Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարց քաղաքապետին

Փետրվար 21,2012 12:30

Թեև քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ այլևս որևէ շինարարություն չի իրականացվի կանաչ տարածքների հաշվին, սակայն Մաշտոցի զբոսայգին վերածվել է մեծ շինհրապարակի, ինչը դադարացնելու մասին բնապահպանների ու քաղաքացիական հասարակության պահանջին Երևանի քաղաքապետը պատասխանում է, որ Մաշտոցի այգին կանաչ գոտի չէ: Իսկապես, չի բացառվում, որ Երևանի գլխավոր հատակագծից Մաշտոցի այգին, որպես կանաչ գոտի ջնջված լինի, սական նման պայմաններում հետևյալ հարցն է ծագում – այդ դեպքում որո՞նք են կանաչ գոտիները:

Արդեն անդրադարձել ենք  նրան, որ Սահմանադրության համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, որ այդ իրավունքները բարձրագույն արժեքներ են, գործում են անմիջականորեն, իսկ պետությունն էլ սահմանափակված է դրանցով:

Քաղաքաշինության բնագավառում այդ իրավունքների ապահովման համար գործում են քաղաքաշինական նորմեր, որոնցից շեղումը հանգեցնում է սահմանադրական վերը նշված իրավունքների խախտմանը:

Այսպես, «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆիՊ 2.07.01-89-ի 2-րդ մասի 2.11. կետի համաձայն միկրոշրջանի (զանգվածի) կանաչապատ տարածքի մակերեսը պետք է պակաս չլինի 6քմ/մարդ հաշվարկից (առանց հաշվի առնելու դպրոցների և մանկապարտեզների կանաչապատ տարածքները):

Այժմ բնական հարց է ծագում, որից առաջ, սակայն, մի անեկդոտ հիշեցի. ամուսինը երկու կգ միս է բերում, որ կինը ճաշ եփի ու գնում է գործի: Մինչ գործից կգար, կինն այդ միսը սիրեկանի հետ հորով-մորով է անում: Երբ ամուսինը գալիս է, պարզում է, որ ճաշը եփած չէ, միսն էլ չկա: Կինը բացատրում է, որ միսը կատուն է կերել: Ամուսինը կշռում է կատվին, որը երկու կգ է կազմում ու հարց է տալիս, լավ, էս միսը, բա կատուն ու՞ր է:

Հարգելի քաղաքապետ, լավ, Մաշտոցի այգին կանաչ գոտի չէ, բա կանաչ գոտիները որտեղ են, ցույց տվեք: Հիշեցնում եմ, 1 անձին 6քմ կանաչ գոտի է հասնում տվյալ միկրոշրջանի տարածքում:

 

Կարեն Մեժլումյան

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829