Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ արժեք ունի իրավաբանի դիպլոմը

Փետրվար 21,2012 13:37

Մի խումբ իրավաբաններ դիմել են ՀՀ նախագահին

Մեծարգո պարոն նախագահ.

Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության «Փաստաբանության մասին» օրենքում (հոդված 5) եւ ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները եւ օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում: Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանն այսուհետ դատարանում անելիք չունի՝ համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը: Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլեւս բոլոր փաստաբանները համարվում են հմուտ եւ փորձառու, եւ նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ՝ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է՝ հնարավորություն տար փորձառու եւ դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու եւ համալրելու փաստաբանների շարքերը: Հակառակ դեպքում՝ սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը եւ հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանն ակամա դառնում է թուղթ մրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ այսուհետ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն: Նշված փոփոխությունների հետեւանքով իրավաբանը որեւիցե մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր եւ դրանից հետո նոր խորհրդատվություն տալ: Հարց է առաջանում. ո՞ւմ են պետք բազմաթիվ բուհերում գործող իրավաբանական ֆակուլտետները եւ որտեղ պետք է աշխատեն ու փորձառություն ձեռք բերեն դրանց շրջանավարտները, եթե ոչ իրավաբանական գրասենյակներում, փորձառու իրավաբանների մոտ, եւ ի՞նչ արժեք ունի իրավաբանի դիպլոմը, ավելի հեշտ չէ՞ միանգամից բուհերից բաց թողնել պատրաստի փաստաբաններ:

Նշված փոփոխություններն առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փորձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին՝ գործունեությունը դադարեցնելու առջեւ, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաններին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը՝ առանց հարկատուի:

Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ եւ կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ:

Չնայած այս ամենին՝ դեռեւս ուշ չէ իրադրությունը շտկել, սահմանելով անցումային փուլ, որով պետությունը հնարավորություն կտա դատական ներկայացուցչության մեծ փորձ ունեցող իրավաբաններին պարզեցված կարգով ստանալ փաստաբանական արտոնագրեր:

Մեծարգո նախագահ.

Հաշվի առնելով վերեւում շարադրված խնդիրները՝ դիմում ենք Ձեզ ստեղծված իրավիճակին լուծում տալու հույսով:

Մի խումբ իրավաբաններ

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829