Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետին ուղղված նամակը` ամբողջությամբ

Փետրվար 20,2012 21:59

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր քաղաքապետարանի դիմաց կայացած ցույցի ժամանակ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անունից նամակ փոխանցվեց Երեւանի քաղաքապետին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի պարոն քաղաքապետ,

Ի պատասխան Երևանի Գլխավոր պողոտայի Կողբացի-Մաշտոց  հատվածի կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը հիմնավորող փաստաթղթերը ստանալու վերաբերյալ մեր հարցմանը` ս.թ. փետրվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զ. Առաքելյանի կողմից մեզ է հանձնվել փաստաթղթերի փաթեթ, որի ուսումնասիրության արդյունքում արձանագրում ենք հետևյալը՝

  1. ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով կարող են տրամադրվել միայն հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան: Երևանի գլխավոր հատակագծով և Կենտրոնի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի կանաչ տարածքի Մաշտոց-Կողբացի հատվածում կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ:
  2. Խնդրո առարկա տարածքում կառուցապատում իրականացնելու մտադրությունը ենթադրում էր գոտիավորման նախագծում համապատասխան փոփոխությունների կատարում, որը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության 02.05.2003թ. N625-Ն որոշմամբ սահմանված  նախագծման առաջադրանքի կազմման, uխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման նույն ընթացակարգերին համապատասխան, որոնցով հաստատվել է Կենտրոնի գոտիավորման նախագիծը, ինչը չի արվել:
  3. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածի համաձայն՝ «Համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է»: Երևանի քաղաքապետարանի կողմից տաղավարների տեղադրման թույլտվությունը տրամադրվել է վերը նշված ծրագրային փաստաթղթերի խախտումներով:
  4.  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 30.03.1999թ.  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող այն գործունեությունների սահմանային չափերի մասին» թիվ 193 որոշման համաձայն սահմանային չափը` 1500 քառ. մետրը գերազանցող մակերեսի կառուցապատումը անկախ դրա առանձնահատկություններից, պետք է անցեր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Նշված օրենքի 12-րդ հոդվածով արգելվում է առանց դրական փորձաքննական եզրակացության շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեության իրականացումը: «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման նպատակով տրամադրված հողամասի մակերեսը գերազանցում է 10,000 քառ. մետրը, սակայն համապատասխան նախագիծը նշված ՓԲԸ կողմից չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության:
  5. ՀՀ կառավարության 24.09.2001թ. «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» N896 որոշմամբ ամրագրված  ոչ հիմնական շինությունների սահմանման համաձայն՝ «Ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին»: Խնդրո առարկա տարածքում կառուցվող շինություններն իրականում կառուցվում են թաց շինարարական պրոցեսի միջոցով`  հաստ բետոնե հարթակների վրա, փաստորեն` հանդիսանալով հիմնական շինություններ:
  6. Այգում քաղաքաշինական գործունեությանն առնչվող ողջ գործընթացքում խախտվել են կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու, քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու՝ հասարակայնության իրավունքները, որոնք ամրագրված է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 28.20.1998թ. «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշմամբ:
  7. Կառուցապատման աշխատանքների իրականացման արդյունքում տեղ են գտել քաղաքաշինական գործընթացների և նորմերի այլ խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի թիվ 23.05.2003թ. «ՀՀՇՆIII-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասնի» թիվ 32-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են շինությունների հեռավորությունը ծառերից և ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ. «ՀՀՇՆI-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» 14.01.2008թ. թիվ 11-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են աշխատանքների կատարման վերաբերյալ հասարակական իրազեկումը:

Հաշվի առնելով վերոնշյալ իրավական հիմնավորումները` պնդում ենք, որ իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և շինարարությունն անօրինական  են, և պահանջում ենք Ձեր համապատասխան որոշմամբ անհապաղ դադարեցնել այգու կառուցապատման ողջ գործընթացը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված տաղավարները:

Մեզ համար անընդունելի է հանրային զբոսայգում քաղաքաշինական նման ծրագրեր իրականացնելը և հանրային շահը մասնավորին ստորադասելը: Ակնկալում ենք, որ Դուք կգտնեք առևտրային գործունեության համար առավել հարմար` ոչ հանրային տարածք:

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Մերի Խաչատրյան

Վահրամ Սողոմոնյան

Գրիգոր Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829