Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքներով կանչ պատվիրած ու «շտապօգնության» բժշկին սպանած երիտասարդն իրեն մեղավոր չի ճանաչում

Փետրվար 20,2012 22:15

Սպանված բժիշկ Աշոտ Գրիգորյանին ուղեկցած բուժքույր Լամարա Հարությունյանը

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում լսվեց շտապօգնության 65–ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Ամբաստանյալի աթոռին 28-ամյա Արտակ Կարապետյանն է, որը, ինչպես պարզվեց դատաքննության ընթացքում, բանակ է զորակչվել ԼՂՀ, սակայն կարճ ժամանակ անց՝ զինվորական ծառայությունից ազատվել է հոգեկան խանգարում ունենալու ու հոգեբուժարան տեղափոխվելու պատճառով: Նրա հայրը` Արամայիս Կարապետյանը, տեղեկացրեց, որ որդին հինգամյա կրթություն ունի, գլխի հարվածից հոգեկան խանգարում է ստացել, թեև վիճակը նորմալ է եղել, աշխատել է շինարարությունում: Այս երիտասարդը, անցած տարվա հունիսին, հարբած վիճակում, գիշերվա ժամին շտապօգնություն է կանչել սրտի նեվրոզ ունեցող իր հոր համար, սակայն այնպես էր ծեծել անվանի վիրաբույժին, որ նա մահացել էր հենց հիվանդատիրոջ տանը` բազմոցին նստած:

Դատարանը մոտ 4 ժամ լսեց այս գործով բոլոր վկաներին. շտապօգնության աշխատակիցները պատմում էին, թե ինչպես երիտասարդը դաժանաբար ծեծեց ու սպանեց բժշկին, իսկ ծնողները պնդում էին, որ Աշոտ Գրիգորյանը մահացավ ինֆարկտից:

Շտապօգնության բոլոր աշխատակիցներն ամեն դրվագ ներկայացնելիս ասում էին, թե ինչպես էր Արտակը հայհոյում: Նույնիսկ շտապօգնություն զանգահարելն ու կանչ պատվիրելն է սկսվել հայհոյանքներով: Վկաներից մեկը` շտապօգնության կայանում որպես կարգավորիչ աշխատող Հերմինե Գևորգյանը պատմեց, որ երիտասարդը զանգահարել է, կանչ պատվիրելու փոխարեն՝ հայհոյել, ինքն էլ այցի մեկնող բրիգադին զգուշացրել է, որ հիվանդատերը խմած է երևում, պահվածքն ագրիսիվ էր : Հերմինե Գևորգյանը ընթացքում փորձել է կապվել բրիգադի հետ, որպեսզի ճշտի` ինչ վիճակում են, սակայն հեռախոսազանգերին չեն պատասխանել, իսկ երբ բուժքույրը` Լամարան, վերցրել է հեռախոսը` փոխանցել է, որ ինքը փակի տակ է , իսկ բժշկին ծեծում են: Ըստ վկայի, ընթացքում շտապօգնություն են զանգահարել Արտակ Կարապետյանի հարևանները` նախազգուշացնելով, որ հասեք՝ ձեր բժշկին սպանում են, Հերմինե Գևորգյանի այն խնդրանքին էլ , թե տեր եղեք, միջամտեք, մինչև ոստիկանությունը գա, հարևանները փոխանցել են՝ հո խելա՞ռ չենք, ո±վ էդքան ռիսկ ունի:

Բժիշկ Աշոտ Գրիգորյանին ուղեկցող բուժքույր Լամարա Հարությունյանն էլ բժշկի սպանության պատմությունը սկսեց նրանով, որ բրիգադին դիմավորող Արտակը բարևելու փոխարեն իրենց հայհոյել է: Ըստ նրա, Արտակի հոր մոտ էլ հիստերիա է եղել, որն առաջացել է տղայի հետ վիճաբանելու պատճառով: «Երբ օգնություն կազմակերպեցինք հիվանդի համար, նրա վիճակը արդեն լավ էր: Դուրս եկանք, բայց հարբած տղան վազեց հետևներիցս, գոռում էր ` մինչև հայրս չլավանա, չեք գնա, բժշկին էլի ծեծեց ու քաշպատառ արեց, բժշկի կոշիկը հագից թռել էր, խնդրում էր, թե գոնե թող կոշիկս գտնեմ»,- լացակումած ներկայացրեց ականատես վկան: Բուժքույրը դժգոհեց, որ կատարվածի մասին իրենք ոստիկանությանն են հայտնել, սակայն իրավապահները շատ են ուշացել ու բժիշկին Արտակի ձեռքից փրկել չի հաջողվել: Բուժքույրը նաև տեղեկացրեց, որ հիվանդատերը քաշքշել է և իրեն, և վարորդին, իր ձեռքերն է վնասել:

Ըստ Լամար Հարությունյանի, երիտասարդն այնքան դաժան է եղել, որ չի հավատացել, թե բժիշկն իրենց բազմոցին նստած մահացել է , կատարվածը որակել է «տռիպաչություն» բառով : Ամբաստանյալը նստած տեղից միջամտում էր, թե բժիշկը մահացել է այն բանից հետո, երբ բուժքույրը որոշել է նրան բուժօգնություն ցուցաբերել ու ինչ-որ դեղ է սրսկել: Լամարա Հարությունյանը զզվանքով նրան հակադարձեց. «Գոնե դու մի խոսա, հա, տղա ջան»: Շտապօգնությունից հրավիրված մեկ այլ վկա`Մարիամ Ռոստոմյանն էլ դատարանին հայտնեց, որ իր 40-ամյա պրակտիկայի մեջ նման դաժանություն չէր տեսել: Ինքը այդ նույն հասցե է մեկնել բժշկին բուժօգնություն ցուցաբերելու համար, սակայն ապշահար է եղել՝ տեսնելով բազմոցի մեջ մեռած, փոշու մեջ թաթախված, քերծված դեմքով ու պատառոտված խալաթով Աշոտ Գրիգորյանին:

Ամբաստանյալի ծնողներն էլ պնդում էին, թե բժիշկը մահացել է ինֆարկտից, ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել, Աշոտ Գրիգորյանը վատառողջ է եղել, իրենց որդին էլ զայրացել է, թե հիվանդ մարդու համար հիվանդ բժի±շկ են ուղարկում: Ծնողներն այնպիսի ցուցմունք էին տալիս, որ դատավորը խնդրեց`ինչ էլ լինի, մնալ բարոյականության սահմաններում, քանի որ մարդ է մահացել:

Ի սկզբանե ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց, այս մասին բարձրաձայն արտահայտվեց, իսկ ընթացքում էլ այնպես էր պահում իրեն` կարծես ոչինչ էլ չէր եղել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829