Երեկ լուսադեմին հրաձգության Հայաստանի ազգային հավաքականը վերադարձավ Ֆինլանդիայի Վերումայկի քաղաքից:
Մեր նշանառուները մասնակցում էին մարզաձեւի Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Մրցաշարը նշանավորվեց նրանով, որ, ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ներկայացմամբ, մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Նորայր Բախտամյանը տուն վերադարձավ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրով: Սեյրան Նիկողոսյանի սանը, որը մասնակցել է Աթենքի եւ Պեկինի օլիմպիական խաղերին, Վերումայկիում նախնական մրցապայքարից հետո մտել է եզրափակիչ փուլ եւ 60 կրակահերթում վաստակելով 679,6 միավոր՝ գրավել է վեցերորդ հորիզոնականը:
ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը զրուցել է Նորայրի հետ: Նշանառուն պատմել է, որ կարող էր ավելի բարձր տեղ նվաճել, բայց այդ հարցում խանգարել է այն, որ ժամանակը չի բավարարել մասնագիտական լիարժեք մարզումների համար: Սակայն Նորայրը Լոնդոնի հետ կապված լուրջ նպատակներ ունի: Հիմա նա մարզումները շարունակելու է Հայաստանում եւ, սկսած փետրվար ամսից, մասնակցելու է Անգլիայում, Գերմանիայում եւ Իտալիայում կայանալիք միմյանց հաջորդող Աշխարհի գավաթի խաղարկության փուլերին:
Վերջնական նպատակին հասնելու համար Նորայրը եւ իր անձնական ու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը մարզումային անհատական ծրագիր են մշակել:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ