Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռուստասերիալներն ազդում են մահացած զինվորի մոր նյարդերի վրա

Փետրվար 21,2012 13:44

Օրերս նախաքննական մարմնի դեմ «Առավոտին» բողոք էր ներկայացրել անցած տարի Խոջալուում մահացած գյումրեցի 22-ամյա ժամկետային զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ տիկին Լենան: Նա պնդում է, որ իր որդին ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես որ փորձում է ներկայացնել նախաքննական մարմինը, այլ նրան դաժանաբար սպանել են: Ըստ տիկնոջ՝ քննիչ Մարտիրոս Ավագյանն իր բողոքները բացարձակապես հաշվի չի առել, իրեն հարկ չի համարել լսել, գործը միակողմանի է քննել, ավելին՝ առանց իր համաձայնության, առանց նախաքննության չորս հատորանոց նյութերը իրեն տրամադրելու, գործը ուղարկել է դատարան: Ընդ որում, տիկնոջը դատարան են հրավիրել դատաքննությունից չորս ժամ առաջ, դատն էլ նշանակել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում: «Եթե ես անգամ սամայլոտ ունենայի, չէի կարող գնալ ու հասնել»,- ասում է Լենա Սարուխանյանը: Նա վրդովված է նաեւ հեռուստասերիալներից, որը, նրա կարծիքով, սպանված զինվորների ծնողների նյարդերի հաշվին են ցուցադրում: «Որ ալիքը դարձնես, բանակի կյանքն է՝ «Բանակում», «Գեներալի աղջիկը», քանի կար «Աննա» հեռուստասերիալն էր. էն աստիճան հարուստ էր Գնունին, որ իր փողով, պաշտոնով կարող էր օրենք շրջանցել, իսկ ի՞նչ է, մենք՝ սովորական մարդիկս, ո՞ր օրենքը շրջանցենք, որ ապացուցենք, որ մեր երեխեքին սպանել են, ոչ թե ինքնասպան են եղել: Թող բարի լինեն՝ մի անգամ էլ զոհված զինվորների մասին կինո հանեն, որ մարդիկ տեսնեն, թե ինչեր է կատարվում բանակում իրականում, թող դա ցույց տան, ոչ թե շոուներ: Բացարձակապես չեն մտածում, որ ինչքան շատ են զոհված զինվորները, այնքան էլ շատ են նրանց ծնողները, չեն մտածում, թե ինչ է կատարվում ծնողների հետ, երբ էդպիսի ստահոդ հեռուստասերիալներ են տեսնում. ինձ հետ ահավոր բան է կատարվում, ես չեմ կարող հեռուստացույց դիտել»,- ասում էր զինվորի մայրը: Ըստ Լենա Սարուխանյանի՝ եթե ժողովուրդը ընտրություններին իրենց ձայնը հինգ հազար դրամով չվաճառեր, ապա խելքը գլխին ղեկավարություն կլիներ, բանակում էլ այս կարգի սպանություններ չէին լինի: Ըստ մեր զրուցակցի՝ մարզպետ Գիզիրյանից բացի, մինչ օրս ոչ մեկը իրենց դուռը չի թակել ու մխիթարական որեւէ խոսք չի հնչեցրել: Իրեն թեկուզեւ ձեւականորեն վշտակից չեն եղել Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավորները: Տիկինը խոստացավ ընտրությունների ժամանակ համահունչ պատասխան տալ. գնալ քվեարկության ու ընտրաթերթիկի վրա գրել իր գիտեցածը Շիրակի մարզից ընտրված յուրաքանչյուր պատգամավորի մասին: Տիկինը նաեւ բողոքեց, որ իրենց ապօրինաբար զրկել են մահացած զինվորի համար պետականորեն հասանելիք 13500 դրամ նպաստից: Պատճառը, ըստ նրա, եղել է այն, որ ինքը տարբեր ատյանների, այդ թվում նաեւ երկրի նախագահին բողոքել է նախաքննական մարմնի դեմ:

Այս մասին կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829