Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաճախ համբուրվեք, քաղցր շատ կերեք

Փետրվար 21,2012 14:00

Սա է ձմեռային դեպրեսիայից ազատվելու ելքը

Ցուրտ ու մռայլ եղանակը ազդում է մարդու տրամադրության վրա, իսկ տեւական վատ տրամադրությունը վերածվում է դեպրեսիայի:

Դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը. հիվանդություն է: Այն հուզական եւ մտավոր պրոցեսների դանդաղումն ու շարժողական ակտիվության նվազումն է:

«Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետեւանք է իրական կամ երեւակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձեւավորվում է թերարժեքության բարդույթ: Դեպրեսիան ի հայտ  է գալիս հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նեւրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա, ծերունական պսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն եւ այլն: Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն պայմանավորող որոշ քիմիական նյութերի, օրինակ՝ էնդորֆինների պակասից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նա նշում է, որ դեպրեսիվ մարդկանց մոտ հաճախակի է նկատվում վատ տրամադրություն, ախորժակի բացակայություն, շարժումների դանդաղում, դեպրեսիայով հիվանդները կարճ ժամանակահատվածում արագ նիհարում են, հյուծվում, նվազում է սեռական ցանկությունը։

«Դեպրեսիայի մեջ գտնվող տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից, սեռական ցանկության բացակայությունից: Խանգարվում է մարդկանց քունը: Դեպրեսիայի մեջ գտնվողները ծուլանում են, նրանց պատած թախիծը, տխրությունը, ճնշվածությունը կրծքավանդակի, սրտի շրջաններում առաջացնում են ճնշող ցավի զգացողություն: Նրանք անտարբեր են դառնում ոչ միայն իրենց, այլեւ հարազատների նկատմամբ, ու նաեւ այն ամենի՝ ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք ու բավականություն էր պատճառում իրենց: Սեռական կյանքը աստիճանաբար դառնում է անհետաքրքիր: Անցյալը գնահատում են որպես համատարած սխալներով ու թերություններով լի, իսկ ներկան տեսնում են անիմաստ, ապագան՝ սեւ գույներով»,- ասում է բժիշկը:

Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ հատկապես ձմռանը մարդիկ դեպրեսիայի հանդեպ առավել զգայուն են դառնում, քանի որ այդ ամիսներին արեգակի ճառագայթների սակավությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում «արտադրվող» լավ, զվարթ, մի խոսքով՝ դրական տրամադրության հորմոնների նվազման, ինչի արդյունքում մարդիկ հաճախ լինում են մռայլ, մելամաղձոտ, սակավաշարժ եւ անաշխատունակ: Ձմեռային դեպրեսիայից ազատվելու ելքը, ըստ Վ. Շահրամանյանի, հետեւյալն է. «Ձեզ քաղցրից մի զրկեք: Ձմեռային դեպրեսիայից ազատվելու լավ միջոց է մուրաբան: Այն իր մեջ 65 տոկոս գլյուկոզա է պարունակում եւ լիովին զուրկ է ճարպերից: Բայց օրգանիզմի քմահաճույքներին էլ շատ մի տրվեք, ձմռանը գիրանալը շատ հեշտ է: Եվ ամենակարեւորը՝ հաճախակի համբուրվեք: Մի թողեք, որ տխրությունը ձեզ տիրի: Դեղամիջոցներ ընդունելու փոխարեն հաճախակի այցելեք ընկերներին, շփվեք նրանց հետ: Շոգեբաղնիք, լողավազան կամ մերսման գնացեք։ Նորմալ սնվեք՝ օրական չափաբաժնում ներառելով մեղր, միս, ձուկ, ձու, ձիթապտղի յուղ»:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829