Սոցցանցերում եւ որոշ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանին անսամբլի փորձերից մեկի ժամանակ պարախմբի տղաները ծեծել են՝ տգեղ արտահայտություն թույլ տալու համար:
Անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը panorama.am-ի հետ զրույցում հերքել էր՝ ասելով, որ նման բան չի կարող պատահել 60-ն անց մարդու հետ: Վերջապես եղե՞լ է նման բան, թե ոչ: «Առավոտի» այս հարցից պարոն Կարապետյանը ամենեւին հանկարծակիի չեկավ, եւ համբերատար լսելուց հետո ասաց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ու ինչ-որ մեկի պատվերն են:
«Իրոք եմ ասում, ոչինչ չկա, թե ուզում եք՝ տնօրենից ճշտեք»,- նշեց բալետմայստերը:
Իսկ պարախմբի անդամների հետ հարաբերությունները լա՞վ են: «Լրի՛վ… լրիվ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
«Առավոտի» հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է իր տեղի վրա աչք ունեն ու այդ պատճառով են նման լուրեր տարածվում:
«Այ, էդա, խոհեմ բան ասացիք. դա ամենաճիշտ բանն է, որ մեկնաբանեցիք»,- ուրախացած բացականչեց պարոն Կարապետյանը, սակայն ոչ մի անուն այդպես էլ չտվեց: Ի դեպ, գաղտնիք չէ, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարի անսամբլի ղեկավար Կարեն Գեւորգյանը դեմ չէ լինել Պարի պետականում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ