Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպը` լավ քնի և «բարի» երազների նախապայման

Փետրվար 20,2012 17:31

«Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ: Նույնիսկ խոր քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ երեխայի ցածրաձայն լացի և այլ ձայների ազդեցությունից: Ավելի մեծ թվով գրգռիչներ (լսողական, հպման, ջերմային և այլն) չեն արթնացնում քնածին, բայց ձևափոխվում և մտնում են նրա երազների մեջ. ծնում են նոր երազային պատկերներ և իրադարձություններ», – ասում է հոգեբան Հասմիկ Սարգսյանը:

   Մարդն իր կյանքի մոտ 1/3-ն անց է կացնում քնած վիճակում, մնացած 2/3-ում նա գտնվում է արթուն գիտակցական այս կամ այն մակարդակի վրա: Եթե մարդն ապրում է վաթսուն տարի, ապա մոտ քսան տարի նա քնած է լինում:

Ուղեղը երբեք լրիվ կերպով չի հանգստանում, այն գտնվում է մշտական ակտիվության վիճակում, և որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ է ընկալում: Հենց այդ պատճառով էլ միայն փոքրաթիվ մարդիկ են բարձր մահճակալներից ընկնում, երբ քնած են: Ընկնելու վտանգ զգալու դեպքում շատերն անմիջապես արթնանում են:

Քնի ժամանակ իջնում է մկանների լարվածությունը, թուլանում շնչառությունը և սրտի ռիթմը, 1-2 աստիճանով նվազում է մարմնի ջերմաստիճանը:

Քնին զուգահեռ հաջորդում են երազները: Երազներ տեսնում են բոլորը, սակայն արթնանալուց հետո շատերը չեն հիշում դրանք կամ էլ հիշում` այն ժամանակ, երբ առօրիայում պատահմամբ հանդիպում են երազում տեսած առարկային, անձնավորությանը կամ էլ իրողությանը: Ըստ ՀՍ հանրագիտարանի` երազները սուբյեկտիվորեն վերապրվող հոգեկան երևույթներ են, որոնք պարբերաբար առաջանում են բնական քնի ժամանակ ուղեղի ոչ սովորական գործունեության հետևանքով: Երազների բովանդակությունը մեծ մասամբ պայմանավորված է մարդու հիշողությունների, նախկինում ստացած տպավորությունների, առօրյա մտքերի և ապրումների ոչ ռեալ տարօրինակ համակցություններով:

Հոգեբան Հասմիկ Սարգսյանը առանձնացնում է մարդու քնի երկու փուլ. «արագ»  և  «դանդաղ», որոնք գիշերվա ընթացքում կրկնվում են 4-5 անգամ: «Մարդիկ երազներ տեսնում են «արագ»  քնի ժամանակ, երբ մարդու էլեկտրաուղեղագրի վրա գոյանում են ակտիվ ալիքներ, որոնք բնորոշում են արթուն վիճակին և ուղեկցվում են աչքի խնձորակների աջ ու ձախ կատարվող արագ շարժումներով», – ասում է հոգեբանը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու լավ քնի և  «բարի»  երազների միակ ու առաջնային նախապայմաններն են ոչ նյարդային ապրումներն ու առողջ ապրելակերպը, իսկ դրանք հիշելու համար խորհուրդ է տրվում արթանալուց անմիջապես հետո (աչերը բացելուն պես) վերհիշել երազը և այլևս չի մոռացվի այն:

 

Ալվարդ Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829