Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլական կառնավալը կվայելի ոչ միայն Գյումրու քաղաքապետը, այլ հին կոմունիստ փոխքաղաքապետը

Փետրվար 21,2012 14:40

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5 հինգ օր է՝ 9 հոգանոց պատվիրակությամբ Բրազիլիայում է, կամ ինչպես կասեին գյումրեցիները` Ռիոի կառնավալում է: Այս փաստը տարբեր քննարկումների է արժանացել Facebook-ի «Լեննագանցիք» խմբում, օգտատերերից շատերին հետաքրքրել է, թե ովքեր են պատվիրակության կազմում և ինչ միջոցներով են այդ թանկարժեք ճամփորդությունը կազմակերպել:

Խմբի անդամներից մեկը , դիմելով լրագրողներին գրել էր. «Հարգելի լրագրողներ, ձեզ տեսնեմ, կարո՞ղ եք պարզել իմ հարցերի պատասխանները. կա՞ նրանց մեջ գոնե մի պարող, գոնե քաղաքապետարանում պարապե՞լ են սամբա, թե՞ պիտի գնան խայտառակվեն: 2-րդ հարց` ի՞նչ գումար է ծախսվել և 3-րդ` այդ գումարով ի՞նչ կարող էին անել Լեննագանում»:

Մեկ այլ օգտատեր էլ հումորով հավելել էր. «Գյումրեցիներ, մի քիչ համբերեք, քաղաքապետը Ռիոի հարցերը լուծե, կուքա փողոցների սառույցը կմաքրե»:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե ո՞րն է իրականում քաղաքապետի այցի նպատակը, ո՞վ է ուղեկցում նրան և ի՞նչ միջոցներով է գյումրվա պատվիրակությունը հասել Բրազիլիա: «Եթե հիշում եք, 3 թե 4 ամիս առաջ Գյումրիում էին բրազիլացիները` Սան Պաուլո նահանգի Օզասկո քաղաքի քաղաքապետը, Գյումրին դարձավ քույր քաղաք և պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխադարձ այցելության: Հիմա մեր պատվիրակությունը մեկնել է Օզասկոյի քաղաքապետի հրավերով, ես տեղյակ եմ, որ քաղաքապետարանից Բրազիլիա են մեկնել քաղաքապետը, փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, կա նաև ավագանու անդամ`Համիկ Պողոսյանը, այս երեքն են, իսկ մնացածի մասին տեղեկություններ չունեմ»,- ասաց պարոն Ալեքսանովը:

Նշենք, որ պատվիրակության կազմում է նաև Գյումրու քաղաքաշինության տեսչության պետ Ժորա Միքայելյանը: Այս փաստը հաստատեցին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, երբ զանգահարեցինք` խնդրելով Ժորա Միքայելյանի հեռախոսահամարը, այստեղից ասացին, որ իզուր ենք չարչարվում` նա քաղաքում չէ, Բրազիլիայում է:

Որքան էլ տարօրինակ լինի, պատվիրակության կազմում է նաև «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը, որը նախկինում ավագանու անդամ էր: Նրանց հետ են նաև քաղաքապետի որոշ մտերիմներ:

Մեր այն հարցին էլ` մի՞թե քաղաքապետը մեկնել է դիմակահանդեսի, Բորիս Ալեքսանովը պատասխանեց, որ իր տեղեկություններով, դիմակահանդեսը սկսվելու է ամսի 22-ին, իսկ Գյումրիի պատվիրակությունը մեկնել է նոր կապեր, նոր հարաբերություններ ստեղծելու նպատակով: Ըստ պարոն Ալեքսանովի, գյումրեցիները Բրազիլիայում կմնան 10 օր, ամսի 27-ին կլինեն Գյումրիում: Իսկ գյումրեցիներին հետաքրքրող ամենակարևոր հարցին, թե ի՞նչ միջոցներով է պատվիրակությունը այդքան թանկ ճամփորդություն նախաձեռնել, մեր զրուցակիցը կարճ պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, այդ մասին տեղեկություններ չունեմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829