«Դուռ կողպե՞լ եմ», «Մի՞թե կրկին չեմ անջատել արդուկը», «Ու՞ր եմ դրել անձնագիրը». սրանք այն բազմաթիվ հարցերից են, որոնք մշտապես հղում ենք մեր հիշողությանը` պահանջելով արագ պատասախան: Գիտնականները սահմանել են, որ միջինում մարդը հիշում է լսածի 10% -ը, իսկ տեսածի` 30%-ը: Ինֆորմացիան ստանալուց 10 ժամ անց էլ մոռանում է դրա 70%-ը: Ըստ բժիշկ Վահան Աբրահամյանի` հիշողությունը կարող է խեղվել տարբեր պատճառներով: «Վատ հիշողության պատճառ կարող են լինել գլխի հետ կապված վնասվածքները, քնաբերների երկարատև ընդունումը, ծխախոտի, ալկոհոլի, թունդ թեյի չարաշահումը: Հիշողության կորստին նպաստում են նաև դեպրեսիան, քրոնիկ անքնությունը և անգամ ուղեղի գերծանրաբեռնվածությունը»,-ասում է բժիշկը, ապա խորհուրդ տալիս` օգտագործել այնպիսի սննդամթերք, որը կխթանի հիշողության զարգացումը. «Հիշողության զարգացման ամենաարդյունավետ միջոցը գլյուկոզան է: Ձուկը, գազարը, կիտրոնն ու ընկույզը կենտրոնացնում են հիշողությունը, ուղեղին էներգիա են հաղորդում և թարմացնում միտքը: Շատ օգտակար է նաև գլուխ սոխը, որն ազատում է գերծանրաբեռնվածությունից»:
Պատճառը ճիշտ սննդի օգտագործու՞մն է, թե՞ ուղեղի մարզումը, դժվար է ասել, բայց հիշողության ռեկորդ սահմանած Չիկաշվիլին հաշվել է, թե որքան բառ և տառ է արտասանել ֆուտբոլային խաղի հաղորդավարը. 17427 տառ, 1835 բառ: Շերեշևսկին էլ կարող էր 20 տարի անց, ըստ հերթականության, կրկնել 400 բառ: Լավ հիշողության գաղտնիքն այն էր, որ նրա համար բառերը ոչ միայն հնչյուններ ունեին, այլև գույն ու համ:
Հիշողության թշնամիններից է սթրեսը: «Հանգիստ ժամանակ մարդն ունակ է ընկալել և հիշել երկու անգամ ավելի ինֆորմացիա, քան լարված վիճակում գտնվողը»,- ասում է Վահան Աբրահամյանը:
Հիշողության կորուստը պայմանավորված է նաև տարիքով: «Հիշողության գործընթացին մասնակցում է ողջ ուղեղը, սակայն հիմնականում ծանրաբեռնվում է հիպպոկամպը, որը տարիքի հետ չափերով փոքրանում է, և մարդը կորցնում է տեղեկատվությունը մտաբերելու ունակությունը»,- բացատրում է բժիշկը և խորհուրդ տալիս հիշողությունը մարզելու համար հաճախ խաչբառեր լուծել:
Քրիստինե Խլղաթյան