Այսօր Գյումրիում սկսեցին դատել 28-ամյա Արտակ Կարապետյանին, որը մեղադրվում է անցած տարվա հունիսի 26-ին հոր համար շտապօգնություն կանչելու ու 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին իր տան մեջ ծեծելով սպանելու մեջ:
Դատական նիստը սկսվելուն պես Շիրակի մարզի դատախազ Վաղարշակ Մխիթարյանը ներկայացրեց մեղադրանքը, ըստ որի, գիշերվա կեսին շտապօգնությանը դիմավորելու գնացած երիտասարդը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, հայհոյանքներ է տեղացել բուժանձնակազմի հասցեին, և երբ բժիշկ Աշոտ Գրիգորյանը փորձել է կարգի հրավիրել նրան,Արտակ Կարապետյանը կանգնեցնել է տվել մեքենան, բժշկին բռնությամբ վայր իջեցրել, ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա գլխին, որովայնին, մարմնի տարբեր մասերին: Բժիշկը առաջին անգամ մազապուրծ փրկվել է շտապօգնության վարորդ Սարգիս Կարապետյանի շնորհիվ, որը միջամտել ու թույլ չի տվել ծեծկռտուքի շարունակմանը: Սակայն ճանապարհին հիվանդատերը նորից է կանգնեցնել տվել մեքենան ու դարձյալ ծեծել բժշկին:
Մի խոսքով, մի կերպ հասել են հիվանդի տան մոտ, այստեղ էլ երիտասարդը ձեռքերով ու ոտքերով հարվածել է բժշկի գլխին, որովայնին, սակայն բժիշկը բարձրացել է վերև, բուժօգնություն ցուցաբերել նրա հորը, և երբ ցանկացել է հեռանալ, Արտակ Կարապետյանը նորից է հարձակվել շտապօգնության ավտոմեքենայի վրա,կյանքից զրկելու դիտավորությամբ դարձյալ հարվածել բժշկի կենսական կարևոր օրգաններին: Բժիշկը, բարձրանալով հիվանդի մոտ, ստացած մարմնական վնասվածքներից նրանց տանը մահացել է:
Կարդացեք նաև
Երիտասարդի դեմ հարուցվել է քրեական գործ քր.օրենսգրքի երկու հոդվածներով`104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը դիտավորյալ կյանքից զրկելն է, նախատեսում է ընդհուպ միչև ցմահ ազատազրկում և 258 հոդվածի 3-րդ մասի 2 կետով, այն է` խուլիգանություն կատարելը:
Դատական նիստն անցավ անչափ լարված մթնոլորտում, առաջինը վկայություն տվեց բժշկի այրին` Ջուլիետա Գրիգորյանը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Տիկինը տեղեկացրեց, որ առավոտ շուտ ամուսնուն ճանապարհել է աշխատանքի, մինչև երեկո կապ է ունեցել նրա հետ, սակայն հերթապահության ավարտից հետո` հաջորդ առավոտ, Աշոտ Գրիգորյանը ուշացել է: Հարազատներով հավաքվել ու սպասել են նրան, քանի որ թոռնիկի ծնունդն է եղել, և երբ ուշացել է` մտածել են, որ ինչ-որ դեպք է պատահել, օգնություն ցույց կտա ու կգա: Սակայն բժշկի փոխարեն, դիահերձարանից նրա մահվան գույժն է եկել:
Տիկինը պնդում էր, որ իր ամուսինը ոչ հիվանդ է եղել, ոչ էլ խմիչքի նկատմամբ սեր է ունեցել: Նա դատարանին տեղեկացրեց, որ ինքը տառապում է բազմաթիվ հիվանդություններով. երիկամը հեռացված է , ոտքին ուռուցք կա, մի խոսքով` չի աշխատել, տան կերակրողը եղել է ամուսինը: Տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Սուսաննա Մխիթարյանի այն հարցին էլ, թե որտեղ է ապրում , պատասխանեց` 15 տարի է` ապրում ենք բժիշկների հանրակացարանում, անմարդկային պայմաններում:
Ամբաստանյալի փաստաբան Թամարա Յայոլյանն էլ իր հերթին հետաքրքվեց` եթե տիկինը ստանում է 12 500 դրամ թոշակ, ապա ինչով է ապրում ու ինչպես է փաստաբան վարձել: «Պարտքով եմ վարձել, էլ ուրիշ ինչո՞վ, ես պարտքերով եմ ապրում»,- ասաց նա:
Ի դեպ, բժշկի այրին դժգոհեց, որ թեև Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը խոստացել էր բնակարանի ու գերեզմանոցի հարցը լուծել, սակայն այդպես էլ ոչինչ չարեց:
Դատարանում խոսք եղավ նաև բժիշկ Աշոտ Գրիգորյանի նարկոլոգիական դիսպանսերում բուժվելու մասին: Մինչ Ջուլիետա Գրիգորյանը պնդում էր, որ իր ամուսինը որևէ հիվանդությամբ չի տառապել, ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայյլոյանը հակադարձեց, թե այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի նարկոլոգիական դիսպանսերից ստացված այն փաստաթուղթը, որ բժիշկը բուժման կուրսեր է անցել այնտեղ : «Ի՞նչ դեղեր է օգտագործել ձեր ամուսինը»,- հարցրեց Թամարա Յայլոյանը: «Հանգստացուցիչ դեղեր են, ցանկացած վիրահատող բժիշկ նման դեղեր օգտագործում է նյարդերը հանգստացնելու համար»,- ասաց տիկինը` քիչ անց դատավոր Էդուարդ Մանուկյանի համար պարզաբանելով, որ Աշոտ Գրիգորյանը 2010 թվականին ինքնակամ բուժվել է ու այլևս չի խմել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ