Առաջիկայում սպասվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, եւ հավանաբար այդ էր պատճառը, որ այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Քաղաքագետների միությունում ընտրությունների թեմայով հերթական քննարկմանը եկել էր կինոարվեստի ազդեցությամբ ու տրամադրությամբ:
Նա նշեց, որ եթե փորձի հասարակությանը բացատրել, թե ինչ են հայաստանյան ընտրությունները, պիտի օգտագործի ժամանակակից կինոյի լեզուն. «Մեջբերեմ հայտնի «Գլադիատոր» ֆիլմը, որտեղ կայսր Կոմմոդուսը ժողովրդականություն ձեռք բերած Մաքսիմուսին, որն ավելի հզոր էր բնականաբար մարտում, հրավիրում է մարտի: Բայց մինչեւ մարտը սկսելը ամեն ինչ անում է, որ ապահովի իր համար հաղթանակը: Մահացու վնաս է հասցնում իր հակառակորդին, բայց դրա մասին բնականաբար, ոչ մի հանդիսատես չգիտի: Ճակատամարտը տեղի է ունենում այն պայմաններում, որտեղ մեկը արդեն գտնվում էր շատ թուլացած վիճակում: Հայաստանի ընտրությունները նման են հենց այդպիսի ճակատամարտի: Իշխանությունները մարտից առաջ ամեն ինչ անում են, որ իրենց հակառակորդը հավասար պայմաններում չգտնվի: Ավելին, ըստ երեւույթին դատապարտված լինի պարտության»:
Պարոն Զուրաբյանն, անդրադառնալով Հրազդանի ընտրություններին, դրանք համեմատեց «Թռիչք` կկվի բնի վրայով» հայտնի ֆիլմի հետ. «Այնտեղ մի էպիզոդ կար, երբ այդ հոգեբուժարանում ցանկանում են բեյսբոլ նայել, բուժքույրն արգելում է, հետո ասում են` ուզո՞ւմ եք քվեարկություն անել, բոլորն ուրախանում են: 9 հոգին քվեարկում է, այդ ժամանակ բուժքույրն ասում է` սպասեք, սա իսկական դեմոկրատիա չէ, բա այն մարդիկ` անգիտակից հիվանդները, որոնց այդ ֆիլմում բույս են անվանում: Պարզվում է` նրանք էլ պիտի քվեարկեն: Ես ձեզ ասեմ, այդ օրը ով ընտրատեղամասում է եղել, տեսել է այդ բույսերի քվեարկությունը, երբ անգիտակից վիճակում մարդկանց բերել են քվեարկելու: Սա բույսերի քվեարկություն է, հասարակությանը չվերագրեք»:
Aravot.am-ը պարոն Զուրաբյանին կինոաշխարհից մի հարց տվեց` Մարտի 1-ին ՀԱԿ-ի սպասվող հանրահավաքը ո՞ր ֆիլմն է ձեզ հիշեցնելու: Պարոն Զուրաբյանը շատ արագ կողմնորոշվեց ու պատասխանեց. «Բնականաբար, «Սպարտակ»:
Կարդացեք նաև
Իր ելույթում ՀԱԿ ներկայացուցիչը խնդրեց լրագրողներին իշխանության ներկայացուցիչներից ճշտել, թե ինչով է պայմանավորված Հրազդանում ընտրողների բումը. «Մարդիկ շա՞տ են սկսել ամուսնանալ հրազդանցիների հետ, որովհետեւ նրանք շատ հմայի՞չ են, այսինքն ներս գալիս են, բայց դուրս աղջիկ չե՞ն տալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ