Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձգձգված, բայց որակյալ շտեմարաններ

Փետրվար 21,2012 13:47

Մեկնաբանում է ԳԹԿ-ն

Արդեն վաճառքում է հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 3-րդ մասը: Հիշեցնենք, որ շտեմարանի առաջին եւ երկրորդ մասերը 2011-ի դեկտեմբերից էին շրջանառության մեջ դրվել: «Առավոտը» ԳԹԿ-ից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր երկհատոր շտեմարաններ տպագրել, ինչը նաեւ մաթեմատիկայի պարագայում է: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը պատասխանեց, որ ինչպես մաթեմատիկայի շտեմարանները, այնպես էլ հայոց լեզվինը ընդգրկում է 5000 առաջադրանք, սակայն տպագրական եւ ծավալային առումով հնարավոր չի եղել հայոց լեզվի առաջադրանքները տեղավորել 2 հատորներում:

Մեր այն դիտարկմանը, թե հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի շտեմարանի երկու հատորները լույս ընծայվեցին խոստացված ժամկետներում, ինչը չես կարող ասել վերջին հատորների մասին, ԳԹԿ քննական առաջադրանքների եւ մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Միրցա Հալաջյանը պատասխանեց, որ աշակերտը կարող է քննության նախապատրաստվել առանց շտեմարանի մեկ հատոր անգամ ձեռք բերելու. «Չէ՞ որ այդպես է եղել այն տարիներին, երբ ընդհանրապես շտեմարան գոյություն չուներ»: Տիկին Հալաջյանը հավելեց, որ նախապատրաստվելու համար աշակերտին ԳԹԿ-ն անվճար տրամադրել է ուղեցույց. «Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի ուղեցուցի հեղինակները նպատակ են ունեցել հնարավորինս հստակեցնել եւ սահմանափակել թեստերում ընդգրկվելիք նյութի շրջանակները՝ ի շահ աշակերտի եւ դիմորդի: Համաձայն թեստավորման սկզբունքների՝ թեստերը կազմվում են ծրագրերի եւ դասագրքերի հիման վրա, եւ թեստի հեղինակը կարող է թեստային ստուգման նյութ դարձնել հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների դասագրքերում տեղ գտած ցանկացած նյութ: Ուղեցույցի հեղինակները մանրակրկիտ ու բարեխղճորեն ուսումնասիրել են մասնավորապես ավագ դպրոցի տարբեր հոսքերի դասագրքերը, համադրել դրանք: Հեղինակները նաեւ հստակ սահմանազատել են պարտադիր ընթերցանության համար (նաեւ անգիր սովորելու համար) նախատեսվող ստեղծագործությունները՝ սահմանելով դրանց համար առաջադրանքների թեմատիկ-բովանդակային ընդգրկման որոշակի շրջանակ, եւ ընդհանուր իմացության համար նախատեսվող ստեղծագործությունները, որոնց վերաբերյալ, ինչպես նշված է ուղեցույցում, կարող են տրվել միայն ճանաչողական բնույթի հարցեր դասագրքում եղած նյութի շրջանակներում»:

Ըստ մեր զրուցակցի, թեստերում ընդգրկվելիք նյութից բացառվելու են այն ստեղծագործությունները, որոնք դասագրքերում ներկայացված են սոսկ թվարկումով: Նրա հավաստմամբ, «Շրջանավարտի եւ դիմորդի գործը հեշտացնող նման աշխատանք մինչ այժմ երբեւէ չէր արվել: Նախորդ տարիներին թեստերում, որպես ճանաչողական բնույթի հարցեր, կարող էին ընդգրկվել նաեւ այն ստեղծագործությունները, որոնց սոսկ վերնագիրը հիշատակված է դասագրքում»: Ըստ Մ. Հալաջյանի, ամեն դեպքում, առանց գիտելիքի՝ շտեմարանները անգիր անել հնարավոր չէ, դիմորդի համար ուսումնական ձեռնարկ են իր դասագրքերը, իսկ շտեմարանը զուտ գիտելիքները ստուգելու եւ համակարգելու համար է: Ու, բնականաբար, որքան շատ լինի նյութը, այնքան դժվար կլինի այն մեխանիկորեն անգիր սովորելը:

Տիկին Հալաջյանը փաստեց, որ այս տարվա փետրվարից ԳԹԿ-ն կազմակերպել է բազմաթիվ քննարկումներ, որոնց հրավիրված են եղել դպրոցների ուսուցիչներ եւ բուհերի դասախոսներ՝ որպես ներկայացուցիչներ ընտրված քաղաքապետարանի կրթության վարչության եւ բուհերի համապատասխան ամբիոններից. «Թե հայոց լեզվի եւ թե հայ գրականության բոլոր նյութերը քննարկվել են եւ դրանց մասին ընդունվել է միասնական որոշում. որեւէ միանձնյա որոշում ԳԹԿ-ն չի ընդունել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829