Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգայինից» հույս չկա

Փետրվար 21,2012 12:55

Վերջերս ես P.S. հաղորդաշարի շրջանակներում «սքայփով» զրուցել եմ ռուսաստանցի գրող եւ հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչի հետ՝ մարտի 4-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին: Այդ զրույցի տեսագրությունը կարելի է դիտել այսօր «Ա1+»-ի եթերում, առաջին անգամ, 15.20-ին: Բնականաբար, ի թիվս այլ հարցերի, հետաքրքիր էր իմանալ զրուցակցիս վերաբերմունքը ընտրություններում իրենց թեկնածություններն առաջադրած գործիչների վերաբերյալ: Շենդերովիչը, որքան հասկացա, ոչ մեկով ոգեւորված չէ. Զյուգանովն ու Ժիրինովսկին վաղուց են «ընդդիմություն աշխատում», եւ դա եկամտաբեր աշխատանք է, Պրոխորովը ակնհայտորեն Պուտինի նախագիծն է, Միրոնովի մասին խոսելն անգամ ավելորդ է: Եվ, հետեւաբար, հետաքրքրվեցի ես՝ ի՞նչ եք խորհուրդ տալիս ռուսաստանցի ընտրողներին: Խորհուրդը հետեւյալն էր՝ մտածել եւ ինքնակազմակերպվել՝ ուշադրությունը չշեղելով վերոհիշյալ թեկնածուների վրա:

Հայաստանում իրավիճակը եւ նման է, եւ տարբեր: Մասնավորապես, այնտեղ Զյուգանովը 20 տարի է, որ ասում է՝ «ավազակային ռեժիմ», այստեղ ՀԱԿ-ը՝ ընդամենը 5 տարի: Այնպես որ, կրկնվող հռետորաբանությամբ ժողովրդին վերջնականապես հոգնեցնելու համար մերոնք դեռ 15 տարի ունեն: Թե այստեղ եւ թե Ռուսաստանում կա բավականին մեծ իներտ զանգված, որը բոլոր պարագաներում, առանց որեւէ ճնշման եւ կաշառքի, քվեարկելու է «նաչալստվայի» օգտին, ինչպես էլ այն կոչվի: Մեր երկու երկրներում ընտրակեղծիքների մեխանիզմը պատրաստի «յուղած» է, ընդ որում՝ Հայաստանում դրա ճարտարապետներն ու ինժեներները հենց ներկայիս ՀԱԿ-ականներից շատերն են: Թե Հայաստանում եւ թե Ռուսաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, եւ ՌԴ-ում, իմ տպավորությամբ, այդ վերահսկողությունը, այսպես կոչված, «դաշնային» ալիքների հանդեպ ավելի կարծր է, քան մեզ մոտ: Բայց երկու դեպքերում էլ ինտերնետն արդեն իսկ դարձել է հեռուստատեսային հեռարձակման լուրջ այլընտրանք:

Իսկ ամենաէական նմանությունն այն է, որ մեր երկու, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների, քաղաքացիները չեն տեսնում մի կողմից՝ ազատության, ժողովրդավարության, անկախ դատարանների, արդար ընտրությունների, մյուս կողմից՝ իրենց բարեկեցության պատճառահետեւանքային կապը: Ինքնակազմակերպումը, որի մասին խոսում է Շենդերովիչը, ես ընկալում եմ նախեւառաջ որպես քայլ՝ այդ գիտակցությանը հանգելու համար:

Ռուսաստանում այդքանը գիտակցած եւ քաղաքներում հրապարակներ դուրս եկած մարդկանց կոչում են «ոչ համակարգային» ընդդիմություն՝ ի տարբերություն «համակարգայինի», որի հետ առանձնապես հույսեր չեն կապում: Տերմինը ճշգրիտ չէ. նոր համակարգերը ստեղծվում են հենց «ոչ համակարգային» ընդդիմության շնորհիվ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829