Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ջուջեւան գյուղում վթար է տեղի ունեցել:Վթարի մասին մանրամասները հայտնում է Տավուշի մարզի մեր թղթակից Ոսկան Սարգսյանը:
Փետրվարի 19-ին, ժամը 17-ն անց 40-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղում շուռ է եկել Վրաստանից Հայաստան ձկան կեր տեղափոխող խոշոր բեռնատարը: Վթարի պատճառն ամենայն հավանականությամբ արգելակների անսարքությունն է: Բեռնատարը գյուղի մեջ, ոլորանում դուրս էր եկել ճանապարհից, կցորդը շուռ էր եկել: Վրացական համարանիշներով մեքենայի ղեկին վրացի վարորդ էր` Ավթանդիլ Խուռաշվիլին: Ջուջեւանի բնակիչները` գյուղապետ Ժորա Չիլինգարյանի գլխավորությամբ եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ բնակիչներ բեռնատարի ջախջախված խցիկից հանել էին ծանր վիճակում գտնվող վարորդին: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» անձնակազմը` բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանի գլխավորությամբ առաջին բժշկական օգնություն էր ցուցաբերում, արհեստական շնչառություն էր տալիս վիրավորին: Ժամը 18.30-ի սահմաններում վիրավոր վարորդը մահացավ : «Շտապ օգնության» մեքենան նրա մարմինը տեղափոխեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Ոսկան Սարգսյան
Լուսանկարները` հեղինակի