Ի՞նչ տեղի ունեցավ հանկարծ, անկախության ընդամենը 20 տարում մեր միջից մտավորականը վերացավ, վերացավ այնպես, որ հիմա նույնիսկ ցերեկը մտավորականներ ենք փնտրում լապտերով։ Գտածներս էլ գիտե՞ք ինչ է՝ Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյան։ Շատ չի՞ մի քիչ մտավորական ասելը։ Գուցե ճիշտ կլինի մտավորական օլիգարխիայի ներկայացուցի՞չ ձեւակերպումը։ Մարդը Երեւանի ավագանու անդամ է, որոշումներ է կայացնում, մեկ-մեկ էլ այնպիսի որոշումներ, որ իր համար լավ լինի։ Նա Մաշտոցի այգի էր գնացել, հավանաբար, ամենաբարի նպատակներով՝ հանկարծ այնպես չպատահի, որ բետոնախառնիչը տրորի մատաղ սերնդին։ Այո՞։ Բայց ավաղ, փոխանակ անձամբ փակելու այդ բետոնախառնիչի ճանապարհը, կամազի անտաշ շոֆեռի թասիբն էր պահել, միլիցեքի ու խայտառակված քաղաքային իշխանությունների։ Այդ նույն քաղաքապետարանում տեսնես չկա՞ն այլ մտավորականներ։ Ինչո՞ւ են թռած, ինչո՞ւ չեն միջամտում, ավագանու նիստ չեն պահանջում, չեն փորձում չեղյալ անել թեկուզեւ նախկինում ընդունված, բայց ապուշ որոշումները։ Իսկ ո՞ւր են մեր մյուս ստեղծագործական միությունների օլիգարխ-ղեկավարներն ու նրանց ենթակա գրող-մրողները, ջութակ-մութակ ճզվզացնողները, որ առիթը բաց չեն թողնում պետության հաշվին Դիլիջանում ու Ծաղկաձորում «ստեղծագործական» արձակուրդի գնալու՝ ինչ է թե այնտեղ կանաչ տարածք կա, իսկ ամեն թփի տակ՝ մուսա։ Մի՞թե այդ նույն կանաչ տարածքը չէ, որ նրանց աչքի առաջ առեւտրի կենտրոնի է վերածվում։
Այ, թերթին դատի տալու հարց լինի՝ պատրաստ են։ Իսկ երբ գործ կա անելու՝ չկան, չեն եղել, կարիք չունեն լինելու, մարդամեջ գալու։ Մեկը փորձեց գալ՝ Արա Երնջակյան էր անունը։ Եթե իմանար, որ ինքն այդքան ուրիշ է արդեն, երեւի չգար, իզուր տեղն ավելի չխտացներ գորշությունը, ու հետեւից էլ չասեին՝ ծախված է, մի շահ ունի ուրեմն, որ եկել է։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ»