Հետաքրքիր էր համագումարին տեսնել «դարձի եկած» գեներալներ Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին, Հայկազ Բաղմանյանին, Լյովա Երանոսյանին, բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին եւ այլոց, որոնք նախկինում ստորագրել էին փաստաթուղթ հետեւյալ բովանդակությամբ. «2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ հասարակական կազմակերպության որոշ անդամներ, խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել «Երկրապահ»-ին ոչ վայել գործունեությամբ, որն անընդունելի է եւ վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման եւ զարգացման գործընթացը։ Նրանք օգտագործվում են անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով գնահատելով եւ արժեւորելով «Երկրապահ»-ի դերն ու նշանակությունը, մեր զոհված ազատամարտիկ-ընկերների բարի անունն ու հիշատակը, ինչպես նաեւ առաջնորդվելով Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի մեծ զգացումով եւ մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու հաստատուն որոշմամբ՝ դադարեցնում ենք մեր անդամակցությունը կազմակերպությանը»։
Հիշեցնենք, որ այդ օրերին ԵԿՄ վարչության շատ անդամներ «ԵԿՄ-ին ոչ վայել գործունեություն» էին ծավալել՝ կանգնելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին։ Այսօր ԵԿՄ-ն զբաղվում է իրեն «վայել գործունեությամբ»՝ սատարելով Սերժ Սարգսյանին։ Առա՛ջ Հայաստան։
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Ժողովուրդ»