Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոալիցիան ստորագրեց «ղազագիրը»

Փետրվար 21,2012 13:20

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հրազդանում իշխանական թեկնածուն 6-7 հազար ձայնի տարբերությամբ պարտվեց Սասուն Միքայելյանին:

– Ըստ Ձեր վերլուծությունների՝ արդյոք Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններն ուրվագծեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատկե՞րը:

– Ինձ համար այս ընտրություններում որեւէ նորություն չկար: Հայաստանի դժբախտությունը մենաշնորհների մեջ է: Մեր երկրում մենաշնորհային է իշխանությունը, որովհետեւ իշխանություն ունի մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը: Մենաշնորհային է քաղաքական դաշտը, որովհետեւ քաղաքական բոլոր բարքերից օգտվում է միայն Հանրապետական կուսակցությունը՝ ինքը պիտի մեծամասնություն լինի, եւ ինքը պիտի մեծահոգաբար մնացածներին, իր բարությունից ելնելով, ինչ-որ մասնաբաժին տա՝ կոալիցիա ձեւավորի: Իսկ դա էլ կախված է նրանից, թե դու ինչքա՞ն կշողոքորթես իրեն, ինչքա՞ն իր հետ լավ կլինես ու իր ասածները կընդունես՝ որպես պապայի, որպես մեծ եղբոր: Մենաշնորհային է նաեւ տնտեսական դաշտը: Այն մարդիկ, ովքեր իշխանության եւ քաղաքական թիմի հետ են, կրում են նրանց կրծքանշանը, նրանց կտրած ժապավենները պահում են իրենց ընտանեկան ալբոմներում ու սրտին ինչքան մոտ՝ այնքան լավ, այդ մարդիկ ունենում են բիզնեսի, արտադրության առավելություն: Այս երեք մենաշնորհների, այս երեք բուրգերի վրա կար մեկը (Ռոբերտ Քոչարյան- Ն. Գ.), որ կազմակերպված պետություն էր ստեղծում: Դա պետություն ձեւավորելու հին, չինական սկզբունքն էր, չնայած իրենք դա կազմակերպված չէին անվանում: Հիմա եկավ Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես չփոխեց մոդելը, այլ փորձեց այդ մոդելից հնարավորինս ավելի շատ օգուտ ունենալ: Ու այս առումով 2003 թվականից առ այսօր ոչինչ չի փոխվել: Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի իրեն վերարտադրի: Մինչեւ ընտրությունները որ ասում են՝ «հարսնացուն քացի կտա» եւ այլն… իրենք հայտարարելու են, որ ամեն ինչ արդար ենք կազմակերպելու, փորձելու են հասարակությանը հույս տալ, բայց ընտրության վերջին օրը իրենք տեսնելու են, որ չեն կարողանում, ինչը տեղի ունեցավ Սասունի ընտրություններում, եւ դիմելու են այն միջոցներին, ինչն ունեն ձեռքի տակ: Այսօր իրենց ձեռքի տակ ունեցած ամենահարմար միջոցը բացակաների փոխարեն քվեարկություն կազմակերպելն է: Իրականում իրենց թեկնածուն մինչեւ 6-7 հազար ձայնի տարբերությամբ պարտվեց Սասունին:

– Այս իրականությունն աչքի առաջ ունենալով՝ արդարացվա՞ծ են ՀԱԿ-ի հավակնությունները՝ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն հավաքել եւ քաղաքական իրավիճակ փոխել երկրում:

– Ավելի, քան մինչեւ հիմա եղած ընտրություններն են, որովհետեւ հասարակական կյանքն ավելի լավը չի դարձել, եւ մարդիկ ավելի լավ չեն սկսում ապրել: Ընդհակառակը: Երկրորդ՝ երբեք այս երկիրը այսքան անհույս չի եղել: Ու հիմա ամենակարեւոր բանը հասարակության մոտ հույս ծնելն է, պայքարելու եռանդ ու ներուժ դնելն է, ինչին ես ուղղորդելու եմ իմ ամբողջ պոտենցիալը, որովհետեւ երկրի վիճակը համարում եմ ծայրահեղ: Հենց միայն իրենց վիճակագրական վարչության տվյալներով՝ 2002-2012 թվականներին, կլորացված թվերով, Հայաստանից բացակայել է 130 հազար մարդ: Նույն իշխանությունների տվյալներով՝ Ղարաբաղում ապրում է մոտ 130 հազար մարդ: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մենք կորցրել ենք մի ամբողջ Ղարաբաղ, այն դեպքում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ մենք ազատագրել ենք Ղարաբաղը, ինչ-որ առումով ազատագրել ենք նաեւ Հայաստանը եւ ավելացրել ենք 7 շրջան: Այս փաստն անվիճելի է, եւ այս արգումենտը կարելի է կրկնել: Հասարակությունն այլ հենարան, հույսի այլ տեղ, քան ՀԱԿ-ն է, չունի: Բոլոր այն ուժերը, ովքեր երկրի իրավիճակը գնահատում են այսպես, տեսնում են, որ իշխանություններն այս տարբերակով անընդհատ պիտի վերարտադրվեն, ովքեր խնդիր են դնում ոչ թե պատգամավոր դառնալու, այլ երկրում իրական փոփոխություններ անելու, միավորվել են ՀԱԿ-ում, եւ քարոզարշավը երբ սկսվեց, երբ երեւացին բեւեռները, երեւաց, թե ովքեր են իրար դեմ պայքարում, ակնհայտ է դառնում, որ կա իշխանական բեւեռ՝ իր կոալիցիայով եւ իրեն սպասարկող որոշակի քաղաքական ուժերով, եւ ՀԱԿ: Հասարակությունը սկզբում ֆուտբոլ դիտողի նման դիտելու է ու իր համակրանքը լինելու է ՀԱԿ-ի կողմը: Վերջում ինքն էլ իրեն թիմի անդամ է համարելու եւ ՀԱԿ-ի հետ լցվելու է հրապարակներ: Ու այդ ժամանակ իշխանության խնդիրը շատ ծանր է լինելու:

– Իսկ ի՞նչ գնահատական կտաք կոալիցիոն նոր հուշագրին եւ Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելուն:

– Էդ կոալիցիայի հին հուշագիրը, նոր հուշագիրը, շատ ավելի նորացված հուշագիրը, թոփ-թազա հուշագրերն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում: Ես էդ կոալիցիոն կուսակցությունների մեջ որեւէ տարբերություն չեմ տեսնում: Ես չեմ տեսնում դրանցից որեւէ մեկը, որ փոխի Սերժ Սարգսյանին՝ ինքն ի՞նչ է անելու, որ Սերժ Սարգսյանից ավելի լավ է անելու, եւ չի ասում, որ այն ուղղությունը, ինչ որ վերցրել է Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ սխալ ուղղություն է: Ու քանի իրենք այդ բաները չեն անում, իսկ Վարդան Օսկանյանի դեպքում՝ առավել եւս, խնդիրներ կան Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, մեկնաբանությունների խնդիր չկա: Ինձ համար այդ ենթատեքստը նույնն է: Այս դեպքում նույնիսկ ՀՀԿ-ն ավելի բարոյական է:

– Մինչդեռ, այսպիսով ի չիք են դառնում ՀՀ առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի որոշ առանցքային դեմքերի ակնկալիքները, որ ԲՀԿ-ն ճիշտ կողմնորոշվելով՝ կարող էր նոր քաղաքական իրավիճակ ստեղծել Հայաստանում:

– Այդ առումով ես ժամանակին ասել եմ իմ տեսակետները: ՀԱԿ-ը միշտ չէ, որ ճիշտ որոշումներ է կայացրել, բայց ՀԱԿ-ը ճիշտ որոշումներ բավականին հաճախ է կայացրել: Այսօր ՀԱԿ-ը թափ հավաքելու, ուժ հավաքելու խնդիր ունի: Ես ընդունում եմ, որ այդ խնդիրը կա, ես տեսնում եմ գործընթացներ, որոնք կբերեն ՀԱԿ-ին այդ թափը, եւ այս կամ այն, իմ կարծիքով, մանր թերացումները կմոռացվեն, նույնիսկ իրենց դրական արդյունքները կտան:

Ամեն ինչ պետք է անել հասարակությանը անտարբերության, դատապարտվածության, հուսահատվածության թմբիրից հանելու համար: Սա է այսօր գործող ցանկացած քաղաքական գործչի համար մեկ խնդիրը, նույնիսկ՝ իշխանական թեւի: Հույս է պետք տալ այս ժողովրդին, իրական հույս ու հավատ:

– Մարտի 1-ին նախատեսված է ՀԱԿ-ի այս տարվա առաջին հանրահավաքը. դա կլինի հանրահավաքային շրջանի բացո՞ւմը, եւ ո՞րն է լինելու այդ հանրահավաքի «մեխը»:

– Դա կլինի քարոզարշավի սկիզբն այս խորհրդարանական ընտրությունների, որին ես նախագահական ընտրություններ եմ համարում: Եվ ոչ միայն ես, այդպես է համարում նաեւ Սերժ Սարգսյանը, որը իր համար «ղազագրեր» ստորագրել է պարտադրում գործընկերներին: Ես ուզում եմ, որ ժողովուրդն էլ այս ընտրությունը նախագահական համարի, որովհետեւ այստեղից սկսած՝ ձեւավորվելու է իշխանությունը, ու այդ մոտեցումով գա մարտի 1-ի հանրահավաքին: Դա լուրջ հանրահավաք է, լուրջ գործընթացների սկիզբ, եթե կուզեք՝ նաեւ փոփոխությունների սկիզբ. նախ՝ հոգեւոր, հետո՝ մտավոր, հետո կդառնա ֆիզիկական ու իրական:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829