Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսը՝ տեսակամուրջի ձևաչափով՝ Երևանի, Աստանայի, Կիևի և Քիշնևի միացմամբ: Ն. Բորդյուժան ընդհանուր առմամբ տալիս էր չեզոք, հավասարակշռված, երբեմն նաև խուսափողական պատասխաններ:
Մոսկվայի լրագրողներից մեկին հետաքրքրեց, թե ՀԱՊԿ-ը ինչ դիրքորոշում ունի Հայաստան-Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության հարցում: Ն. Բորդյուժան պատասխանեց. «Մենք ունենք հստակ դիրքորոշում. չենք մտնում գործընթացի մեջ, այլ իրականացնում ենք մոնիտորինգ և հետևում իրավիճակին: Կան համապատասխան միջազգային մեխանիզմներ, օրինակ՝ Մինսկի խմբի գործունեությունը, որոնք տարվում են խնդրի լուծման ուղղությամբ: Ինչ- որ նոր բան պետք չէ ստեղծել և այս բարդ, շատ բարդ հակամարտությունում ևս մեկ կողմ ներգրավել»:
Հայ լրագրողները հարցը հստակեցրին` ՀԱՊԿ-ը ի՞նչ գործողությունների կդիմի, եթե կոնֆլիկտային այս իրավիճակը դառնա կրիտիկական: Ն. Բորդյուժան նշեց. «Հայաստանը ՀԱՊԿ–ի լիիրավ անդամն է և կարող է օգտագործել իր իրավունքը` ստանալ հավաքական անվտանգությանն ուղղված օգնություն իր գործընկերների կողմից: Իսկ թե որը կլինի ՀԱՊԿ–ի արձագանքը, ամեն ինչ կախված է, թե իրավիճակն ինչպիսի զարգացումներ կունենա: Այսօր խոսել ՀԱՊԿ–ի անդամների միջև այս կամ այն ճգնաժամային իրավիճակի մասին, հնարավոր չէ: Միայն այն դեպքում, երբ պարզ կլինի, թե հարաբերությունները ինչ ձեւաչափով կզարգանան, այդ դեպքում նաև ՀԱՊԿ–ը կգնահատի ինչպես արձագանքել: ՀԱՊԿ–ն ունի ոչ միայն ուժային, այլև քաղաքական ներուժ իրավիճակի վրա ազդելու համար: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կստանա ամեն անհրաժեշտ օգնություն` որպես կազմակերպության լիիրավ անդամ»:
Ն. Բորդյուժան տեղեկացրեց նաև, որ մարտի կեսերին կայցելի Երևան՝ հայաստանցի քաղաքագետների հետ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր քննարկելու համար: Իսկ աշնանը Հայաստանում տեղի կունենան Արագ արձագանքման ուժերի զորավարժությունները:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ