«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անպայման պետք է լսի Մաշտոցի պուրակում նստացույցի դուրս եկած բնապահպաններին: Նա այսօր «Սլաք» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղադրումը Մաշտոցի հարակից այգում, հակասում է քաղաքաշինական նորմերին. «Շինարարությունը, կառուցապատումը 5 մետր հեռավորության վրա պետք է գտնվի, բայց ծառերը տաղավարներից մեկ մետր հեռավորության վրա են գտնվում: Բացի այդ, այդ այգում իրենց հանգիստն են անցկացնում, ստացվում է, որ քաղաքի այդ հատվածում էլ զբոսնելու տեղ չի մնալու»:
ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը հակառակն էր պնդում. «Քաղաքապետն առաջին անգամ նախադեպ է դնում, որ տարածքը ոչ թե վաճառում է , այլ վարձակալության է տալիս: Իմ կարծիքով, բնապահպանները պատվեր են կատարում, ու այնպիսի տպավորություն է, որ իրենց ստացած գրանտների դիմաց ուզում են արդարացնել իրենց գործողությունները: Քաղաքապետն էլ է ասել, որ այնտեղ ծառեր չեն հատվելու, հետեւաբար այս ամենը շոուի է վերածվում: Երեկ տեսա այնտեղ դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ էլ կային: Ու խնդիրն այն է, որ մենք տանը մեր հեռուստաալիքները փոխում ենք, որ այդ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների կատակները մեր երեխաները չտեսնեն, բայց այսօր նրանք եկել ու ուսուցողական տոնով բաներ են խոսում՝ մեր երկիրը , մեր քաղաքը: Իրենց տված վնասն ավելի մեծ է մեր երկրին, քան՝ նույնիսկ այգում այդ երկու ծառերը կտրեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ