Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապպացուցված» խախտումներին տեր չկա

Փետրվար 21,2012 13:31

 ՀՌԱՀ-ը հորդորում է «Գովազդի մասին» օրենքի խախտումների համար դիմել ձեթ, յուղ, լվացքի փոշի ու ամանի հեղուկ արտադրող ընկերություններին:

Ավտոմեքենաների ապահովագրությունը նախատեսվա՞ծ է երեխաների համար, բջջային օպերատորների սակագնային փաթեթները նախատեսվա՞ծ են նրանց համար, լվացքի փոշին, ամանի հեղուկը, ձեթերը, յուղերը նո՞ւյնպես երեխաների համար են: «Առավոտ» օրաթերթը այս հարցերն էր ուղղել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ ակնկալելով շատ հստակ պատասխաններ: Բանն այն է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին»:

Այնուամենայնիվ, հիմա մեր հեռուստաեթերում «Ռոսգոսստրախ Արմենիա», «Նաիրի ինշուրանս» ընկերություններն իրենց ԱՊՊԱ-ները գովազդում են երեխաների հաշվին՝ «ապպացուցելով», որ իրենք խախտում են «Գովազդի մասին» օրենքը: Նորածին երեխաներին իրենց ապրանքանշանի գույներով՝ դեղին եւ սեւ գծերով գուլպաներ են ստիպում հագնել «Բիլայնը»՝ իր «զրո» սակագնային փաթեթի գովազդում, «Tide» լվացքի փոշու գովազդում նույնպես դպրոցական երեխաներ են: Երեխաները գովազդում են «Vernet»-ի պահածոները, անգամ «Ֆելիսիթի» բնակելի թաղամասի «էլիտար» շենքերի գովազդում են նրանց օգտագործում: Եվ այս բոլոր խախտումների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Քանի որ երեխաներն անտեղի օգտագործվում են նաեւ արտաքին գովազդներում, նույն հարցով «Առավոտը» դիմել էր նաեւ Երեանի քաղաքապետարան: Արտաքին գովազդների պատասխանատուները մեր հարցերին ի պատասխան՝ խախտումներն արդարացրել էին, թե արտադրող ընկերություններին ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել, որ դրանք երեխաների համար նախատեսված ապրանք չեն, նրանց պարզաբանմամբ, հայերի հոգեբանությամբ թե բջջային հեռախոսը եւ թե ընդհանրապես ամեն ինչ երեխաների համար էլ է:

ՀՌԱՀ-ը, ի պատասխան մեր հարցադրմանը՝ նշել է, թե օրենսդրությամբ չկա այն ապրանքների ցանկը, որը նախատեսված է երեխաների համար: Ավելին՝ հանձնաժողովից պատասխանել են, թե ճշտելու համար՝ ձեթը, լվացքի փոշին, ամանի հեղուկը եւ մնացած ապրանքները նախատեսվա՞ծ են երեխաների համար՝ «խնդրում ենք դիմել լիազոր մարմին՝ ՀՀ կառավարություն կամ ձեր կողմից նշված ծառայություն մատուցող իրավաբանական անձանց»:

Փաստորեն, ՀՌԱՀ-ը չի ընդունում, որ հենց ինքն է գովազդի վերահսկողը Հայաստանում: Եթե նույնիսկ ընդունենք, որ դա ՀՌԱՀ-ի գործառույթը չէ, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդ մարմինը 2 ամիս առաջ «Գովազդի մասին» օրենքի խախտման համար նիստ հրավիրել ու տուգանել «Արմենիա» հեռուստաընկերությանը: Հենց ՀՌԱՀ-ից «Առավոտին» ուղարկված տեղեկատվության համաձայն, «Արմենիա-TV»-ին» խախտել է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը, ինչն առաջացրել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Մենք նաեւ հետաքրքրվել էինք ՀՌԱՀ-ից, թե վերջին մեկ տարվա ընթացքում «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի խախտումներ չե՞ք արձանագրել: Նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է երեխաների օգտագործմանը: Հանձնաժողովը, բնականաբար, ոչ մի խախտում չէր նկատել ու չէր արձանագրել:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829