Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան ակտիվիստներին տուգանելու են 50-100 հազար դրամով (Տեսանյութ)

Փետրվար 20,2012 21:00

Հայտնի է, որ այսօր բնապահպանները Մաշտոցի այգում գրավել էին այն տաղավարը, որտեղ ընթանում էին շինաշխատանքներ: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը բնապահպաններին համոզում էր, որ հեռանան եւ չխոչընդոտեն ուրիշի իրավունքների իրականացմանը: Ի պատասխան՝ ակտիվիստները երգում էին ու կանչում՝ «Հաաայեեեե՜ր»:

Ակտիվիստների այն դիտարկմանն ի պատասխան, որ սա խաղաղ ակցիա է՝ ոստիկանները նշում էին, որ «խաղաղ ակցիան, եթե ինքնաբուխ է, չունի կազմակերպիչ, 6 ժամից ավելի իրավունք չունի տեւել, մանավանդ, որ դուք հիմա վնասում եք ուրիշի գույքը»:

Ակցիային մասնակցում էին «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ոստիկանության ներկայացուցիչները, մտնելով տիկին Բախշյանի թեւը, նրան տարան ակտիվիստներից հեռու՝ առանձնազրույց ունենալու:

Թե այդ զրույցի ընթացքում ինչ խոսեցին՝ տիկին Բախշյանն Aravot.am-ին պատմեց, որ ինքը չի համաձայնել ոստիկանության ոչ մի ասածի հետ. «Ինձ ասում էին՝ համոզեք, որ դուրս գան տաղավարից: Ես ասացի, որ ես չեմ կազմակերպիչը, չնայած հաճույքով կուզենայի, պատիվ կլիներ ինձ համար կազմակերպիչ լինել, ասացի, որ ճիշտն ասած ուրիշ ճանապարհ չկա այս բողոքն արտահայտելու, նորմալ երկրում լինեինք՝ այլ ատյաններ կլիներ, այս պարագայում փակուղի է: Ինձ ասում էին, որ եթե ձեր ակցիան ինքնաբուխ չէ, ապա պետք է ունենա կազմակերպիչ, որը նախօրոք պիտի հայտարարված լիներ: Այս առումով իրենք կարծեք իրավացի են: Բայց մյուս կողմից՝ այս հզոր խումբը, որ գրավել էր կիսակառույց տաղավարը, շարունակում է պնդել, որ ապօրինի կառույց է ու պիտի ապամոնտաժվի: Ես ասացի մեր պահանջը, որ առայժմ գոնե կասեցվեն շինաշխատանքները, որովհետեւ քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերը մեկը մյուսից անօրիինական տարրեր են պարունակում, մի տեղ՝ առանց ստորագրության, մի տեղ՝ սխալ հղումով եւ այլն»:

Մաշտոցի այգի էր այցելել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, որը փոխգնդապետ Կարեն Մովսիսյանից հետաքրքրվում էր, թե ի՞նչ գործողություններ են պատրաստվում իրականացնել: «Всё будет по закону, не беспакойтесь»,- պատասխանեց նա:

Իսկ մեզ հետ զրույցում փոխգնդապետը հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, եթե ակտիվիստները չլսեն իրենց հորդորներն ու չհեռանան, ասաց, որ կիրառելու են վարչական պատասխանատվություն՝ տուգանք 50-100 հազար դրամով: Մենք փորձեցինք ճշտել՝ բոլոր ակտիվիստների՞ն եք տուգանելու՝ ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ կտուգանեն առավել աչքի ընկնողներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829