Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս ի՞նչ է կատարվում ավիաաշխարհում

Փետրվար 21,2012 13:33

Վերջին մի քանի օրվա ընթացքում ամբողջ աշխարհից նորությունների տարափ է հորդում այն մասին, որ աշխարհի այս ու այն ծայրերում ավիաընկերություններ են փակվում կամ սնանկանում, չեն կատարում իրենց պարտավորությունները, գործադուլ են անում: Կարծես, ժողովրդական լեզվով ասած՝ «չոռը տարել է» աշխարհի ավիաընկերությունները: Եվ պատճառների մեջ ոչ վերջին տեղում է վառելիքի անընդհատ թանկացումը, ուղեւորահոսքի սեզոնային նվազումը, օդանավակայանների ծառայությունների թանկացումը:

Այսպես, օրինակ, երեք օր առաջ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ ավստրալական «Էյր Օստրալիան» ավիաընկերությունը հայտարարել է իր բոլոր չվերթները չեղյալ անելու մասին: Պատճառ է բերվել այն, որ «Էյր Օստրալիան» ի վիճակի չէ վճարել վառելիքի համար: Ընկերության մամլո քարտուղարն ասել է, որ այս պահին ընկերության ղեկավարները մտածում են որեւէ տարբերակի մասին՝ ընկերությունը սնանկությունից փրկելու համար:

Գրեթե միաժամանակ իսպանական «Իբերիա» ավիաընկերությունը 154 չվերթ չեղյալ հայտարարեց՝ օդաչուների արհմիության կողմից հայտարարված գործադուլի պատճառով: Այս ընկերության օդաչուները վերջին երեք ամսվա ընթացքում արդեն ութերորդ գործադուլն էին անում:

Չորս օր առաջ էլ «Լյուֆթհանզան» էր 120 չվերթ չեղյալ հայտարարել նույն՝ օդաչուների եւ օդանավերի սպասարկող անձնակազմի ու ավիացիոն դիսպետչերների գործադուլի պատճառով:

Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանի աշխատակիցներն էլ իրենց հերթին էին միացել գործադուլին, որը շարունակվում է մինչ օրս:

Սակայն սա էլ դեռ ամենը չէ:

Հունգարական ազգային ավիափոխադրող Մալեւ ընկերությունը դեռ փետրվարի առաջին օրերին էր հայտարարել իր ֆինանսական անկարողության եւ անվճարունակության մասին ու չեղարկել էր նախատեսված թռիչքները: Մինչ այդ այս ընկերության երկու ինքնաթիռ «ձերբակալվել էր» Իսրայելում եւ Իռլանդիայում՝ պարտքերը չմարելու մեղադրանքով:

Այս ընկերության հաճախորդները ստիպված կլինեն սպասարկվել հունգարական փոքրբյուջետային Wizzair ընկերության ինքնաթիռների կողմից:

Այս ամենը դեռ բավական չէր, Էստոնական ավիաուղիների ղեկավարն էլ իր հերթին է բոլորին շոկի մեջ գցել, ասելով, թե իր ունեցած փաստերի հիման վրա արված եզրահանգումը թույլ է տալիս հայտարարել, որ մինչեւ ամառ Եվրոպայում կսնանկանան եւս չորս ավիաընկերություններ:

Նա ասել է, որ քաղավիացիայում հիմա խոշոր «կլանումներ» եւ միավորումներ են լինում, եւ տարբեր պատճառներով շատ ընկերություններ են փակվում: Տարեսկզբին փակվել էր նաեւ իսպանական «Սպեյնէյրը»:

Ընդհանրապես, ձմեռը շատ ծանր սեզոն է ավիաընկերությունների համար: Դժվար է լինում դիմանալ մարդկային եւ հետեւաբար ֆինանսական հոսքերի կտրուկ պատճառով առաջացած ֆինանսական ճեղքերին:

Այս տագնապալի ֆոնի վրա մեզ մնում է միայն ուրախանալ այն փաստով, որ չնայած համաշխարհային ավիացիայում տեղի ունեցող կատակլիզմներին՝ մեր ազգային ավիափոխադրող «Արմավիան» նման ծանր վիճակում չի հայտնվել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829