Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր հայտարարեց, որ ինքն իր որոշումն արդեն կայացրել է եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է մեծամասնական համակարգով` թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում հենց այդ ընտրատարածքում Դավիթ Հակոբյանին սատարում էր Ազգային միաբանություն կուսակցությունը, սակայն դա էլ չօգնեց եւ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց Երեւանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ): «Մասնակցելու եմ, այո եւ այս անգամ այդ մանդատը՝ միայն իմ դիակի վրայով»,- հայտարարեց Դավիթ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ իր կրկին առաջադրվելու մտադրության մասին Aravot-ին ասել էր նաեւ Հակոբ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միջոցներով են ինքն ու իր կուսակցությունը մասնակցելու այդ ընտրություններին, մանավանդ, որ վերջերս Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններից հետո, որի ժամանակ մարքսիստը ակտիվորեն աջակցում էր ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին, հանրության շրջանում լուրեր էին տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարքսիստին «Ռենջ-ռովեր» է նվիրել: Պարոն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ոչ «Ռենջ-ռովեր» եմ ստացել, ոչ՝ քոռ գռոշ: Այլ միայն հավաքեցի հասարակության կողմից իմ բարոյական աջակցության դափնեպսակները: 2011 թվականի ընթացքում ֆինանսական եկամուտներ եւ ֆինանսական գործառույթներ չեմ իրականացրել: Իսկ ինչ մնում է՝ ի՞նչ կապիտալով կմտնեմ ընտրարշավ, ապա՝ եթե շանը տեր կա, գելին էլ՝ Աստված կա»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ է մարքսիստի Աստվածը: «Երեք միլիոն հայությունը, որի համար մաքառում եմ ես, որոնք աշխատում են ինձ համար»:
Նելլի Գրիգորյան
Կարդացեք նաև