Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի հաշվետու ժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հավաքում բազմաթիվ հարցեր են քննարկվել: Մեր աղբյուրը հայտնեց, որ օրակարգի հարցերից զատ փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը վետերաններին հորդորել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել ՀՀԿ-ի օգտին` այդ գործում ներգրավելով նաեւ իրենց հարազատներին:
Սակայն վետերան ոստիկանները դժգոհություն ունեն Հայաստանի հանրապետական ղեկավարներից: Նախկինում, երբ մահանում էր թոշակառու ոստիկանը, պետական բյուջեից վերջինիս ընտանիքին վետերանի մեկ տարվա կենսաթոշակի չափով դրամական աջակցություն էր տրվում: Այդ աջակցությունը վերացվել է:
Ոստիկանության վետերանների հաշվետու ժողովի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ փոխոստիկանապետի հորդորի մասին, բնականաբար, խոսք չկա:
Կարդացեք նաև
Փոխարենը նշված է. «Անդրադառնալով վետերանների սոցիալ–կենցաղային խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերին հրահանգվել է մշտական կապի մեջ լինել վետերանների հետ, մշտապես իրազեկ լինել նրանց կարիքներին և միջոցներ ձեռնարկել բոլոր հրատապ հարցերը լուծելու ուղղությամբ:
Ոստիկանության պետը տեղում հանձնարարական տվեց ուսումնասիրելու Հայրենական մեծ պատերազմի վետերան ոստիկանների, Արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված զինակիցների ընտանիքների խնդիրները, և կարճ ժամկետում ծրագիր ներկայացնել` հիմնահարցերը լուծելու ուղղությամբ:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց մարտ ամսին հրավիրել վետերանների հաջորդ հավաքը, որի ընթացքում կամփոփվի կատարված աշխատանքն ու կներկայացվի առաջիկա միջոցառումների կոնկրետ ծրագիր»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ