1999 թ.-ից ՄԱԿ-ը փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ու Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Այվազյանը ներկայացրեցին տոնի նկատմամբ հասարակական մոտեցումը եւ բացթողումները: Դավիթ Գյուրջինյանի խոսքերով՝ տոնը նշվում է մի շարք միջոցառումներով եւ ծրագրերով, բայց նույն օրն իսկ ավարտվում. «Մինչդեռ այն պետք է լինի շարունակական գործընթաց: Հայերենն իսկապես պետք է գործածվի որպես պետական լեզու»: Տիկին Այվազյանն էլ փաստեց, որ հաճախ հեռուստատեսությամբ լսում ենք աղավաղված հայերեն:
Պարոն Գյուրջինյանի կարծիքով՝ ամեն ինչի պատճառը նախեւառաջ դպրոցական դասագրքերն են. «Եթե դրանք կամ քննական տեքստերը կառուցվում են մեռած՝ բառարաններում տասնամյակներով պահպանված բառապաշարով, աշակերտները խրտնում են դրանից»: Չնայած այդ հանգամանքին, լեզվաբանը նվաճում է համարում 5-6 դասարաններում հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի միաձուլումը, քանի որ լեզուն ոչ թե քերականություն է, այլ գրավոր տեքստերի վրա հիմնված գործառույթ:
Հարցի շուրջ Ս. Այվազյանը հավելեց, որ հայերենը քերականախեղդ անելու փոխարեն պետք է օգտագործել առանց բարբարոսության. «Օրինակ՝ չպետք է շատ խորանալ անկանոն բայերի մեջ»:
Անդրադառնալով առեւտրային կետերում տեղադրված վահանակների եւ ցուցանակների լատինատառ անվանումներին՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չես, այլ ուրիշ երկրում. «Հասարակությունն էլ պիտի պասիվ չլինի ու հույս դնի միայն լեզվի պետական տեսչության տեսուչների վրա»:
Կարդացեք նաև
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ հայոց լեզու եւ գրականություն առարկայի նորատիպ շտեմարաններին: Ս. Այվազյանը նշեց, որ չնայած նվազել է վրիպակների թիվը, սակայն հիմա էլ այլ խնդիրներ կան. «Օրինակ՝ միայն 64 հարց «Սասունցի Դավիթ» էպոսից է: Մեզ համար ընդունելի է, որ վերջում Մհերը փակվեց Ագռավաքարում, եւ ոչ թե այն, որ Քեռի Թորոսը կսկծից մեռավ: Ախր իրականությունը պետք է զգալ, ոչ թե հիշել մանր փաստերը»:
Չնայած վերոհիշյալ բացթողումներին՝ բանախոսները հայերենի զարգացման գործում առաջընթաց են նկատում. «Օրինակ՝ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանը» տեղադրվել է համացանցում, իսկ սոցիալական ցանցերում երիտասարդներն էլ ավելի հաճախ են գրում հայատառ»,-ասաց Դ. Գյուրջինյանը: Իսկ Այվազյանն էլ հավելեց, որ երիտասարդները սիրում են հայերենը, բայց լեզվի նկատմամբ ճիշտ մոտեցում ձեւավորելը միայն ուսուցիչների պարտականությունը չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ