Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ կանգնում բնապահպաններիդ կողքին, որովհետեւ …»

Փետրվար 21,2012 11:30

Բնապահպաններից մեկը՝ մի տիկին կամ օրիորդ՝ իր գործն է, վերջապես պոռթկաց Ֆեյսբուքում հենց այն, ինչը որոշ բնապահպաններ պատերի տակ կիսաձայն են «պոռթկում», ու իմ համբերության բաժակը լցվեց։ Մեջբերում եմ առանց դույզն-ինչ միջամտության. «ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈԻ պայքարը քաղաքական պայքար Չէ. այն մասնակիցները, ովքեր զուտ այգին պաշտպանելու հարցով են ցույցին մասնակցում, քաղաքական ոչ մի հարց բարձրացնելու նպատակ չունեն։ Իզուր ճանճի պես մեր շուրջը մի ֆռֆռացեք, մենք գործիք չենք դառնալու»։

Եթե այս տողերի հեղինակին ու նրա «հոգու ճիչ-ճղավոցին» հավանություն տվողները կարծում են, որ իրենք գործիք չեն՝ կամա թե ակամա, չարաչար սխալվում են։ Հենց այդ գործիք լինելու փաստն է նրանց հուշել, որ «արդարանան»՝ ի լուր այդ նույն Ֆեյսբուքում վխտացող իշխանական գործիքների, որ վերեւներին հասցնեն՝ հանկարծ չմտածեք, թե մենք էն «Սերժիկ, հեռացիր» գոչողների «հանցագործ բանդայից» ենք, երբ պետք լինի՝ «մեծարգո նախագահ»-ին ու մնացած «մեծարգոներին» շշմելու քաղաքակիրթ նամակներ էլ կհղենք՝ հանուն մեր պաշտելի թուփ ու քոլի, ու երբ պետք լինի՝ կրծքով կպաշտպանենք էդ «մեծարգո նախագա-ին էլ, նրա «հարգարժան» մանկլավիկներին էլ։

Վաղուց եմ «դիտում» ձեր պայքարը, անասելի սիրելի բնապահպաններ։ Սիրտս էլ ցավում է, երբ բազազները հարձակվում են ձեզ վրա կամ երբ ոմն «արվեստագետ» ձեզ «թափթփուկ» է ասում, բայց համ էլ չեմ կարող չհարցնել, «նույնիսկ եփած հավն է վաղուց հասկացել, ձեր ասած ճանճերը՝ նույնպես, որ էդ ծառ կտրողները, Երեւանը անապատ դարձնողները, Հայաստանը չարագուշակ հանքահոր դարձնողները սեփական տան պատերի ներսում ինքնուրույն փռշտալ ի վիճակի չեն առանց Սերժիկ Սարգսյանի «դաբրոյի», դուք մինչեւ հիմա չե՞ք հասկացել»։ Եթե չեք հասկացել՝ ցավակցում եմ, եթե հասկացել եք ու փորձում եք փակել «քաղաքականացվածների» բերանը՝ էս արեւի տակ ձեր բաժին թթվածինը պահպանելու համար, պահպանեք, բայց մի հոխորտացեք, համեստորեն ձեր պայքարն առաջ տարեք, եթե, ըստ ձեզ, առաջ տանելու տեղ կա։ Բայց մեկ-մեկ հիշեք, որ էս երկիրը, Երեւանը, Երեւանի այգիները միայն ձերը չեն, ու եթե մեկն այդ այգու համար պայքարի ելքը տեսնում Է միայն Սերժիկի հեռացման միջոցով, ձեզնից չպետք է թույլտվություն վերցնի, հետո բղավի. «Սերժիկ, հեռացիր»։

Զզվում եմ գրաքննությունից եւ չեմ կանգնում բնապահպաններիդ կողքին, որովհետեւ բազազների նմանները չկարողացան ստիպել ինձ, որ չասեմ. «Սերժիկ, հեռացիր», ձեզ նման քնքշաքնքույշ, քաղաքակիրթ ու ճանճասպան բնապաշտները հազիվ թե կարողանան։

Առայժմ այսքանը։ Ողջ լերուք։ Ձեր արդար գործին հաղթություն։

Հ. Գ. Ըստ Ֆեյսբուքի ընկերներիցս մեկի՝ շոու բիզնեսի երգչուհիներից մեկը հարցրել Է՝ կարա՞մ միանամ բնապահպաններին, բայց ՀՀԿ-ին դեմ չգնամ։ Հանգստացրեք խեղճ աղջկան, ասեք՝ արխային, կարա՛ս։ Վկան՝ շոու բիզնեսի այն ներկայացուցիչների աջակցությունը բնապահպաններին, որոնք ծպտուն անգամ չհանեցին, երբ Երեւանի կենտրոնում գնդակահարեցին 10 անմեղ մարդու եւ բանտերը նետեցին հարյուր հիսունից ավելի անմեղ քաղաքացիների:

Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829