ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադարձավ պատգամավորների՝ միմյանց փոխարեն քվեարկելու երեւույթին: Նա մի կողմից բացասական որակեց այդ քայլը, մյուս կողմից էլ նշեց. «Լինում է, որ հինգ րոպեով խիստ կարեւոր գործով դուրս ես գալիս, ընկերոջդ ասում ես, իմ տեղը կքվեարկես: Իհարկե, անկախ ամեն ինչից, ուրիշի փոխարեն քվեարկություն չի կարելի, քվեարկել պետք է սեփական համոզմունքով եւ սեփական խղճով: Հինգը տարի իրար հետ նստած ես, բայց որ մեկ-մեկ լինում է՝ երկու րոպեով բնական պահանջներով դուրս ես գալիս, ի՞նչ անել»:
Այս պարագայում էլ Վ. Այվազյանը մեղքը բարդեց լրատվամիջոցների վրա եւ նկատեց. «Շատից շատ, քչից քիչ: Մենք շատ ենք, մեր արածները շատ են երեւում: Այ, որ ձեր կամերաները մեկ-մեկ մյուսների վրա էլ թեքեք, նրանց էլ կտեսնեք: Թե չէ՝ սաղ օրը մեր վրա եք դնում»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ