Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի տեսանյութի փաստով ոստիկանությունում ուսումնասիրություն է սկսվել

Փետրվար 19,2012 17:26

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` փետրվարի 19-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործի շրջանակներում սկսել են ուսումնասիրել երեկ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված տեսանյութը: Նշված տեսանյութում «Արայի» սեփականատիրոջ`Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի սկայպով խոսակցությունն է, որից պարզ է դառնում, որ Տատյանա Չադենկովան պատվիրել է իր ամուսնու սպանությունը 100 հազար ԱՄՆ դոլարի դիմաց:

Գ. Շամշյանին հայտնի է դարձել նաև, որ հարուցված քրեական գործի շրջանակում Տատյանան նախկինում ցուցմունքներ է տվել և այս պահին նա գտնվում է հանրապետությունում և մոտակա օրերին կրկին հրավիրվելու է քննչական բաժանմունք` այս անգամ ցուցմունք տալու հայտնի տեսանյութի կապակցությամբ:

Հնարավոր է նաև քննիչի որոշմամբ նշված տեսանյութի իսկությունը պարզելու նպատակով նշանակվեն փորձաքննություններ:

Ինչպես 2011 թվականի հոկտեմբերի 16-ին Կոտայքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված էր «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կար դիակ:  Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել էր «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել էր «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ: Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել էր բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ի դեպ, ըստ մամուլի, ինքնասպանության վարկածը ոստիկանությունում արդեն հաստատված էին համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829