Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մտավ խորհրդակցական սենյակ: Պատճառը Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանի՝ Մկրտիչ Վասակյանի միջնորդությունն էր խափանման միջոց կալանքը փոխելու մասին:
Պաշտպանն ասաց, որ Մ.Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նա 6 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ պաշտպանական կողմը մեկ անգամ եւս արդեն արել էր նման միջնորդություն, ինչը մերժվել էր Օհանյանի կողմից խոչընդոտելու հանգամանքը հաշվի առնելով:
Պաշտպանական կողմը գտնում է, որ արդեն հարցաքննվել են 20վկաներ, ամբաստանյալներ՝ Ճանապարհային ոստիկանության սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանը եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանը: Մ.Օհանյանի պաշտպանը գտնում է, որ Մ. Օհանյանը իր վարքագծով չի ստեղծել կասկածներ, որ կարող էր իր դիրքով եւ հեղինակությամբ կատարել անօրինական քայլեր: Նա ասաց, որ պետք է գոյություն ունենան փաստական հիմքեր, նաեւ հավելեց, որ մյուս ամբաստյալները, որոնք ցուցմունք են տվել, գտնվում են ազատության մեջ: Ըստ պաշտպանի. «Չի ստեղծված բարենպաստ վիճակ, այլ անհավասար վիճակ է ստեղծված»:
Պաշտպանը միջնորդեց կալանքը վերացնել կամ գրավ կիրառել 3 մլն դրամի չափով:
Կարդացեք նաև
Այս միջնորդության դեմ առարկեց մեղադրող՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Նա ասաց, որ որեւէ ընթացակարգ չկա, հարցաքննության ժամանակ փոխելու խափանման միջոցը: Նա նաեւ հավելեց, որ ազատության մեջ մնալով «հնարավոր չէ կանխել ամբաստանյալի դիմակայությունը»:
Դատավորը խորհրդակցական սենայակից դուրս կգա 14.00-ին: Այս պահին դատարանը չեն լքել դատավարությանը հետեւողները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի