«Քաղաքը էկէլոգիական եւ պատմամշակութային առումով այլասերվել է», «դուք բետոնի ճարտարապետ եք», «օդը մաքուր չէ», «ծննդատանը ծնվելու են աննորմալ երեխաներ»,- այս եւ նման դիտարկումներով ու հարցապնդումներով այսօր «Հայելի» ակումբում բնապահպաններ Կարինե Դանիելյանն ու Մերի Խաչատրյանը ստիպեցին ճարտարապետ Լեւոն Իգիթյանին Կարինե Դանիելյանին «չաչանակ» անվանել. «Ինչքան սպասեմ, որ դուք պաուզա ունենաք»,- բարկացավ Իգիթյանը: Ըստ նրա` «այս 5 տարի է` Կարինեն նույն տեքստն է ասում, մեջը բան չկա»: Երբ Մերի Խաչատրյանը հարգալից վերաբերմունք պահանջեց Իգիթյանից` տիկին Դանիելյանի նկատմամբ` վերջինս նետեց. «Ի՞նչ վերաբերմունք, Լոմոնոսո՞վն է ինքը»:
Կ. Դաիելյանը Մաշտոցի այգու պատմության մեջ քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի մեղադրում. «Ես հասկանում եմ քաղաքապետին, այլ լուծում կողքի մարդիկ չեն առաջարկել: Ես կռիվ ունեմ ոչ թե քաղաքապետի, այլ նրա շրջապատի հետ, ուզում եմ հավատալ քաղաքապետին, որովհետեւ Ավանն եմ տեսնում»:
Լեւոն Իգիթյանի ներկայացմամբ` այն, որ Մաշտոցի այգում կրպակներ են լինելու` էվոլյուցիա է. «Անկախությունից հետո ոչ մի խանութ չէր աշխատում, սեղանիկներ էին դրված` առեւտուր էին անում: Եկավ մի գեղեցիկ օր, սեղանիկները վերացան` կրպակներ առաջացան, ուզում եմ այս էվոլյուցիան տեսնեք: Կրպակների տերերը իրավաբաական իրավունքներ ունեն, այնպես, ինչպես ամեն մեկս: Այդ կրպակներն այնտեղ չեն կարող մնալ ուղղակի, դա ժամանակավոր է, կարող եմ ստորագրել: Հենց օրերը տաքանան` Հին Երեւանի ծրագիրն է այնտեղ լինելու»:
Կարդացեք նաև
Բնապահպանները պնդում էին, որ քաղաքապետարանն իրավունք ունի վաղաժամ դադարեցնել շինարարությունը` հանուն հանրային շահի: Նրանք առաջարկում են կրպակները տեղափոխել Մաշտոցի գետնանցումի այն հատվածը, որտեղ արդեն երկար տարիներ է` խանութները փակ են:
Հաշվի առնելով, որ Արա Երնջակյանին Մաշտոցի այգու կրպակների ն դեմ չլինելու համար սոցիալական ցանցերում «ծախու մտավորական» էին կոչում, լրագրողները հետաքրքրվեցին, թե Իգիթյանն էլ չի՞ վախենում, որ այդ շարքին դասվի: Նա պատասխանեց. «Դուք կարող եք մի բառի համար մինչեւ էդ արած ծառայությունները ջնջել, մարդ գնահատել չգիտեք: Չէ, ես չեմ վախենում, ես այնպիսի հեղինակություն ունեմ, որ եթե կարող եք` արեք: Կյանք եմ ապրել, ձեր մի հոդվածից չեմ դնելու նեղվեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ