ընտրություններով, ուղղակի համագումարի ժամկետն է համընկել նախընտրական շրջանի հետ, որովհետեւ նախորդ համագումարը տեղի էր ունեցել 2010-ի փետրվարին եւ հիմա պարտավոր էինք համագումարն անել երկու տարի անց` այս տարվա փետրվարին»:

Հիշեցնենք, որ ԵԿՄ 9-րդ համագումարում այդ կառույցի նախագահ Մանվել Գրիգորյանը դիմելով համագումարին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայտարարել էր. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում եւ վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829