Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազել է լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը

Փետրվար 20,2012 15:16

Այսօր «Ուրբաթ» ակումբում կայացավ «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումերը եւ դատական գործերը 2010-2011 թթ., դեպքեր եւ վերլուծություններ» երկլեզու` հայերեն եւ անգլերեն, գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ եւ ներկայացնում է Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության իրավիճակը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյը, գրքում տեղ գտածը խոսուն եւ հիմնավոր աշխատանք է՝ Հայաստանում լրագրողների վիճակը ներկայացնելու համար. «Հատկապես հետաքննական լրագրությունն է Հայաստանում անհրաժեշտ, քանի որ ժողովրդավարության հաստատման համար այն ապահովում է թափանցիկություն»:

Գիրքը բաղկացած է երկու բաժնից` «Լրագրողները եւ ԶԼՄ-ները դատարանում» եւ «Բռնություններ», որոնք համապատասխանաբար ներկայացնում են ԶԼՄ-ներին առնչվող դատական գործընթացները եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններն եւ շահագործումները: «Երեք տասնյակից ավելի դատական գործերի հիմնական նպատակն է եղել լրագրողների խոսքի ազատության սահմանափակումը, քանի որ հայտերը ներկայացնողները հնարավորություն են ունեցել դրամական փոխհատուցում ստանալ, ինչը շատ անգամ առավելագույն չափով բավարարվել է»,- ասաց ձեռնարկի խմբագիր եւ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի անդամ Լիաննա Սայադյանը եւ հավելեց, թե դրա հիմնական եզրահանգումն այն է, որ դատարանները մամուլի նկատմամբ որդեգրել են մտրակի քաղաքականություն:

Ինչ վերաբերում է բռնություններին, ապա խմբագիրը նշեց, որ 2010 եւ 2011 թթ. ընթացքում գրանցվել է բռնությունների, համապատասխանաբար՝ 9 եւ 5 դեպք. «Դրանք աճում են հատկապես նախընտրական շրջանում: Լրագրողների նկատմամբ գրեթե բոլոր լուրջ հանցագործություններն իրավապահ մարմինների կողմից չեն բացահայտվել»:

«Բռնություններ» բաժնում զետեղված են «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի նախագահ, իրավաբան Լուսինե Հակոբյանի վերլուծությունները: Վերջինս նշեց, որ լրագրողների նկատմամբ բռնությունների քանակը նվազել է, մինչդեռ դատական համակարգում առկա են որոշակի բացթողումներ. «Դատարանները ԶԼՄ-ների հրապարակումները գնահատում են այնքանով, թե որքանով են դրանց փաստերը համընկնում իրականությանը, բայց պետք է նայել հրապարակմանը ողջամտության տեսանկյունից: Բացի այդ, գնահատվում է միայն առաջին հրապարակումը, մինչդեռ պետք է հետեւել նաեւ հետագա ընթացքին»:

Իրավաբանը փաստեց, որ տարեվերջին արձանագրվել է դրական զարգացում` ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշումով ամրագրվեց, որ դատարանները պետք է կիրառեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած սկզբունքները, այդ թվում` հասարակական եւ քաղաքական գործիչների քննադատության առավել լայն սահմանների մասին սկզբունքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829