Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու, Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ որքան էլ ԵԿՄ-ականները հարգեն իրենց ղեկավարին` գեներալ Մանվել Գրիգորյանին, միևնույն է, այնտեղ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական դիրքորոշումն ու մոտեցումները, այնպես որ, գեներալի` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարությունը չի կարող որոշիչ լինել քաղաքական գործընթացներում: «Համագումարը չի արտահայտում Հայաստանի Հանրապետության բոլոր ազատամարտիկների դիրքորոշումը, և ես կարծում եմ, որ գեներալի հայտարարությունը չի կարող էական նշանակություն ունենալ քաղաքական գործընթացներում: Շատ ու շատ երկրապահներ հարում են այս կամ այն քաղաքական ուժին: Կոնկրետ եթե վերցնեմ իմ օրինակով, ինչքան էլ հարգեմ գեներալի խոսքը, միևնույն է՝ ես մնում եմ իմ համոզմունքներին»,- ասաց պարոն Զաքարյանը:
Իսկ մի՞թե գեներալի խոսքն օրենք չէ շարքային ԵԿՄ-ականների համար, նա չի՞ կարող իր հեղինակությամբ գոնե այդ հարցում միավորել բոլորին. մեր այս հարցադրումներին գնդապետ Զաքարյանը պատասխանեց. «Այստեղ խնդիրը դիմացինի հեղինակության կամ նրա խոսքի կշռի մասին չէ, այլ խնդիրը մարդկանց համոզմունքներում է: ԵԿՄ–ի շարքերում ես ճանաչում եմ մի շարք հրամանատարների, որոնք ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն»:
Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքը չի մասնակցել ԵԿՄ 9-րդ համագումարին, քանի որ ոչ պատվիրակի կարգավիճակ է ունեցել, ոչ էլ` հյուրի: Նա նաև պարզաբանեց, որ մասնակցության համար պարտադիր է պատվիրակի կարգավիճակ ունենալը, իսկ պատվիրակներին ընտրում են տեղական կառույցների ժողովների ժամանակ, այլապես հնարավոր է մասնակցել հյուրի կարգավիճակով, ինչպես որ Սերժ Սարգսյանն էր մասնակցել: Աշոտ Զաքարյանի փաստելով, ընդդիմադիր հայացքներ ունեցող և ոչ մի ԵԿՄ-ական Շիրակի մարզից չի մասնակցել համագումարին:
Կարդացեք նաև
«Ես ԵԿՄ համագումարի մասին լսել եմ մամուլից, թեև ասեմ, որ այնքան էլ կարևորություն չեմ տալիս, քանի որ ես հիմա շատ ավելի կարևոր գործերով եմ զբաղված, քան համագումարի գնալն է», -ասաց ԵԿՄ նախկին պատասխանատուն: Իսկ հարցին, թե ի՞նչ կարևոր գործի մասին է խոսքը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Հայաստանում ժամ առաջ լեգիտիմ իշխանություն ձևավորելը, այս երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, քան համագումարների գնալն է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ