Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդի բարդույթ

Փետրվար 21,2012 15:39

Վերջին օրերին «Ֆեյսբուքից» սկսվեց մի քննարկում, կապված օտար բառերի թարգմանության անհրաժեշտության հետ։ Նոր բան չէ։ Այն ընթանում է գրեթե անընդմեջ՝ ժամանակ առ ժամանակ աշխուժանալով։ Եւ եթե այն ներկայանար սոսկ որպես գիտական խնդիր, ոչ մի արտառոց բան դրանում չէր լինի։ Սակայն, որպես կանոն քննարկումներն այդ խնդրի շուրջ ընթանում են մի տեսակ ծաղրական մթնոլորտում։ Դրան սովորաբար նախորդում է մի որեւէ փոխառյալ բառի թարգմանության առաջարկ, իբր առաջարկված լեզվաբանների կողմից, որը հարուցում է համազգային ծիծաղ։ Ասում եմ իբր, քանի որ միայն միամիտը կարող է հավատալ, թե որեւէ մասնագետ առողջ բանականությամբ կարող է լրջորեն առաջարկել նման թարգմանություն։ Երկուսից մեկը․ կա՛մ նման «թարգմանություններին» հավատացողները իրոք միամիտ են, կամ այդ լեզվական ծամածռությունները սոսկ առիթ են հռհռալու համար։

Ինչ վերաբերում է ներկայիս ալիքին, ապա «Ֆեյսբուքից» այն անցավ մամուլ, անցավ հեռուստաեթեր (մի այդպիսի դրվագ ընդգրկվեց «Բանակում» հեռուստաշարի անցած շաբաթվա թողարկումներում)  եւ ահա «Էջ» էլեկտրոնային ամսագրում տեսնում ենք Անուշ Մկրտչյանի «Չծաղրենք էլի մեր լեզուն» հոդվածը, որում նա իր «ուրախությունն» է արտահայտում օտար բառերի հայերեն թարգմանությունների կապացությամբ։ «Էջ»-ի հետ կապվել չհաջողվեց, քանի որ որպես հետադարձ կապի միակ միջոց նշված էր [email protected] հասցեն, որով ուղղված իմ երկու նամակներն անպատասխան մնացին, ուստի եւ օգտվում եմ «Առավոտի» ընձեռած հնարավորությունից։

Հենց առաջին բառից հոդվածագիրը դրսեւորում է «ուրախացողներին» բնորոշ մի մոլորություն, կիրառելով «միջազգային բառեր» արտահայտությունը։ Ո՞վ կարող է բացատրել, թե որոնք են այդ «միջազգային» բառերը։ «Միջազգային» բառի կազմությունը տպավորություն է ստեղծում, թե այդպես հորջորջվող բառերն իբր գործածում են աշխարհի բոլոր լեզուներում, եւ միայն մենք, հայերս ենք համառորեն հրաժարվում գործածել դրանք (եւ քիչ հետո հեղինակը հաստատում է այդ սահմանումը․ «․․․ինչո՞ւ ամբողջ աշխարհը պետք է․․․»)։ Մինչդեռ խնդրին ծանոթ ցանկացած մասնագետի հայտնի է, որ տվյալ բառը որքան էլ շատ փոխառված լինի տարբեր լեզուներում, միեւնույնն է շատ ու շատ լեզուներ կորող են ունենալ տվյալ հասկացության սեփական անվանումները, ինչի օրինակները ստորեւ կբերվեն։ Կան այսպես կոչվող փակ լեզուներ, օրինակ՝ իսլանդերենը, ֆիններենը, հունարենը, չեխերենը որոնցում փոխառությունները դժվարությամբ են տեղ գտնում․ այս խմբին է հարում նաեւ մեր լեզուն։ Կան բաց լեզուներ, որոնք հեշտությամբ են փոխառություններ կատարում, օրինակ՝ անգլերենը, շվեդերենը, բուլղարերենը, ուզբեկերենը, բայց նույնիսկ սրանցում՝ ոչ միշտ։ Այնպես որ բացարձակ «միջազգային» բառեր առհասարակ գոյություն չունեն։

Բաց լեզուների շարքում է նաեւ ռուսերենը, որի ազդեցության ոլորտում վերջին 200 տարիների ընթացքում պարփակված լինելը էական ազդեցություն է թողել արեւելահայ լեզվի վրա։ Ռուսերենից եւ ռուսերենի միջոցով փոխառվել են բառեր, քերականական կառուցվածքներ, պատճենվել են արտահայտություններ եւ այլն։ Դա ո՛չ վատ բան է, ո՛չ լավ․ փաստ է պարզապես․ բացարձակապես մեկուսացած լեզուներ լինել չեն կարող եւ չկան։ Բայց տեղի է ունեցել եւս մի տարօրինակ եւ արդեն, կարելի է ասել, մտահոգիչ բան․ եթե ռուսաց լեզուն փոխառել է որեւէ օտար բառ, հայի համար դա դիտվել է որպես չափանիշ ու միակ ընդունելի տարբերակ, եւ ստեղծվել է տպավորություն, թե ամբողջ աշխարհում էլ այդպես են անում։ Դա ուներ նաեւ քաղաքական պատճառներ։ Մի կողմից՝ պետք էր հետեւել «մեծ եղբորը» (ու փորձեիր չհետեւել․ միանգամից կարող էիր հնարավորություն ստանալ գործնականում ծանոթանալու ռուսաց լեզվի հեռավորարեւելյան խոսվածքներին), իսկ մյուս կողմից՝ «երկաթե վարագույրը» հնարավորություն չէր տալիս իմանալու, թե այդ խնդիրը ինչպես է լուծվում այլ երկրներում։ Արդյունքում շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ռուսաց լեզվի կողմից փոխառված բառերը «միջազգային» են։ Այսինքն, որ ռուսները փոխառել են, քանի որ բոլորն են փոխառել։ Դեե՜, որ նույնիսկ ռուսնեե՜րն են փոխառել․․․ պարզապես ծիծաղելի է, եթե մենք չփոխառենք։ Մենք ո՞վ ենք որ վեր-վեր թռչենք, ինքնուրույնություն խաղանք․․․

Բայց արի ու տես, որ նույնիսկ խորհրդային տասնամյակների ընթացքում հայոց լեզուն չկորցրեց իր փակ լինելու հատկությունը։ Ու թեկուզ եւ զգուշորեն, բայց նոր բառեր ստեղծվում էին․ հեռուստացույց, սառնարան, հեռախոս․․․ դե․․․ գիտենք։ Բայց ամեն մի նոր բառ ստիպված էր հաղթահարելու ոչ միայն մասնագիտական անաչառ քննադատության պատնեշը, ինչը բնական էր եւ անհրաժեշտ (ի վերջո․ հեռուստացո՞ւյց, թե՞ հեռացույց, կամ գուցե՝ հեռատեսի՞լ․․․), այլեւ «ուրախացողների» արգելքը, որը շատ ավելի զորեղ է։ Բանն այն է, որ ցանկացած նոր բառ սկզբում անծանոթ է շատերին, եւ վտանգ կա, որ զրուցակցիդ կարող է անհայտ լինել։ Եթե «ուրախացողներ» չկան, գործը հեշտանում է․ զրուցակիցը պարզապես կհարցնի, թե ինչ է նշանակում իրեն անծանոթ բառը, եւ հետո կա՛մ ինքն էլ կգործածի, կա՛մ՝ ոչ։ Եւ վերջ։ Բայց եթե վախ կա, որ զրուցակիցդ ոչ միայն պարզապես անհաջող կհամարի նոր բառը, այլեւ քեզ կծաղրի, ապա շատերը չեն ցանկանա կիրառել նոր բառը․ եթե նույնիսկ այն իրենց հայտնի է եւ ընդունելի է թվում։ Իհարկե, այդ բառը, միեւնույնն է, կտարածվի, բայց չափազանց դանդաղ եւ միայն շնորհիվ այն նվիրյալների, ովքեր չեն վախենում ծաղրից։

Բայց դա էլ դեռ քիչ է։ Կատակասեր-ուրախացողները դրանով չեն բավարարվում։ Նրանք հորինում են հայտնապես անգործածելի զավեշտական բառեր՝ ներկայացնելով դրանք որպես որեւէ օտար բառի թարգմանություն՝ իբր ստեղծված հայ լեզվաբանների կողմից։ Սա արդեն դժվար է սոսկ կատակ համարել, քանի որ պարունակում է կեղծիքի ու զրպարտության երանգներ եւ շատ վատ է անդրադառնում հայոց լեզվի վրա՝ վարկաբեկելով թե՛ լեզուն եւ թե՛ այն մշակողներին։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել, որ կան բաներ՝ հայր, մայր, Հայրենիք, մայրենի․․․, որոնք ծաղրելը պարզապես հակաբարոյական է։ Իհարկե, կասեն, որ հեգնում են ոչ թե լեզուն, այլ անհաջող բառերը եւ դրանց հեղինակներին։ Դե պարզ է, որ այդպես պիտի ասեն։ Կառավարությունն էլ ասում է, որ օտարալեզու դպրոցները բացվում են հայոց լեզվի զարգացումը խթանելու նպատակով։ Հո չե՞նք հավատում…

Իսկ այժմ տող առ տող անդրադառնանք «Էջ»-ի հոդվածին։

Միջազգային բառերի հայաֆիկացման մասին ուզում էի գրել մինչև սեքս բառի սիրողական  թարգմանության «Ֆեյսբուքում» հայտնվելը: Ավելին ասեմ` մինչ այդ էլ այս բառի մեկ այլ թարգմանության տարբերակ էի լսել` սեռք, բայց անկեղծ ասած, էլի լուրջ չէի ընդունել: Ինչևէ, երևի մարդու մենթալիտետին/մտածողությանը/ (Պարզ չէ, թե ինչու է հայերեն համարժեքը վերցված փակագծերի մեջ։ Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը զգում է, որ պետք է հայերեն գրել, բայց իր հոդվածի ոգին պարտադրում է կիրառել փոխառյալ մենթալիտետ-ը։ Տեղն է նաեւ նկատելու, որ «հայաֆիկացիա» բառի փոխարեն կարելի էր կիրառել շատ ավելի կարճ հայացում բառը։) Հատուկ երևույթ է անընդհատ խոսել իրեն ամենից շատ տանջող բաների մասին: Հայերեն էլ ընկել են սեքս բառի թարգմանության հետևից: Այս նախադասությունը լավագույն ապացույցն է այն բանի, որ հեգնվում են ոչ թե առանձին անհատներ, այլ ազգն ամբողջությամբ։ Փաստորեն ակնարկվում է մեր ազգին իբր հատուկ՝ սեռական հարաբերություններին վերաբերող բարդույթ։ Բարդույթների մասին՝ ստորեւ։

Բայց և այնպես մեր  լեզվաբանների մոտ սկսվել  է միջազգային բառերի աբսուրդ /երևի սա էլ անհեթեթ թարգմանություն կունենա/ թարգամանահիվանդություն: Անկեղծ ասած ինձ համար մութ մնաց այս նախադասությունը։ Ո՞ր բառի մասին է խոսքը․ եթե աբսուրդ բառի, ապա դրա հայերեն համարժեքն է՝ անհեթեթ-ը, որ հոդվածագիրը հաջողությամբ կիրառել է հենց նույն նախադասության մեջ: Իսկ եթե խոսքը «թարգամանահիվանդություն» դիպվածային բառին է վերաբերում, ապա այն արդեն իսկ հայերեն է։ Ճիշտ է այն բավական անհրապուրիչ է, բայց դիպվածային բառի համար դա թերություն չէ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ լեզուն պետք է զարգանա, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ամբողջ աշխարհը պետք է  շամպայն խմի, իսկ ես` փրփրագմփիկ, (Սկսվեց․․․ Ահավասիկ առաջին նմուշներն այն բառերի, որոնց մասին ասվեց վերեւում։ Ի՞նչ եք կարծում, հոդվածագիրը իրո՞ք հավատում է, որ հայոց լեզվի որեւէ մասնագետ կարող էր նման բառեր առաջարկել։ Հազիվ թե։ Ինքս նման ենթադրությանը չեմ հավատում։ Գոնե այն պարզ պատճառով, որ շամպայն բառը ծագում է հատուկ անունից, իսկ հատուկ անունները հազվադեպ են թարգմանվում։ Թեեւ պետք է ասել, որ օրինակ ռուսերենում արտոնագրային որոշ խնդիրներից խուսափելու համար գործածվում է «շամպայն» բառի «игристое» թարգմանությունը։ Եւ ոչ ոք չի ծիծաղում։ Բայց դե ինչը թույլատրելի է Զեւսին․․․) ինչո՞ւ պետք է արևմուտքը դեպրեսիայով տառապի, իսկ ես` ընկճախտվեմ: Դե, ընկճախտվել-ը կամ դեպրեսվել-ը արդեն «Բանակում»-ի Մխոյի բառապաշարից է։ Իսկ բուն ընկճախտ բառը արդեն միանգամայն հաջող թարգմանություն է։ Ի դեպ, փոխառյալից ավելի կարճ է (երկու վանկ՝ չորսի դիմաց եւ երկու տառով պակաս․ հետո էլ ասում են, թե հայերեն բառերը երկար են), ուստի եւ ավելի հարմար ու դրանից բացի ունի թարգմանված բառի կարեւորագույն հատկությունը․ ինքնին հասկանալի է։ Դրանից կարող են դժգոհ լինել թերեւս միայն նրանք, ում ձեռնտու է օտար բառով քողարկել հասկացության բուն էությունը, ժողովրդի լեզվով ասած՝ «տերմինակոխ» անել ունկնդրին:  Իրենց խմածն ու հիվանդացածը համով ու բուժվող է թվում, իսկ իմը միայն փրփրեցնում է  ընկճախտս: Այստեղ երեւի պիտի հնչեն ձայնագրված ծիծաղներ․․․ Բուժվելու հաշվով արդեն ասացի․ հոգեբանները կհաստատեն որ անհասկանալի բառը հոգեբանական ազդեցություն կարող է թողնել հիվանդի վրա։ Եթե դրա՛ մասին է խոսքը․․․ Ինչ վերաբերում է համին․․․ Պարզ է, որ մարդու համար, ով երազում է տեսնել Փարիզը եւ մեռնել, շամպայն բառը կունենա այլ ազդեցություն, քան այն մարդու համար, ով երազում է տեսնել Անին եւ նոր մեռնել։  Կամ ինչո՞ւ կրկնուսույցի մոտ  հայերեն պարապելիս պետք է սովորեի մի տոննա անիմաստ բառ`գրգռաճեղք, օրիորդապնդիչ, որ հետո ոչ մի տեղ դրանք չլսեի ու չգործածեի, իսկ լսելու դեպքում էլ միայն ծաղրանքով:  Ինչպես տեսնում ենք շարունակվում է դասական դարձած շարքը․ չգիտես ինչու բացակայում է երկարակլորախմորածակը․ շա՞տ երկար է երեւի։ Պարզ չէ միայն, թե ինչու հեղինակը չի կիրառում երբեմնի ավելի մեծ ժողովրդականություն վայելող ռեպետիտր բառը․ երեւի ժամանակներն են փոխվել։ Ինչ վերաբերում է տեղեկության բովանդակությանը․․․ Ի՞նչ է, պիտի հավատա՞մ, որ բնության մեջ եղել է այդպիսի կրկնուսույց, որն այդ «դասական» բառերը ամենայն լրջությամբ հաղորդել է իր աշակերտին։ Ինչպես ասում էր Ստանիսլավսկին․ նյե վերյու․․․  Չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է ամբողջ աշխարհում լինեն տերմիններ, իսկ մեզ մոտ` եզրույթներ: Հենց այն պատճառով, որ մենք «ամբողջ աշխարհը» չենք։ Ի դեպ, առցանց (կարծում եմ՝ այս բառը ուրախանալու լավ առիթ է) բառարանների շնորհիվ պարզվում է, որ իրենց «ամբողջ աշխարհի» տեղ չեն դնում նաեւ սլովակները եւ տերմին բառի փոխարեն ասում են výraz, սլովենները՝ izraz, թուրքերը՝ vadeli, էստոնացիները՝ mõiste, սուահիլիով հաղորդակցվողները՝ mrefu, նորվեգացիները՝ sigt, գերմանացիները՝ Fachausdruck, մալթացիները՝ tul, ինդոնեզացիները՝ istilah, կորեացիները՝ yong-eo, հույները՝ όρος, վիետնամցիները՝ hạn, եւ այլք, այդ թվում եւ չինացիները, հրեաները, արաբները, որոնց գրային համակարգերը չիմանալու պատճառով համապատասխան տառադարձումները չեմ բերում այստեղ՝ սխալված չլինելու համար։ Իհարկե՝ հնարավոր են նաեւ անճշտություններ, կապված բառերի բազմիմաստության հետ, բայց ընդհանուր իրավիճակը, կարծում եմ պարզ է․ բերված ցուցակում կան ե՛ւ մեծ ազգեր, ե՛ւ փոքր ազգեր, ե՛ւ շաաա՜տ մեծ ազգեր, ե՛ւ շաաա՜տ փոքր ազգեր․ կան եւրոպական ազգեր, կան ասիական ազգեր, կան աֆրիկյան ազգեր։ Ու թեեւ տերմին եզրը (կամ, եթե ավելի ուրախալի է, եզրույթը) իրոք գործածվում է բազմաթիվ լեզուներում, սակայն, մի՛ կողմից, դրանք այնուամենայնիվ «ամբողջ աշխարհը» չեն, իսկ երկրորդ՝ դրանց մեծ մասը՝ ֆրանսերենը, իսպաներենը, պորտուգալերենը եւ այլն, եվրոպական ու հատկապես ռոմանական լեզուներ են, որոնք այդ բառը շատ բնականորեն փոխառել են լատիներենից, որը նրանց համար մոտավորապես այն դերն է կատարում, ինչ մեզ համար՝ գրաբարը։ Բայց չմոռանանք, որ մեր գրաբարը լատիներենը չէ․․․

Ինչ- որ վատ բան կա՞ նրանում, որ մենք խաղում ենք ֆուտբոլ ու բասկետբոլ, այլ ոչ թե ոտնագնդակ ու դույլագնդակ: Դույլագնդակ (չգիտեմ, թե ինչու է հեղինակը այդպես թարգմանել․ բասկետբոլ-ի բառացի թարգմանությունը կլիներ զամբյուղագնդակ) հասկացության՝ այլ ազգերի մեկնությունների մասին չեմ գրի՝ շատ չձանձրացնելու համար, բայց չեմ կարող ինձ հաճույքից զրկել եւ չբերել ոտնագնդակի թարգմանությունները (իսկ եթե լուրջ, ապա ինչո՞ւ ոչ ավելի կարճ՝ ոտգունդ, թեեւ ոտնագնդակն, իհարկե, ավելի զվարճալի է)․ աֆրիկաանսով այն կոչվում է sokker, ֆիններեն՝ jalkapallo, վրացերեն՝ փեկբուրտի, հունարեն՝ ποδόσφαιρο, իռլանդերեն՝ peile, իտալերեն՝ calcio, ճապոներեն՝ Sakkā, կորեերեն՝ chuggu, լեհերեն՝ piłka nożna, խորվաթերեն՝ nogomet, սուահիլի՝ mpira wa miguu, թամիլերեն՝ Kālpantu, վիետնամերեն՝ bóng đá, ադըղերեն՝ лъэпэеу եւ այլն։ Կրկին, ինչպես տեսնում ենք, ամենատարբեր ազգեր՝ տարբեր մեծության, տարբեր մայրցամաքներից, ունեն այս բառի իրենց թարգմանությունը։ Նույնիսկ ոտգնդի արքաներից՝ իտալացիները։ Այնպես որ, եթե իրոք ուզում ենք աշխարհից հետ չմնալ, հակառակը՝ պիտի շտապենք գործածելու այս բառի թարգմանությունը։  Ավելի լա՞վ ենք սկսելու  հասկանալ օպերան, բալետն ու սիմֆոնիան, երբ այդ միջազգային բառերը հայաֆիկացնեն: Նախ, ինչպես արդեն նշեցի հայացվեն (ԳՈԷԼՐՈ ծրագրի հետ այս բառը ոչ մի կապ չունի) Իսկ երկրորդ՝ այո՛, հաստատ ավելի լավ կսկսենք հասկանալ։ Համենայն դեպս, մեր ազգի մի զգալի հատված գուցե հենց այդ խորթությունից ու անհասկանալիությունից ելնելով է իրեն հեռու պահում արվեստի այդ տեսակներից, բայց գուցե հետաքրքրությամբ հաճախի, ասենք, երգապատումի, պարապատումի ներկայացումներին կամ, ասենք, Բեթհովենի 9-րդ համանվագի կատարմանը։ Սրանք, ի դեպ, իմ մտքում պարզապես առաջինը ծագած տարբերակներն են․ եթե կուզեք, առաջարկե՛ք ավելի լավերը (կամ՝ զվարճալիները)։ Դժվար թե երաժշտական դպրոցներում սովորողների թիվը շատանա, եթե ֆորտե, պիանո, անդանտե, սոլֆեջո  բառերը մի օր թարգմանվեն: Ասեմ, որ այդ օրը վաղուց է եկել, եւ առնվազն առաջին երկուսը հայերենում վաղուց գոյություն ունեն, ու վստահ եմ, որ հեղինակը բազմիցս ի՛նքն էլ է կիրառել դրանք, թեեւ՝ չնկատելով այդ հանգամանքը, երբ ասել է դաշնամուր, որը բաղկացած է երկու բառից դաշն (պիանո) եւ ամուր (ֆորտե)։ Ինչ վերաբերում է անդանտե-ին, ապա այն հաճախ է թագմանվում, քանի որ նշանակում է պարզապես հանդարտ։ Իսկ սոլֆեջո բառը կարող է եւ չթարգմանվել, քանի որ բաղկացած է սոլ եւ ֆա ձայնանիշերի (կներեք՝ նոտաների) անուններից։ Բայց կարող է իհարկե եւ թարգմանվել (ինչպես էստոներենում)․ օրինակ՝ օգտագործելով Համբարձում Լիմոնճյանի հայկական ձայնագրական համակարգի (եթե իհարկե գիտենք դրա գոյության մասին) ձայնանիշերից երկուսի՝ վերնախաղի եւ բենկորճի կրճատ անվանումները՝ վեբեն (ինչպես անգլերենում է՝ sol-fa)։ Այդ դեպքում կունենանք նաեւ ածանցյալ բառեր․ վեբենարան՝ այբբենարանի օրինակով, վեբենում (անգլ․ solmization) եւ այն։ Բայց ես՝ չեմ պնդում։-) Կամ ավելի անդուր չի՞, երբ անեսթեզիոլոգի ու գինեկոլոգի փոխարեն նրանց հայերեն տարբերակներին ես դիմում/չեմ էլ ուզում թարգմանությունը գրել/: Իսկ ես կգրեմ։ Երեւի ոչ այն, որը հեղինակը նկատի ուներ, այլ իսկականը․ անզգայաբան ու կնաբան։ Կարծում եմ լիովին պարկեշտ բառեր են։ Համենայն դեպս ոչ ավելի անպարկեշտ, քան բնօրինակները։ Անգլերենը, որ այսօր համարվում է բոլորի լեզուն, լեզու է դարձել ֆրանսիական, սկանդինավյան և այլն փոխառումների շնորհիվ: Նախ՝ այն բոլորի լեզուն չէ եւ չի կարող լինել։ Լեզուն ազգն է, ու քանի կան տարբեր ազգեր, կլինեն եւ տարբեր լեզուներ։ Անգլերենը իսկապես ամենատարածված լեզուն է, բայց հայտնի է աշխարհի բնակիչների ընդամենը մեկ քառորդին։ Մեծ թիվ է, հարց չկա, բայց բոլորը չէ։ Դեռ իսպաներենը կա, արաբերենը, չինարենը․․․ շատ բան կա։ Իսկ ինչ վերաբերում է այն մտքին, թե անգլերենը փոխառությունների շնորհիվ է տարածվել, ապա այստեղ հոդվածագիրը շփոթում է պատճառն ու հետեւանքը։ Իրականում փոխառություննե՛րն են կատարվել անգլերենի մեծ տարածման պատճառով։ Ու դա լավ կյանքից չի։ Բավական է ուսումնասիրել բոլոր lingua franca-ների ճակատագրերը, որպիսին է այսօր եւ անգլերենը։ Ես չեմ ասում անգլերենը հայերենից լավն է ուղղակի չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք բարդույթավորվում միջազգային բառեր կիրառելիս: Չէ, իհարկե, մենք` հայերս, ուրիշ ազգ ենք, ու մեր հայերենը ուրիշ լեզու է, բայց հավատացեք, որ այս մոտեցումն արդեն հոգնեցուցիչ է: Պետք է նկատեմ, որ բոլոր ազգերն ու դրանց համապատասխան լեզուներն էլ ուրիշ են։ Մերը՝ նույնպես։ Ես հասկանում եմ, որ դա հոգնեցնում է նրանց, ովքեր աշխարհի ազգերի ցուցակում ամեն անգամ ստիպված են լինում հիշատակել նաեւ հայ ազգի անունը․ պարզ է՝ ավելի լավ է հիշես, ասենք, երկու հարյուր անուն, քան՝ երկու հարյուր մեկ։ Բայց հավատացնում եմ, որ այդ «հոգնեցուցիչ» հանգամանքը դեռ շատ երկար է լինելու։ Ինչ վերաբերում է բարդույթավորմանը (յա տակ խախատալսյա․ ավելի լուրջ չէ՞ր լինի, եթե ասվեր կոմպլեքս), ապա հոգեբանությանը հայտնի է բարդույթի մի շատ հետաքրքիր տեսակ՝ պատանդի բարդույթ։ Դրա էությունն այն է, որ բիրտ ուժով անազատության մեջ հայտնված մարդը ոչ միայն քծնում է իրեն ստորացնողներին (ինչը դեռ կարելի է հասկանալ․ կյանքի հարց է), այլեւ անկեղծորեն հիանում է իրեն ստորացնողներով եւ շնորհակալ լինում նրանցից։ Այսօր մեր հասարակության զգալի մասը ոչ միայն ստորանում է այն ազգերի եւ պետությունների առջեւ, որոնց փաստացի պատանդն էինք մենք վերջին դարերի ընթացքում, եւ որոնց իրականացրած գործողությունների կամ անգործության, մի խոսքով՝ քաղաքականության արդյունքում մեկ դար առաջ մենք ճաշակեցինք մեր հայրենիքի 90 տոկոսի կորուստը, այսօր էլ ճաշակում ենք շրջափակում, երկրի թալան ու Արցախի անկախության մերժում, այլեւ հիանում է դրանց ամեն ինչով։ Եւ իրենց ցնցում է այն հայրենակիցների դիրքորոշումը, որոնք «չեն նկատում» այդ ազգերի պերճանքը, այլ չգիտես ինչու գեղեցկություն են տեսնում սեփական ինքնության մեջ։ Դա վեր է հասկալու իրենց հնարավորություններից։

Հիմա էլ ակտիվ թարգմանվում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործածվող բառերը: Գուցե արժե, որովհետև հիմա էլ նոր լեզու է հայտվել` լայքել, շեյր անել, քոմենթել, թագ անել, այսպես ասած համակարգչային տիրույթում ապրող մարդկանց ժարգոն: Իսկ ի՞նչ վատ է. լայքելը, կամ քոմենթելը․ փոխառություններ չե՞ն, ինչպես ֆիլտրելը, պլոմբելը, կամ տուլկի-կլադիշը։ Բայց գոնե այդ թարգմանությունները մի քիչ որակյալ լինեն, թե չէ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու sensor-ին պետք է ասեմ ԶԳԻՉ, Scanner-ին` ԾՐԻՉ, նոթբադին` բառատետր, իսկ File-ին` նիշք:  Տրամաբանությունը ո՞րն է: Փորձեմ բացատրել։ Զգիչ, որովհետեւ sensor բառը կազմված է sens(e) արմատից, որ նշանակում է զգ(ալ),  եւ –or վերջածանցից, որով կազմվում են գործիքների անուններ, եւ որին համատասխանում է հայերեն –իչ ածանցը, օրինակ՝ գրիչ՝ գր(ել) բայից, տպիչ՝ տպ(ել) բայից եւ այլն։ Գուցե անսովոր է, բայց ոչ՝ սխալ։ Եւ միանգամից պարզ է, դառնում թե դա ինչ է․ ընդամենը զգացող սարք, եւ ոչ թե խորհրդավոր սեեենսոր։ Ծրել բառը վաղուց եղել է հայերենում, իսկ դրանից ածանցյալ ծրիչ բառը թեեւ նոր է ստեղծվել, բայց արդեն երկար զարգացում է ապրել հայախոսների շրջանում։ Նախ ստեղծվել է դրա պատկերահան տարբերակը, հետո՝ պատկերածրիչ (քանի որ կարդացող սարքը, տող առ տող այցնելով երկչափ պատկերի վրայով, վերածում է այն գծային պատկերի, հետագծում է այն։ Իսկ հետագիծը հենց ծիրն է։ Ունենք նաեւ ուղեծիր, ծրագիր, կաթնածիր, Ծիր կաթին եւ այլն)։ Պատկերածրիչն էլ կրճատվելով դարձել է ծրիչ։ Ինչ վերաբերում է նիշք բառին, նշեմ, որ այն (ինչպես եւ ֆուտբոլը) թարգմանություններ ունի գրեթե բոլոր լեզուներում, ընդ որում՝ հենց եվրոպական գրեթե բոլոր լեզուներում, ինչպես եւ համակարգիչը։ Նիշքը տարբեր լեզուներում տարբեր կերպ է ընկալվում․ անգլիացու համար դա թղթապանակ է, գերմանացու համար՝ տվյալ է, ֆրանսացու համար՝ արկղ, իսպանացու համար՝ պահոց։ Հայերեն թարգմանության մեջ այն ընկալվում է, որպես նիշերի հաջորդականություն։ Այսպես, ալբան.՝ skedar, աֆրիկաանս՝ lêer, բասկ.՝ fitxategi, բոսն.՝ Датотека, գալիս.՝ ficheiro, գերման.՝ Datei, թուրք.՝ dosya, ինդոնեզ.՝ berkas, իռլանդ.՝ comhad, իսլանդ.՝ skrá, իսպ.՝ archivo, լեհ.՝ plik, խորվաթ.՝ datoteka, կատալոն.՝ fitxer, հոլանդ.՝ bestand, հուն.՝ Αρχείο, չեխ.՝ soubor, չին.՝ dang4, պորտ.՝ ficheiro, ռում.՝ Fişier, սերբ.՝ датотека, սլովակ.՝ súbor, սլովեն.՝ datoteka, վիետնամ.՝ tệp, ֆին.՝ tiedosto, ֆրանս.՝ fichier։ Բնականաբար, դա չի նշանակում, թե առօրյայում գերմանացին կամ հույնը երբեք չի կիրառի ֆայլ, կամ մեկ այլ փոխառություն, սակայն դա արդեն կդիտվի ոչ գրական խոսք։ Առհասարակ, համակարգչային եզրերի հայացման խնդրի մասին կարելի է երկար խոսել։ Պատրաստ եմ անդրադառնալու այդ հարցին, եթե հանդեսից առաջարկ լինի։ Իհարկե, կասեք, բայց կայք, համացանց, համակարգիչ բառերը ժամանակի ընթացքում մտան մեր բառապաշար, չէ՞, ու երևի թե մնացածն էլ մի օր այդքան խորթ չթվան: Ոսկի բառեր են։ Բայց դե զգիչն ու ծրիչը, հաստատ, ինձ մոտ միշտ ուրախանալու առիթ կստեղծեն: Անուշ լինի։

Ես օտարամոլ չեմ, բայց երբ սկսում եմ արտասահմանյան գրականությունը հայերենով կարդալ, մի էջ ընթերցելուց հետո հասկանում եմ, որ նույն գրքի ռուսերեն կամ անգլերեն տարբերակն է ինձ շտապ պետք: Ինձ թվում է սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան այն, որ սեքսը հայերեն ու մնացած այլ լեզուներով էլ երևի չի թարգմանվում: Օտարամոլության մասին արդեն ասվեց։ Նշեմ միայն, որ մարդու ինքնագնահատականը հաճախ իրականությանը չի համապատասխանում։ Ինչ վերաբերում է ռուսերեն կամ անգլերեն տարբերակներին, ապա, իհարկե, թարգմանությունները կարող են լինել ե՛ւ հաջող, ե՛ւ անհաջող, սակայն եթե ընդամենը մեկ էջ ընթերցելուց հետո ցանկություն է առաջանում կարդալու այլ լեզվով, ուրեմն պարզապես ընթերցողը այդ «այլ» լեզվին ավելի լավ է տիրապետում, եւ հայոց լեզուն հաստատ նրա մայրենի լեզուն չէ։ Եւ պետք չէ մեղադրել հայ թարգմանչին։

Եւ, վերջապես, այն բառի մասին, որից այս ամենը սկսվեց։ Իհարկե, Սերգո Երիցյանի հիմնարկը չի թարգմանել սեքս բառը (երանի՜ թե այդ հիմնարկը գոնե մի որեւէ առնչություն դրսեւորեր հայոց լեզվի բազմաթիվ հարցերին)։ Սա հենց այն զվարճասեր սադրիչների գործն է, որոնք գիտակցաբար թե անգիտակցաբար վիրավորանք են հասցնում հայոց լեզվին ու նրա կրողներին եւ վարկաբեկում են բառաստեղծության կարեւոր գործը։ Եւ այսպես․ սեքս բառն ունի իր համարժեքները առնվազն դանիերենում՝ køn, էստոներենում՝ sugu, խորվաթերենում՝ spol, գերմաներենում՝ Geschlechtsverkehr, հունարենում՝ φύλο, իսլանդերենում՝ kyn íf, իրլանդերենում՝ gnéas, հոլանդերենում՝ Geslacht, լեհերենում՝ Płeć, սլովակերենում՝ pohlavie, եւ այլն եւ այլն։ Եւ զարմանալի չէ, որ բոլորն էլ ունեն այդ հասկացությունը նշանակող բառ․ եւրեւի թե ցանկացած ազգի ներկայացուցիչ մի օր խորհել է այն մասին, թե ինքն ինչպես է աշխարհ եկել։ Ու, բնականաբար, այդ հասկացությունը, ինչպես ասվեց վերեւում, կա նաեւ հայերենում․ սեռական հարաբերություն։ Եթե գործածվել սկսի դրա կրճատ ձեւը՝ սեռք, կամ ստեղծվի մի այլ հաջող բառ, ես միայն ուրախ կլինեմ․․․

Ռուբեն Թարումյան

11.02.2012

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829