Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց քաղաքապետին

Փետրվար 20,2012 13:17

 

Սկսեմ նրանից, որ սիրտս կտոր-կտոր է լինում այն բանից, որ գտնելով Հանրապետությունից դուրս չեմ կարող ֆիզիկապես կանգնել Մաշտոցի զբոսայգին փրկել փորձող մեր բնապահպանների կողքին: Բայց ուշադիր հետևում եմ իրադարձություններին, կապի մեջ եմ ընկերներիս հետ և փորձում եմ իմ լուման ունենալ այդ գործում:

Սիրտս կտոր-կտոր է լինում նաև նրանից, որ այս պահին համեմատելու հնարավորություն ունեմ ու տեսնում եմ, թե Փարիզի, Վերսալի այգիներն ինչպիսի տեսք ունեն, որտեղ որևէ օբյեկտի նշույլ անգամ չես տեսնի, իսկ մեր այգիներից՝ այգու նշույլ չի մնացել:

Սիրտս կտոր-կտոր է լինում այն բանից, որ հերթական անգամ քաղաքային իշխանությունները մեզ խաբել են. չէ որ հրապարակավ խոստացել էին, որ այլևս ոչ մի հողահատկացում կանաչ գոտիների հաշվին: Բայց դե հասկանում եմ, որ ձմեռ է, ձյուն է եկել և կանաչը սպիտակել է:

Հեռվից հետևելով Մաշտոցի այգու շուրջ ծավալվող իրադարձություններին, տեսնում եմ հետևյալը. բնապահպաններն ասում են մի վերացրեք այգին, շինարարությունն ապօրինի է: Քաղաքապետն ասում է. շինարարությունն օրինական է:

Ասեմ, որ քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ կան (չի կարող չլինել) դեռևս իմ ձեռքի տակ չգտնվող այն փաստաթղթերում, որոնցով Մաշտոցի այգում նման օբյեկտներ կառուցելու թույլտվություն է տրվել, անկախ նրանից, նման թույլտվություն տալուց առաջ կամ հետո Երևանի գլխավոր հատակագծում Մաշտոցի այգին, որպես կանաչ գոտի, ջնջել են, թե ոչ:

Բայց այսօր մեկ հարց ուղղեմ Երևանի քաղաքապետին, որը պնդում է, որ շինարարության թույլտվությունն օրինական է:

Նախ հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, 32.2 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը, իսկ 3-րդ հոդվածի համաձայն՝ վերը նշված իրավունքները բարձրագույն արժեքներ են, պետությունն էլ սահմանափակված է  այդ իրավունքներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Քաղաքաշինության բնագավառում անձանց վերը նշված իրավունքների ապահովման համար սահմանվել և գործում են քաղաքաշինական նորմեր, որոնցից է «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆիՊ 2.07.01-89-ը, որը ներառված է ՀՀ քաղաքաշինության նախարարի  01.10.2001թ. թիվ 82 հրամանով սահմանված՝ ՀՀ տարածքում գործող հանրապետական, ինչպես նաև միջպետական շինարարական նորմերի ցանկում և որի 4.12 կետի ու 4-րդ աղյուսակի  համաձայն՝ շինության և շենքերի արտաքին պատի հեռավորությունը ծառի բնից պետք է կազմի 5 մետր:

Քաղաքապետին ուղղված հարցս հետևյալն է. շինարարության թույլտվությամբ և դրա հիմքում դրված փաստաթղթերով պահպանվել է արդյոք վերը նշված քաղաքաշինական այն նորմատիվ պահանջը, ըստ որի շինության և շենքերի արտաքին պատի հեռավորույթունը ծառի բնից պետք է կազմի 5 մետր:

 

Հ.Գ.

Լուսանկարներից պարզ կդառնա, թե ինչու է սիրտս կտոր-կտոր լինում:

 

Կարեն Մեժլումյան

Փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829