Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պա-հան-ջը հայտ-նի է, ա-ռանց բու-տիկ այ-գի է…» (տեսանյութ)

Փետրվար 20,2012 15:43

«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունն այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ցույց էր կազմակերպել՝ պահանջելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը փոխի իր որոշումը եւ ապամոնտաժել տա Մաշտոցի այգում տեղադրված առևտրի տաղավարները:

Ժամը 1–ին ցուցարարները՝ բնապահպաններ, երիտասարդներ, ուղղակի երեւանցիներ, հավաքվեցին Երեւանի քաղաքապետարանի դիմաց եւ սկսեցին կանչել քաղաքապետին՝ վանկարկելով՝ «Տարոն, իջիր, Տարոն, իջիր…»: Վանկարկում էին նաեւ «Կա-նաչ, մա-քուր Ե-րե-ւան» եւ այլն:

Քաղաքապետի փոխարեն ցուցարարների հետ հանդիպման եկավ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը: Պարոն Մակարյանը մի քանի անգամ շեշտեց, որ չի կարելի «Տարոն, իջիր» կանչել, քանի որ դրանով վիրավորում են քաղաքապետին: Չնայած ցուցարարները ոչ մի վիրավորական բան չէին տեսնում «Տարոն» գեղեցիկ անվան մեջ, այնուամենայնիվ, որոշեցին կանչել «Պարոն, իջիր», սակայն դա էլ այն չէր, ի վերջո սկսեցին վանկարկել «Քաղաքապետ, իջիր, քաղաքապետ իջիր…»: Ինչեւէ, չիջավ:

Բնապահպան ակտիվիստները՝ Եղիա Նազարյանը, Վահրամ Սողոմոնյանը, Ապրես Զոհրաբյանը եւ այլք, թեեւ սկզբում պնդում էին, որ միայն առձեռն քաղաքապետին են հանձնելու նամակը, որում նշված են բազմաթիվ խայտառակ ապօրինությունները, որով ընթանում է Մաշտոցի այգում կատարվող շինարարությունը, եւ կան հազարավոր ստորագրություններ՝ երեւանցիներից, սակայն ի վերջո, այդ նամակը հանձնեցին պարոն Մակարյանին, որը խոստացավ այն փոխանցել քաղաքապետին: Բնապահպանները պահանջում էին նաեւ այս պահից առժամանակ կասեցնել այգում ընթացող շինարարությունը, մինչեւ քաղաքապետարանում կքննվի նամակը, կուսումնասիրվեն բոլոր ապօրինությունները, որոնց մասին խոսվում է: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ քաղաքապետը մտադիր չէ կասեցնել շինարարությունը:

Դրանից հետո  ցուցարարները շարժվեցին դեպի այգի, որպեսզի այն, ինչ չի անում քաղաքապետը, անեն իրենք՝ թույլ չտան «բետոնապատել, անապատացնել Երեւանի վերջին հանրային այգին»:

Մեր տեղեկություններով՝ ներկայումս ցուցարարները «գրավել են» շինհրապարակը եւ թույլ չեն տալիս, որ այնտեղ որեւէ շինարարական աշխատանք կատարվի:

 

Այս բանաստեղծությունը «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությանն է.

Մենք ենք մեր այգու տերը
Այգին այսուհետ Մաշտոցի այգի է
… Այգին այսուհետ բոլորինն է…
Ագին ձեր ապրանքի շուկան չէ, այգին մեր տարածքն է
Այգին մեր հարթակն է
Մեր երգն ասելու, պարելու, լսելու,
խոսելու, լռելու
ու առհասարակ ազատ քայլելու
մեր ճանապարհն է…
Այգին առևտրի տեղ չէ,
Մի կառուցեք մեր այգում ձեր կրպակը
Մի թելադրեք մեզ ձեր ճաշակը
Մի վաճառեք մեզ ձեր ապրանքը
Եվ մի տվեք մեզ ձեր բարիքը
Մեր փոխարժեքը գաղափարն է և մենք այն կիսում ենք
Մեր ստեղծածը երգն է և մենք նվիրում ենք
Մեր իրավունքը պահանջն է և մենք թելադրում ենք
Մեր այգին մեր ունեցվածքն է և մենք այն պահում ենք
Մենք ենք մեր քաղաքի տերը
Մենք ենք մեր այգու տերը
Այգին այսուհետ Մաշտոցի այգի է
Այգին այսուհետ բոլորինն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829