Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն ԲՀԿ-ի դեմ ոչինչ չունի

Փետրվար 21,2012 15:52

Անցյալ տարվա մայիսից Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) լայնածավալ ուսումնասիրություն է սկսել առողջապահական բուժհիմնարկներում եւ դեղերի առուվաճառքով զբաղվող ընկերություններում, որի արդյունքները ներկայացվեցին այսօր հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի տվյալներով, մասնավորապես ուսումնասիրվել են պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների եւ դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը՝ տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 134 բուժհաստատություններից 109-ի մոտ կա մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Ընդ որում՝ 66 բուժհաստատություններ ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարում, իսկ 43-ը դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն որոշեցին վարչական վարույթ հարուցել խախտում իրականացրած տնտեսվարողների նկատմամբ: Քանի որ առողջապահության ոլորտի պատասխանատուի պորտֆելը պատկանում է ԲՀԿ-ին, Aravot.am-ը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախընտրական այս շրջանում առողջապահական ոլորտում սկսած ուսումնասիրությունը քաղաքական շահարկումների տեղիք չի՞ տա:

Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Շաբոյանն ասաց. «Շահարկեն- չշահարկեն՝ անկեղծ ասած դա չի անհանգստացնում, որովհետեւ, մենք մեր աշխատանքն ենք իրականացնում եւ եթե շահարկելուն նայենք, ահագին գործեր պետք է չիրականացնենք: Վարույթների իրականացումը քաղաքական գործընթացների հետ ընդհանրապես կապ չունի: Վարույթում ներգրավված են նաեւ մասնավոր ընկերություններ եւ հավասարապես պատասխանատվություն են կրելու նաեւ այդ տնտեսվարող սուբյեկտները: Իսկ ինչու առողջապահությունը, որովհետեւ դեղորայքը սոցիալական նշանակության էր, բնակչության, երկրի համար կարեւոր նշանակություն ուներ, այդ պատճառով սկսեցինք դեղորայքից»:

Նիստի ժամանակ պարոն Շաբոյանը ներկայացրեց, որ դիմում- բողոքների հիման վրա են սկսել ուսումնասիրությունն այս ոլորտում: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են եղել դիմումների հեղինակները: Ըստ հանձնաժողովի նախագահի, ամեն ինչ սկսվել է դեղերի ներմուծմամբ զբաղվող «Սզնի» ընկերության բողոքից, որը հանձնաժողովին դժգոհել է, որ գնումների ոլորտում մրցակցային խախտումներ են տեղի ունենում: «Մենք սկսեցինք ուսումնասիրել եւ պարզեցինք, որ դա համատարած բնույթ է կրում եւ որոշեցինք դաշտն ամբողջությամբ ուսումնասիրել»,-ասաց պարոն Շաբոյանը:

Նշենք, որ այսօր վարույթներ հարուցվեցին դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների՝ Նատալի ֆարմ, Վիոլա,, Ամիկուս, Եվրոֆարմ, Դելտա, Մեդտեխսերվիս, Անիկոֆարմ, Ռուսֆարմ, Գրիմոս Գրուպ, Շախ ԷՄ Գրուպ, Դիանա ֆարմ, Ա/Ձ Հ. Գեւորգյան, Կամելիա, Էգդանի, Մեգի Էլ եւ 12 բուժհաստատություների՝ Նոր Արաբկիր առողջության կենտրոն, ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, Ալավերդու բժշկական կենտրոն, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն, Սեւանի հիվանդանոց, Հրազդանի բժշկական կենտրոն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Կապանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 1 եւ թիվ 20 պոլիկլինիկաների նկատմամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829