Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստացել է ՀՔԾ-ի կողմից իրեն վերահասցեագրած՝ հանցագործության մասին հաղորդումը, որը փետրվարի 11-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը ներկայացրել էր «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանը: Հիշեցնենք, որ խոսքը փետրվարի 9-ին ՀՀ խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին, Ռազմիկ Զոհրաբյանին, Համլետ Հարությունյանին, Ռաֆիկ Գրիգորյանին, Միշա Ստեփանյանին եւ Լեռնիկ Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդման մասին է:
Թե ի՞նչ է ակնկալում մասնավորապես «Ժառանգություն» խմբակցությունը Նիկոյանից՝ փորձեցինք ճշտել խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանից: Aravot.am-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ տվյալ դեպքում Սամվել Նիկոյանը ոչինչ անել չի կարող, «որովհետեւ խնդիրը իրավական է, եւ պետք է լուծում ստանա իրավական հարթության տեսանկյունից. «ՀՔԾ-ի առաքելությունն ամենեւին էլ այն չէ, որ իրեն ուղղված հաղորդման կապակցությամբ դիմի ԱԺ նախագահին, որպեսզի նա բարոյական դաշտում քայլեր կատարի: Տեղի ունեցածը պետք է իրավական գնահատական ստանա»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ձեռնպահ մնաց ուրիշի փոխարեն քվեարկած իր գործընկերների գործողություններին իրավական գնահատական տալուց: «Ես կթողնեմ, որ իրավական գնահատականը իրավաբանները տան, բայց հիմա Հայաստանում փաստացի փորձ է արվում շրջանառության մեջ դնել մի օրենք, խոսքը մասնավորապես վիճահարույց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի մասին է, որը, ըստ էության, նույնիսկ առաջին ընթերցմամբ չի ընդունվել: Իսկ դա արդեն նշանակում է, որ մենք այսօր գործ ունենք ապօրինի օրինագծի, իսկ այն այսպես ընդունվելու դեպքում՝ ապօրինի օրենքի հետ»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:
Նրա ասելով, այս զեղծարարությունը նաեւ որոշակի այլ հետեւանքներ էլ է ունեցել՝ կեղծվել է նաեւ անհատական քվեարկության արձանագրությունը:«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ նկատի ուներ այն, որ թեեւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այդ օրը ՀՀ-ում չի եղել, օրինագծին «կողմ» էր քվեարկել, բայց քանի որ այլոց փոխարեն քվեարկելու շուրջ աղմուկ էր բարձրացվել, արձանագրության մեջ նշվել էր, որ Կ. Ավագյանը «չի քվեարկել»: Սա այն դեպքում, երբ, պատգամավորի մատուցմամբ, «չի քվեարկել» նշումն արվում է այն պատգամավորի անվան դիմաց, որը նիստերից առաջ գրանցվել է, բայց քվեարկությանը չի մասնակցել:«Եթե հանենք այն պատգամավորներին, որոնց փոխարեն այլք են քվեարկել կամ, որոնք այդ օրն ընդհանրապես Հայաստանում չեն եղել, ապա ստացվում է, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ էլ չի ընդունվել»,- ասաց Ստ. Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Նրա դիտարկմամբ, այս իրավիճակում Սամվել Նիկոյանը միայն մեկ բան կարող է անել. կեղծ քվեարկությամբ ընդունված վիճահարույց այս եւ քվեարկված մյուս օրինագծերը հայտարարել որպես շրջանառությունից դուրս գտնվող նախագծեր եւ շարունակել դրանց քննարկման ընթացակարգը ճիշտ այնպես, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ-օրենքը՝ կրկին շրջանառության մեջ դնել, օրակարգում ներառել, քննարկել եւ քվեարկել: