Գլուխ I. Ասք ծննդոց
Լենին գիտաց կոմունիզմ` ծնավ Սովետ, Սովետ գիտաց Ժողովուրդ` ծնավ Շվոնդեր, Շվոնդեր գիտաց Դվորնիկ` ծնավ ԺԷԿ, ԺԷԿ-ըն գիտաց Անգիտաց` ծնավ Համատիրություն…
Գույժ 1 (բանավոր)
Հեռավոր 1998թ., փետրվար, Երևան, Հ/Ա Բ2 թաղամաս: Նախկին ԺԷԿ-ի, իսկ այսօր արդեն «Արսեն» համատիրության աշխատակցուհին ջանադրաբար իրազեկում է նույն թաղամասի 85 շենքի սեփականատերերին.
– Հարգելի բնակիչներ, Կառավարության որոշմամբ և մի շարք գրանտառու կազմակերպությունների ակտիվ աջակցությամբ, ձեզ ԺԷԿ-ի ցուցակից տեղափոխել ենք համատիրության ցուցակ:
Զարմացած սեփականատեր.
-Այդ ի՞նչ եք ասում, մենք անշարժ գույք կամ գրասենյակային պիտույք ե՞նք, որ մեզ մի ցուցակից տեղափոխեք մեկ այլ ցուցակ:
Աշխատակցուհի. – Ես չգիտեմ, ինձ այդպես են ասել…
Գույժ 2 (գրավոր)
2003թ , փետրվար. Համատիրության հրովարտակը Շենքի անհնազանդ բնակիչներին,
-Քաղաքացի բնակիչ, եթե մինչև ս.թ. Տրնդեզ չգաք և մեր չվառած խարույկների վրայով ցատկոտեք այնքան անգամ, որքան մենք ենք նշել սույն հրովարտակին կից հավելվածում` ապա կդիմենք այլ օրգաններին (իսկ դուք շատ լավ գիտեք, որ այլ օրգաններում փլավ չեն բաժանում):
Վերապահում. Եթե ինքնակամ գաք և ցատկեք առանձնահատուկ ջանասիրությամբ և թեթևակի աղերսախառը ժպիտով, ապա կարող եք ցատկել նաև մեր ներկայացրած թվի կեսի չափով, իսկ եթե ձեր ցատկերը կատարեք նաև մեր կողմից մատուցվող ավանդական դուդուկի նվագակցության ներքո, ապա անհրաժեշտ ցատկումների թիվը կնվազեցվի ընդհուպ մինչև նախնական թվի մեկ երրորդը: Եվ սա դեռ ամենը չէ. Քաղաքացիական և քաղաքական բացառիկ` թեկուզ և մեկանգամյա ինքնադրսևորման դեպքում, դուք իսպառ կազատվեք ծիսակարգային ցատկումների պարտականությունից, իսկ հետագայում, ձեզ անհրաժեշտ տեղեկանքները կտրվեն գրեթե անվճար, քանի որ, գործում է զեղչերի ճկուն համակարգ` ըստ անհատական մոտեցումների, ինչպես նաև համատիրական արժեքների նկատմաբ դրսևորած ձեր հավատարմության:
Մեր նշանաբանն է. Չկա գույժ` առանց տույժ, չկա տուժում` առանց բուժում:
Գույժ 3
Գույժ 2-ի կրկնությունը` ներառյալ հրովարտակը, գույժը, տույժը, նաև բույժը, պարզապես` հինգ տարի անց:
Գլուխ II. Վերջին լուրեր
- 2010թ. մայիսի 17: Շենքի 54 սեփականատերերից 49-ի ստորագրությամբ նամակ է հղվել ՀՀ արդարադատության նախարարին խնդիրքով` հստակեցնել Շենքի սեփականատերերի և Համատիրության միջև եղած իրավահարաբերությունները` վկայակոչելով վերջինիս կողմից ՀՀ համատիրությունների մասին օրենքի 22 հոդվածի կոպիտ խախտումները սկսած հիմնադրումից մինչև ամենամյա բյուջեի հաստատում և հաշվետվություն:
- 2011թ. սեպտեմբերի 12: Տեղի է ունեցել Համատիրության նկատմամբ բարդույթազերծ Շենքի սեփականատերերի անդրանիկ ժողովը, որը կայացրել է որոշում` վերջնականորեն և անվերադարձ կերպով կիրառել ՀՀ բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքի 11 հոդվածը և Շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը իրականացնել շինությունների սեփականատերերի կողմից ստեղծված լիազորագրային կառավարչի միջոցով: Ընտրված Կառավարչի հետ Պայմանագիր և Լիազորագիր են ստորագրել Շենքի 50 սեփականատերեր (ավելի, քան 92 տոկոս, օրենքով անհրաժեշտ 50-ից ավելի տոկոսի դեպքում):
- 14.09.2012: Ընտրված կառավարիչը, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է վարչական շրջան և սպասում է պատասխանի:
- Տեսնելով, որ պատշաճ ժամկետում գործին ընթացք չի տրվում, այն է` ներկայացրած փաստաթղթերի հիման վրա չի կատարվում գրառում գրանցամատյանում, ինչպես նաև չի տրվում միջնորդագիր օրենքով նախատեսված կնիք պատվիրելու համար, (որն անհրաժեշտ էր կառավարման մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու համար), կառավարիչը սկսում է բազմափուլ բանակցություններ վարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի, նրա տեղակալի, կոմունալ բաժնի պետի և ինժեների հետ, ընդ որում` նրանցից յուրաքանչյուրի հետ մի քանի անգամ, իսկ այդ բանակցությունների միջակայքում տեղակալն անձամբ է այցելում Շենք և ծանոթանում սեփականատերերի, նրանց միակամ կարծիքների հետ և ստանում իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Հանդիպումներն անցնում են ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում, և որպես տրամաբանական արդյունք` ավարտվում… ձայն բարբառո անապատի, կամ ավելի ճիշտ` գիր բարբառո թաղապետի: Չի կարելի ասել, թե կորուստը շատ ծանր էր. ընդամենը խախտվել էր Սահմանադրության 27.1 հոդվածը մոտ 200 ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
- Վարչական շրջանի պատասխանատուներն իրենց անվճռականությունը, ավելի ճիշտ կլինի ասել բոյկոտը ի վերջո վերագրեցին Քաղաքապետի` 2011թ. նոյեմբերի 21-ին տված «Համատիրությունների խոշորացումը որպես ուղիղ ճանապարհ» դիրեկտիվին, հավանաբար ենթադրելով, որ վերադասի նախասիրություններն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը:
Գլուխ III. Ամենավերջին լուրեր
1.09.01.2012թ. Տեսնելով, որ վարչական շրջանն իր անորոշ պահվածքով փաստորեն վետո է դնում սեփականատերերի օրենքով ամրագրված կամարտահայտության վրա, կառավարիչը որոշում է անցնել հաջորդ դասին` դիմելով վերադասին: Քաղաքապետին ուղղված նրա նամակը տեղադրված է այստեղ. https://docs.google.com/document/d/1K7Kj7Uff5T0QdVO2O7JJhpL0Y6F54ZFX4al2kN7YOrk/edit)
2.17.01.2012թ. Տեղի է ունենում բանակցությունների երկրորդ ռաունդը, կառավարչի և քաղաքապետարանի մի խումբ պատասխանատուների միջև` համատիրության նախագահի ներկայությամբ, որը, ինչպես պարզվեց` համատեղության կարգով նաև կառավարիչ էր, ինժեներ, ինչպես նաև բանվոր և այլն:
Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե բանակցություններն ինչի շուրջ էին ընթանում, ստորև ներկայացվում է կառավարչի միամիտ հարցադրումն ու քաղաքապետարանի պատասխանատուների բազմանշանակ` հիմնականում իրարամերժ հակափաստարկները.
Միամիտ հարցադրում. Ինչու՞ չեք տալիս կնիք ստանալու համար անհրաժեշտ միջնորդագիրը և ինչու՞ ներկայացրածս փաստաթղթերը չեք գրանցում վարչական շրջանի մատյանում ըստ օրենքի պահանջի:
Բազմանշանակ` հիմնականում իրարամերժ հակափաստարկներ.
ա/ Ձեր ինչի՞ն է պետք այդ ինքնուրույն կառավարումը:
բ/ Կառավարությունը որոշել է լիազոր կառավարչի միջոցով կառավարմանն անցնել չորս տարի հետո, այնպես որ մի քիչ շուտ եք եկել:
գ/ Մենք ունենք լուրջ դժվարություններ առանձին շենքերին միջոցներ հատկացնելու գործում, քանի որ շենքերի կառավարիչների գրագիտության մակարդակը թույլ չի տալիս նրանց համապատասխան փաստաթղթեր կազմել:
դ/ Մենք մտադրություն ունենք դիմել կառավարությանը, որպեսզի նա հանդես գա բազմաբնակարան շենքերի մասին օրենքը փոխելու նախաձեռնությամբ` ընդհանրապես հանելու լիազորագրային կառավարման ձևը օրենքից:
ե/ Մեր փորձը ցույց է տվել, որ առանձին շենքերի կառավարումն անարդյունավետ է: (կառավարիչը այս գնահատականից պարտավոր էր եզրակացնել, որ համատիրություններն աշխատում են գերարդյունավետ):
զ/ Ցանկալի է, որ դուրս չգաք համատիրությունից, այլ գնաք և վերահսկեք նրա գործունեությունը օրենքով սահմանված սեփականատիրոջ լիազորությունների շրջանակում: Ծնթ. Տվյալ համատիրությունն իր կազմ` ավելի ճիշտ ցուցակ է ընդգրկել թվով 31 բազմաբնակարան շենք:
Ըստ էության, պաշտոնյաների մի մեծ խումբ, որոնք կոչված են ապահովել օրինականությունն իրենց վստահված ոլորտում, որոշում են, թու՞յլ տալ որ օրենքը գործի, թե` ոչ: Թե ինչ շահագրգռության կա այստեղ, բոլորովին այլ թեմա է, սակայն փաստն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինը վերից վար խոչընդոտում է օրենքի կյանքի կոչմանը` բերելով զանազան, ոչ արժանահավատ ու հիմնազուրկ փաստարկներ: Առաջարկվում է համատեղ ընթերցել քաղաքապետարանի պաշտոնյայի պատասխան նամակից մի դրվագ.
«Ինչպես վարչական շրջանում, այնպես էլ քաղաքապետարանում Ձեզ իրազեկել են այն գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ են շենքի կառավարման մարմնի փոփոխություն իրականացնելու համար:
Միևնույն ժամանակ կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ չի տրվում առանձին շենքով կառավարման մարմնի ստեղծման համար»:
Ճիշտ է, այստեղ չկա հղում որևէ օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի վրա, և չի ասվում, թե այդ ինչ են իրազեկել կառավարչին, որ նա այդպես էլ չի հասկացել, սակայն զգացվում է պաշտոնական անձի մտահոգությունը` Համատիրության արդյունավետության 2-3 տոկոսանոց ցուցանիշը ոչ մի դեպքում էլ ավելի չիջեցնել, այլ սպասել և հուսալ, որ այն ինքն իրեն կբարձրանա, շուտով, երևի…
Գլուխ IV. Յո՞ երթամ…
Ծավալի սղության պատճառով սույն գլխի շարադրումը թողնվում է պաշտոնատար և հետաքրքրված անձանց սրտի, հոգու և մտքի զորությանը:
Մարգար ՄԱԽՍՈՒԴՅԱՆ