Հավաստիացնում է մոսկվաբնակ բալետմայստեր Հարություն Դավթյանը
Մի խումբ ճանաչված արվեստագետներ՝ Վանուշ Խանամիրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Ղազանչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Նորայր Մեհրաբյանը եւ ուրիշներ միշտ էլ մասնագիտական աջակցություն են ցուցաբերել Սփյուռքում գործող հայկական թատերախմբերին ու պարախմբերին: Ձեւավորված ավանդույթները շարունակվում են նաեւ այսօր, առիթ ընձեռելով մի շարք հայաստանցի երիտասարդ արվեստագետների՝ իրենց ստեղծագործական կենսագրության մի մասը կապել գաղթավայրերի մշակութային կյանքին:
Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում, կոնկրետ՝ Մոսկվայում է ստեղծագործում տեղի ամենամեծ պարարվեստի «Հովիկ» ստուդիայի եւ նույնանուն պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր Հարություն Դավթյանը: Նա 2001-08թթ. հանդիսացել է Հայաստանի պարի պետական եւ «Բարեկամություն» անսամբլների մենակատար, 2009-ից ապրում ու ստեղծագործում է Մոսկվայում, իր խոսքերով՝ առանց բեմը թողնելու: Հարություն Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հրավերը ստացել է «Հովիկ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանից: Հավելեց, որ հիշյալ մշակութային կենտրոնը Ռուսաստանի ամենամեծ հայկական հաստատությունն է (Մոսկվայում գործում են 6 պարային անսամբլներ). «Մեզ մոտ ուսուցանվում են դասական, հայկական ժողովրդական, տարբեր ազգերի եւ ժամանակակից (մոդեռն, ջազ եւ այլն) պարեր: Ուսուցումը տարվում է տարիքային տարբեր խմբերում: Մեր գերնպատակն է հավուր պատշաճի սովորողներին պատրաստել հայկական պար ցուցադրելու: Թեեւ ամեն ինչ դրված է պրոֆեսիոնալ հիմքերի վրա, սակայն մեր խնդիրը այն չէ, որ ուսումն ավարտելուց հետո սովորողներից ոմանք աշխատանքի անցնեն, օրինակ՝ Մոիսեեւի անվան կամ «Բերյոզկա» պարային անսամբլներում»: Դիտարկմանը, թե Ռուսաստանում գործող որոշ նմանատիպ հայկական օջախներում ուսման վարձը սահմանված է 500 ռուբլի, մինչդեռ իրենց մոտ՝ 10 անգամ ավելի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր ստուդիայում վարձն իսկապես 5000 ռուբլի է, պատճառն էլ պարին պրոֆեսիոնալ մոտեցումն է»: Հարություն Դավթյանը հավելեց, որ փորձերն ու բեմադրությունները իրականացնում են 8 պարուսույցներ՝ Հայաստանից: Անցյալ տարի ստուդիայի նախաձեռնությամբ առաջին անգամ Մոսկվայում անցկացվել է «Էվրիթմիա» փառատոնը՝ Ռուսաստանում գործող տարբեր ազգերի անսամբլների մասնակցությամբ:
Հարցին, թե փառատոնին մասնակցո՞ւմ էր ադրբեջանական պարային անսամբլ, բալետմայստերը նախ ասաց, թե Մոսկվայում ադրբեջանական ոչ մի պարային խմբի չի հանդիպել, հետո էլ ավելացրեց. «Ադրբեջանցիների հանդիպել եմ տաքսու վարորդների կարգավիճակում»:
Կարդացեք նաև
Խոսելով «Հովիկ» պարային անսամբլի մասին՝ Դավթյանը նշեց, որ կոլեկտիվը մեծ պահանջարկ է վայելում տեղի շոու-բիզնեսի, ինչպես նաեւ Սփյուռքից ժամանած երգիչ-երգչուհիների հետ հանդես գալու առումով:
Հրավեր ստանո՞ւմ են մոսկվաբնակ հայ մեծահարուստներից՝ խնջույքներին հայկական շունչ տալու համար: Արվեստագետը պատասխանեց. «Հրավիրում են հարսանիքների, կնունքների, ծնունդների, նշանադրության երեկոների: Ուզում են տեսնել «Բերդը», «Շալախոն» եւ այլ հայկական սիրված պարեր: Սիրով ենք մասնակցում: Ինչո՞ւ մերժել մեր հայրենակիցներին, եւ չցուցադրել մեր արվեստը նաեւ նման միջոցառումներին ներկա այլազգի հյուրերին…»:
Հարություն Դավթյանը պատմեց, որ անցյալ տարի հայաստանյան պարարվեստի երկու միություններից մեկի նախագահը մեկնել էր Մոսկվա եւ ուզում էր հայկական պարարվեստի միություն հիմնել Ռուսաստանում: «Ոչ միայն մենք, այլեւ մյուս պարային կոլեկտիվների բալետմայստերները մեր համերկրացուն չընդառաջեցին: Նրան դիվանագիտորեն հակադարձեցինք, ասելով՝ մեր գործը մենք լավ գիտենք. հարկավոր չէ Երեւանից Մոսկվան կառավարել»,- ասաց Հ. Դավթյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ