Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրապահը» մեզ հետ է

Փետրվար 21,2012 13:03

Այսպես ասվել է միշտ

ԵԿՄ 9-րդ համագումարը շատերի համար դարձավ քննարկումների հերթական թիրախ: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե ԵԿՄ-ն սատարելու է գործող նախագահին, դարձավ թոփ-շքերթի հերթական առաջամարտիկը: Ըստ էության, իր պաշտոնական հայտարարության մեջ ԵԿՄ-ն նման բան չի ասել, եւ Մանվել Գրիգորյանը ինքն իր բանավոր խոսքում է հայտարարել դա: Երեկ մենք փորձեցինք որոշ մեկնաբանություններ ստանալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, բոլորն էլ միաձայն ցիտում էին օրենքը եւ ասում, թե ՀԿ-ները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն: Ըստ էության, «Երկրապահը» չի էլ ասել, թե զբաղվելու է, եւ հենց համագումարից անմիջապես հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք առաջիկա ընտրություններում ԵԿՄ-ն սատարելո՞ւ է Հանրապետական կուսակցությանը, Մանվել Գրիգորյանն ասել է. «Իշխող Հանրապետականին… նման բան չհնչեց, բայց որ նախագահը մեր մարտական ընկերն է, մենք իրեն սատար ենք լինելու… Մոռանո՞ւմ եք, որ նա մեր պաշտպանության նախարարն է եղել ծանր մարտերի ժամանակ, 93-94 թվականներին… Իր հրամաններն ենք կատարել: Ինքը մեզ չի լքել ռազմաճակատում, մենք էլ իրեն չենք դավաճանել, կատարել ենք անխտիր բոլոր հրամանները: Կարող է Հանրապետական չլիներ… ինչ կուսակցություն ուզում էր լիներ, ինձ դա չի հետաքրքրում: Բայց որ մենք իրեն ենք սատարելու, ես գտնում եմ, որ դրանում կասկածանք չունենք»:

Երեկ, մեկնաբանելով ԵԿՄ համագումարում եւ դրանից հետո հնչած հայտարարությունները, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի աջակցությունը իշխանություններին համարում է երկրի քաղաքական կյանքում կշիռ չունեցող մի գործողություն: Ըստ Լեւոն Զուրաբյանի. «Եթե արդեն քաղաքականության մեջ որեւէ դերակատարություն չունեցող ուժերից էլ փորձում են կորզել հայտարարություններ, դա ցույց է տալիս, որ շատ անհանգստացած են իշխանությունները: Իրենք իսկապես զրոյական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական կյանքում, ինչը ապացուցել են արդեն մեկ տասնյակ տարի շարունակ»: Մի տեսակ երկակիության հոտ է գալիս այս ամենից: Եվ զուգահեռները ծնվում են ակամա: Մեր զրուցակիցներից մեկը այս կապակցությամբ ասաց, որ իզուր է պարոն Զուրաբյանը նման բաներ հայտարարում, եւ ում հիշողությունը կարճ չէ, կհիշի, թե ինչպես էր 2008-ի հանրահավաքներում առաջին նախագահը շարունակ շեշտում, թե «Երկրապահը» մեզ հետ է: Թե՞ դա ուրիշ «Երկրապահ» էր: 2008-ին, երբ ՀՀ առաջին նախագահը գրեթե բոլոր հանրահավաքներում, ոգեշնչելով մասնակիցներին, հայտարարում էր, թե «մեզ հետ են նաեւ երկրապահները, ԵԿՄ-ն եւ Մանվել Գրիգորյանը (ով այդ ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարն էր), արդյոք չէ՞ր նշանակում, որ դերակատարություն չունեցող ուժերից էլ փորձում են կորզել հայտարարություններ: Եթե իրոք այդպես է, ինչո՞ւ էր ուրեմն այն ժամանակ նման հայտարարություն արվում առաջին նախագահի կողմից»:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այս հարցերը չուզեց մեկնաբանել, սակայն մեջբերելով օրենքը՝ ասաց. «Հասարակական կազմակերպությունները կառավարական գործերով պիտի չզբաղվեն, եւ դա օրենքով ընդունված, պարտադրված սկզբունք է, մի անգամ ես նույնիսկ այս հանգամանքը բավական հմտորեն օգտագործել եմ, երբ ԵԿՄ-ն ժողով արեց եւ պարտադրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական տա, ես այն ժամանակ զարմացա, որ Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չէր ասել, որ նրանք դրա իրավունքը չունեն, եւ հետո, Անդրանիկ Մարգարյանի շուրթերով, շատ բան չեմ ուզում ասել, բայց եղել է, եթերում հնչեց, որ դրանք էմոցիոնալ հայտարարություններ են, եւ «Երկրապահը» իրավունք չունի քաղաքական գործերի մասնակցելու»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը եւս նկատեց, որ հ/կ-ներին քաղաքականության մեջ ներքաշելը սխալ է, բայց ինքը զարմացած չէ. «Ես զարմացած չեմ, քանի որ զգացվում էր, որ դա նախապես պայմանավորված շատ գեղեցիկ արարողություն էր, հին ընկերներով, միմյանց հասցեին հաճոյախոսություններով, Սերժ Սարգսյանը ասաց, որ դահլիճում իր ընկերներն են, ընկերները հայտարարեցին, որ ամեն ինչ լավ է լինելու»: Մեր հարցին՝ բոլոր նախագահների ժամանակ էլ նման բաներ եղել են, եւ դժվար թե ԵԿՄ-ն այս պահին ինչ-որ արտառոց բան է անում, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Եթե ես ասում եմ՝ ճիշտ չի, չեմ ասում, որ դա ճիշտ էր 90-ականներին, միշտ էլ ներքաշելը սխալ է եղել»:

 ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829